ԴիջիԹեք-2013-ը կմեկնարկի հոկտեմբերի 4-ին. Զուգահեռ կընթանա նաև ԱրմԹեք համաժողովը

ԴիջիԹեք-2013-ը կմեկնարկի հոկտեմբերի 4-ին. Զուգահեռ կընթանա նաև ԱրմԹեք համաժողովը

PanARMENIAN.Net - Հայաստանի IT-հանրությունը պատրաստվում է հոկտեմբերի 4-ին, երբ «Երևան էքսպո» կենտրոնում կմեկնարկի ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական եռօրյա ցուցահանդեսը։ Այն արդեն 9-րդ անգամ կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ու անցկացվում ՀՀ վարչապետի հովանավորությամբ։ Կազմակերպիչները ցուցահանդեսում որակական փոփոխություններ են խոստացել, այդ թվում՝ ներկայացվող ընկերությունների թվի էական աճ։ Այս տարի առանձին հատվածներով կներկայանան ինժեներական և տեխնոլոգիական ոլորտները։

Առաջին անգամ ԴիջիԹեք-ին զուգահեռ նույն տարածքում կանցկացվի ԱրմԹեք համաժողովը։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, ԴիջիԹեք-ը նպաստում է հայրենադարձությանը։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն առանձին ծրագիր ունի «Հայրենադարձություն Հայաստան» կազմակերպության հետ։ Դրա շրջանակում աջակցություն է ցուցաբերվում այն սփյուռքահայերին, որոնք ցանկանում են աշխատել տեխնոլոգիական ոլորտում:

«Ոլորտում մասնագետների պակաս կա։ Բարձր վարձատրվող մոտ 2000 թափուր աշխատատեղ ունենք, որոնք չենք կարողանում լրացնել։ Կարևոր է, որ սփյուռքահայերն իմանան՝ կարող են ներգրավվել տեխնոլոգիական ոլորտներում ու մրցունակ աշխատավարձ ստանալ»,- նշել է Վարդանյանը։

ԻՏՁՄ տնօրենը նկատել է նաև, որ 9-ամյա պատմություն ունեցող ԴիջիԹեք-ը մեծապես օգնել է հատկապես ինժեներական ոլորտի զարգացմանը։ Նրա խոսքով, եթե առաջին ԴիջիԹեք-ներին մասնակցում էր ընդամենը 1-2 ինժեներական կազմակերպություն, ապա այս տարի նրանց թիվն արդեն 40-ի է հասնում։ Ընդ որում, դրանք հիմնականում նորաստեղծ կազմակերպություններ են:

«ԴիջիԹեք-ի շնորհիվ է, որ շատ խոշոր ինժեներական ընկերություններ (National Instruments, D-Link, Mitsubishi Electric) մուտք գործեցին Հայաստան, բացի այդ, Հայաստանը սկսել է աշխարհով մեկ բարդ խնդիրների համալիր լուծումներ առաջարկել։ Օրինակ, National Instruments-ի հայաստանյան մասնաճյուղը դարձել է ասիական տարածաշրջանի կենտրոն, ինչը մեր երկրում ինժեներական ոլորտի զարգացման գնահատականն է»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրենը։ Հարցին՝ կա՞ն արդյոք տարածաշրջանում ԴիջիԹեք-ին մրցակից տեխնոլոգիական ցուցահանդեսներ, Կարեն Վարդանյանը պատասխանել է. «Ադրբեջանում գործում է ԲաքուԹել ցուցահանդեսը, որն իշխանություններից տարեկան մոտ 2 միլիոն դոլար աջակցություն է ստանում։ Քանի որ Ադրբեջանը խոշոր ընկերությունների համար մեծ շուկա է, միջազգային ընկերություններն այստեղ գալիս են տեխնոլոգիաներ վաճառելու։ Մինչդեռ ԴիջիԹեք-ում ներկայացվում են լուծումներ, որոնք արտադրում և դրսի շուկային է առաջարկում Հայաստանը։ ԴիջիԹեք-ը բարձրորակ ցուցահանդես է, bայց մենք պետք է զարգացնենք մեր շուկան, որպեսզի այն նույնպես սպառող հանդիսանա թե մեր, թե դրսի ընկերությունների արտադրանքի համար, որ միջազգային ընկերությունները մուտք գործեն Հայաստան ու հիմնեն գիտահետազոտական կենտրոններ։ Մենք նոր կապերի, նոր մոտեցումների ու մշակույթի կարիք ունենք։ Ի դեպ, այցելելով ցուցահանդես մարդիկ հասկանում են, թե իրականում ոլորտում ինչ է կատարվում»։

Ցուցահանդեսի պլատինե հովանավորն է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, պաշտոնական հովանավորն է` «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.»-ը, իսկ հովանավորը` «Սաթիս» ընկերությունը։

ԴիջիԹեք Էքսպո տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցահանդեսն արդեն ավանդական դարձած ամենամյա միջոցառում է, որի պատմությունը մեկնարկում է 2005թ.-ից: Ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը Երևանում և մշտապես անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---