6 մարտի 2006 - 15:10 AMT
Բաքվում հայտարարում են, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով հարաբերությունների «նոր փուլ» է մեկնարկում
«Սկսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հարաբերությունների նոր փուլ»,-հայտարարել է Բաքվում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի միլի մեջլիսի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Նրա կարծիքով, այս փուլում «հայերը ջանք չեն խնայի հասնելու համար Ադրբեջանի հեղինակության անկմանը միջազգային կազմակերպություններում: Մենք պետք է պատրաստ լինենք դրան եւ լուրջ, նպատակասլաց եւ հետեւողական աշխատանք տանենք այդ ուղղությամբ»,-ասել է նա: Ս.Սեիդովը նշել է, որ այն նախաձեռնությունները, որոնցով հանդես է եկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը, «որոշ չափով կանխեցին մեր դեմ ուղղված գործողությունները եւ կարեւոր դեր կատարեցին ճշմարիտ տեղեկատվությունը միջազգային հանրությանը հասցնելու գործում»: Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մտադրության մասին, Ս.Սեիդովն ասելմ է, թե «դա Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման շարունակությունն է»: «Հայաստանը դեռեւս 1988 թ. ապօրինի որոշում կայացրեց իր տարածքին Լեռնային Ղարաբաղը միացնելու մասին, իսկ այժմ սպառնում է, որ կճանաչի նրա անկախությունը: Նրանք պետք է հիշեն, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի Ղարաբաղի օկուպացիայի հետ: Մենք վարել ենք, վարում ենք, եւ կվարենք խաղաղ բանակցություններ: Միջազգային հանրությունը մեր երկրի տնտեսության եւ քաղաքացիական հասարակության զարգացման վկան է եւ աջակցում է մեզ: Որքան ուժեղ լինի Ադրբեջանը, այնքան վճռական կլինի մեր պատասխանը հայերին»,-ընդգծել է Ս.Սեիդովը: