Եվրամիությունը բարկանում է, նշանակում է՝ ԵՄ-ն իրավացի՞ չէ

Եվրամիությունը բարկանում է, նշանակում է՝ ԵՄ-ն իրավացի՞ չէ

PanARMENIAN.Net - Ըստ ամենայնի, ԵՄ-ն դժգոհ է Մոսկվայում ստորագրված փաստաթղթից, համաձայն որի Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Ըստ Եվրամիության դիվանագիտության գծով ղեկավար Քեթրին Էշթոնի, «Եվրամիությունը պաշտոնական Երևանից պարզաբանումներ է ակնկալում Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման վերաբերյալ»:

«Մենք պարզաբանում ենք ակնկալում, որից հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցչի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը: Անմասն չմնաց նաև ԵՄ-ում նախագահող Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսը, որը հայտարարեց, թե Հայաստանն արգելափակեց ԵՄ հետ Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիր կնքելու բոլոր շանսերը՝ նախապատվությունը տալով Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Մաքսային միությանը:

Ըստ որոշ փորձագետների, Եվրոպան կանգնել է մի խնդրի առջև, որը դեռ մի քանի շաբաթ առաջ շոշափելի չէր: Ըստ Կարնեգիի հիմնադրամի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոյի, Երևանի որոշումը Ռուսաստանի բացարձակ հաղթանակն է եվրասիական ինտեգրման նախագծի իրականացման հարցում, հատկապես այն ֆոնի վրա, թե ինչ է կատարվում Ուկրաինայի ու Բելառուսի պարագայում: Հայաստանի որոշումը սպասելի էր, հաշվի առնելով նրա ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, Ղարաբաղի հարցը: «Ստատուս քվոն տարածաշրջանում Մաքսային միությանն անդամակցելուց չի փոխվի, Արևմուտքը կքննադատի Երևանին այս որոշման համար, սակայն ոչ երկար»,- գտնում է Մալաշենկոն:

Մի խոսքով, ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես միշտ, թեև ոմանք կարծում էին, որ ավելի լավ կլինի: Չի լինի, քանի դեռ Մեծ Մերձավոր Արևելքում անհանգիստ է: Երաշխիք կա՞, որ Սիրիայի իրադարձությունները լարվածություն չեն առաջացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Չկա նման երաշխիք, ուստի ավելի լավ է ընկերություն անել Ռուսաստանի հետ, եթե կարելի է այդպես արտահայտվել, ոչ թե ԵՄ-ի, որտեղ 28 երկիր ոչ մի կերպ փոխհամաձայնության չեն կարողանում գալ: 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում տեղի կունենա Եվրամիության և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցների ղեկավարության գագաթաժողովը, որտեղ ակնկալվում էր որոշ երկրների, այդ թվում նաև Հայաստանի հետ, նախաստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ և Ասոցացման մասին համաձայնագրերը:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն տվեց նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2008թ. փետրվարի 13-ին Հայաստանի երկաթուղին հանձնվեց «Ռուսական երկաթուղի» ՓԲԸ-ին՝ հավատարմագրային կառավարման 30 տարի ժամկետով՝ այն 10 տարով երկարացնելու իրավունքով: Այդ նպատակով երկրում ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ձեռնարկությունը:

Կարինե Տեր-Սահակյան/PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---