Սպառողն ի՞նքն է մեղավոր, որ բանջարեղենի ու մրգերի տեղական տեսակներն անհետանում են

Սպառողն ի՞նքն է մեղավոր, որ բանջարեղենի ու մրգերի տեղական տեսակներն անհետանում են

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին գյուղմթերքի ավանդական հայկական տեսակներին փոխարինել են Հայաստան ներկրվող հիբրիդների սերմերը: Սակայն, ինչպես գտնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, դրանում իր մեղքի բաժինն ունի նաև սպառողը, որը միրգ ու բանջարեղեն գնելիս ընտրում է առավել լավ տեսք ունեցողները: «Մենք ինքներս ստիպեցինք արտադրողին անցնել օտարերկրյա հիբրիդների աճեցմանը, որոնք նախատեսված են վերամշակման համար և զիջում են իրենց համային հատկություններով»,-ասաց նա:

Ըստ նրա, տեղական տեսակների դուրս մղմանը նպաստում է նաև հողերի դեգրադացիան, քանի որ տեղական տեսակները այդքան շուտ չեն հարմարվում նոր պայմաններին, որքան ներկրվողները: «Հետազոտությունները ցույց են տվել, որ տեղական տեսակների սերմերի բերքատվությունը գրեթե կրկնակի անգամ նվազել է»,-ասել է Նունե Սարուխանյանը:

Նրա հետ համամիտ էր գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: «Հաճախ գնորդները զարմանում են, թե ուր են կորել լոլիկի մեր ավանդական տեսակները: Լոլիկ ընտրելիս գնորդը նախապատվությունը տալիս է պինդ տեսակներին: Բայց նրանք երևի չեն հիշում, որ լոլիկի հայտնի «Անահիտ» տեսակը երբեք պինդ չի եղել»,-ասել է նա:

Գառնիկ Պետրոսյանը հավելել է նաև, որ մրգի և բանջարեղենի տեղական տեսակների պահպանումը գյուղնախարարության գործունեության կարևորագույն ուղղություններից են: Ըստ նրա, «տեղական տեսակները ոչ մի տեղ չեն անհետացել, դրանք կան», իսկ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքներ են տարվում կոլեկցիոն այգիների ստեղծման ուղղությամբ, մասնավորապես, ծիրանի, խաղողի և այլ, նպատակ ունենալով պահպանել և բարելավել տեղական տեսակները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---