6 մարտի 2006 - 16:56 AMT
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանի երկրների միջեւ կառուցողական հարաբերություններ հաստատելու օգտին
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային համագործակցության մթնոլորտի, անվտանգության համակարգի ստեղծման, պետությունների միջեւ կառուցողական հարաբերությունների հաստատման օգտին: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտագության ռազմավարական ուղենիշները» զեկույցում, որը զետեղվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում: Նախարարի խոսքերով, այդ ճանապարհով է հնարավոր օրինապատշաճ ձեւով լուծել տարածաշրջանային հակամարտությունները եւ առաջին հերթին ղարաբաղյան խնդիրը, կանխել ռազմական գործողությունների վերսկսումը, հաղթահարել մեր տարածաշրջանում առկա բաժանարար գծերը, ինչպես նաեւ հակազդել Հայաստանի ազգային շահերին հակասող ռազմաքաղաքական դաշինքներին, չեզոքացնել տարածաշրջանային ծրագրերից մեր երկրի դուրսմղման, տնտեսական ու քաղաքական մեկուսացման, անվտանգության համակարգերի եւ առանձին պետությունների հակասական քաղաքականության հետեւանքով Հայաստանի առջեւ ծառացող վտանգները: «Միայն տարածաշրջանային համագործակցությամբ է հնարավոր դիմակայել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիքներին, հասնել տնտեսական, սոցիալական, մշակութային զգալի առաջընթացի, ապահովել կայուն զարգացում»,-ասվում է զեկույցում: