Քաղաքապետը աշխատանքային հերթական շրջայցն է անցկացրել Արաբկիր վարչական շրջանում

Քաղաքապետը աշխատանքային հերթական շրջայցն է անցկացրել Արաբկիր վարչական շրջանում

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի զարգացման 2013 թվականի ծրագրով, մասնավորապես, բակային տարածքներում իրականացվող բարեկարգման և կանաչապատման համալիր աշխատանքներին տեղում հետևելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Արաբկիր վարչական շրջանում էր:

Քաղաքապետը եղել է Ադոնցի 9 շենքի բակում: Այստեղ ևս նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտված են, և տարածքը հանձնվել է բնակիչների տնօրինմանը: Նախատեսված աշխատանքների շրջանակում կառուցվել են սալապատ ճեմուղիներ, տեղադրվել նստարաններ, աղբամաններ: Նկարազարդումների շնորհիվ յուրօրինակ ձևավորում են ստացել նաև հարակից ավտոտնակների և այլ շինությունների պատերը:

Բարեկարգման ծրագրով ամբողջությամբ նոր տեսք է ստացել նաև Կոմիտաս 46 շենքի բակը, որի միանգամից երկու հատվածներում հատուկ մանուկների համար ձևավորվել են գունագեղ ատրակցիոններով խաղահրապարկներ:

Խաչատրյան 23 և Օրբելի 8 շենքերի բակերում Տարոն Մարգարյանին առաջինը դիմավորել են տասնյակ երեխաներ և ուղեկցել բակեր: Այս բակային տարածքներն առանձնանում են հատկապես մեծածավալ նկարազարդումներով: Ինչպես երեխաներն են նշել, մի քանի շաբաթվա ընթացքում իրենց բակերը կերպարանափոխվել և հիշեցնում են հեքիաթի գրքերի պատկերազարդումները: Խոսելով բակերի բարեկարգման ծրագրի և կիրառվող մոտեցումների մասին՝ Տարոն Մարգարյանը որպես կարևորագույն պայման շեշտել է բնակիչների ներգրավվածությունը ծրագրի իրագործման ամբողջ ընթացքում: Քաղաքապետը հատկանշել է նաև, որ աշխատանքներն իրականացվում են ոչ միայն հաստատված նախագծերով: Պարբերաբար կատարվող շրջայցերի և քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ հենց տեղում քննարկվում են բնակիչների առաջարկներն ու դրանք ևս ներառվում են նախագծի մեջ: «Երևան քաղաքում ունենք շուրջ 5000 բազմաբնակարան շենք, որոնց հարակից բակային տարածքների մի մասը այս տարիների ընթացքում արդեն իսկ բարեկարգվել և հանձնել ենք բնակիչներին: Կառուցվել են նաև խաղահրապարակներ, պուրակներ ու հանգստի այլ գոտիներ: Հաջորդ տարիների ընթացքում մեր ծրագրերով շարունակելու ենք բակերի բարեկարգումը, որպեսզի առաջիկա մի քանի տարիների ընթացքում Երևանի բոլոր բակերը լինեն միանման բարեկարգ ու խնամված: Անշուշտ, անելիքներ դեռ կան: Կան նաև տարածքներ, որոնք երկար տարիներ զբաղեցված են եղել մեր քաղաքացիների կողմից և ծառայել են որպես ավտոտնակներ կամ բոստաններ: Շատերը այսօր կամովին հանձնում են դրանք, որպեսզի բարեկարգվի և ծառայի բնակչությանը, ինչի համար, իսկապես, շնորհակալ ենք և կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին դառնալ այս գործընթացի մասնակիցն ու իրենց ներդրումն ունենալ քաղաքային նշանակության ծրագրերի կյանքի կոչման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Կոմիտաս 27 հասցում ընթացող բակի բարեկարգման աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարը, ներկայացնելով բակի կառուցապատման նախագիծն ու բարեկարգման ամբողջական ծրագիրը, զեկուցել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Նշվել է նաև, որ տարածքն ապահովվելու է բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով. կահավորվելու է զրուցարաններով, նստարաններով, մանկական խաղերով և մարզագույքով: Տարածքում անցկացվել է նաև ոռոգման նոր ցանց, և աշնանը կկազմակերպվի ծառատունկ: Ընդհանուր առմամբ, Արաբկիր վարչական շրջանում բակերի բարեկարգման ծրագրով կառուցվելու է ավելի քան 60 բակ:

Արաբկիրի Փափազյան փողոցի 21/2 և 23/1 շենքերի բակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև մայրաքաղաքում իրենց հանգիստ անցկացնող երեխաների համար կազմակերպված ճամբարային առօրյային ու հանձնարարել է պատասխանատուներին շարունակել միջոցառումների կազմակերպումը մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---