Միխայիլ Ալեքսանդրով. Պետք է վերանայել 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը

Միխայիլ Ալեքսանդրով. Պետք է վերանայել 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Մոսկվայում՝ «Արգումենտի ի ֆակտի» գործակալությունում, տեղի է ունեցել Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության շնորհանդեսը: Գիրքը ներկայացվել է քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին և ընթերցողների լայն շրջանակի: Միջոցառումը կազմակերպել էր «Ռուս-հայկական համագործակցությունը»՝ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ: Շնորհանդեսը վարում էր «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը:

«Թուրքիան ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից օգնում է Ադրբեջանին՝ ֆինանսական, քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերելով նրան: Թուրքիայի աջակցությունը նպաստում է այն անզիջում քաղաքականությանը, որն Ադրբեջանը որդեգրել է բանակցային գործընթացում՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ: Թուրքիան հռչակում է հետևյալ թեզը՝ մեկ ազգ՝ երկու պետություն: Պարոն Դեմոյանի մենագրությունը ղարաբաղյան հարցի առաջացման պատճառների բազմամյա հետազոտության արդյունք է»,-նշեց Յուրի Նավոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատմեց շնորհանդեսի մասնակիցներին իր մենագրության մասին: «Ռուսաց լեզվում կա ամփոփիչ աշխատություն հասկացությունը: Ներկայացված գիրքը իմ 15-ամյա հետազոտությունների արդյունքն է: Օգտագործվել են նյութեր շուրջ 800 աղբյուրներից», ասել է գրքի հեղինակը՝ նշելով, որ մտածված է գիրքը գրել ռուսերեն լեզվով, քանի որ այն նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:

Ըստ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի, Դեմոյանի գիրքը յուրօրինակ հանրագիտարան է: «Ադրբեջանցիների կողմից իրենց վերագրվող Ղարաբաղի հայտնվելու հանրագիտարան, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հանրագիտարան, որտեղ Ղարաբաղը դառնում է շղթայի այն օղակը, որը Թուրքիան փորձում է քանդել: Չի կարելի Ղարաբաղը դիտարկել առանց անդրադառնալու պատմությանը, պատմական փաստերին: Այս գիրքը շատ բանի վրա է աչք բացում»,-ասել է նա:

Մոսկվայի ԱՊՀ ինստիտուտի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը նշել է, որ գիրքը հանրագիտարանային բնույթ ունի, բայց կարևոր է ոչ միայն գիտական, այլ նաև գործնական տեսակետից, այն կարևոր է ոչ միայն հայ պետական գործիչների, գիտնականների, քաղաքական գործիչների համար, այլ նաև ռուս դիվանագետների համար: Նա նաև հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու պետք է Ռուսաստանը պահպանի Մոսկվայի պայմանագրի դրույթները, եթե Թուրքիան դրանք խախտում է: «Ես գտնում եմ, որ պետք է վերանայել այդ պայմանագիրը: Ինչո՞ւ մենք պետք է ճանաչենք Թուրքիայի արևելյան սահմանները: Մենք կարող ենք հրաժարվել դրանից և սատարել Արևմտյան Հայաստանը վերադարձնելու պահանջին,-հայտնել է իր տեսակետն Ալեքսանդրովը:-Բացի այդ, ռուսական դիվանագիտությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կարող է ոչ միայն համապատասխան բանաձև ընդունել Ռուսաստանի խորհրդարանում, այլ նաև ասել Թուրքիային, որ հարկավոր է հատուցել Հայաստանին հասցրած վնասը»:

Յուրի Նավոյանը հիշեցրեց շնորհանդեսի մասնակիցներին, որ Գաբալայում վերջերս կայացած թուրքալեզու պետությունների գագաթաժողովում Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն մեկ անգամ ևս հստակ հայտարարեց, որ «Ղարաբաղի ազատագրումը Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է»: «Նման հայտարարությունները ձերբազատում են ամեն տեսակի պատրանքներից Ղարաբաղի, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային քաղաքականության հարցում Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ»,-ասել է նա:

Մոսկվայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թվականի մարտի 16-ին որպես թուրք-խորհրդային պայմանագիր բարեկամության ու եղբայրության մասին, ռուս-թուրքական խորհրդաժողովի ավարտին: Պայմանագիրն ունի 16 հոդված և 3 հավելված: 1-ին հոդվածով կողմերը պարտավորվում էին «չճանաչել այն խաղաղ պայմանագրերը կամ այլ միջազգային ակտերը, որոնց ընդունումն ուժով կպարտադրվի կողմերից մեկին»: Խորհրդային կառավարությունն ըստ պայմանագրի համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող այլ միջազգային ակտեր, որոնք չի ճանաչի Թուրքիայի ազգային կառավարությունը: Մոսկվայի պայմանագրի այդ դրույթն ուղղված էր 1920 թ. Սևրի միջազգային պայմանագրի կատարման դեմ, որը Թուրքիան ցանկանում էր չեղյալ համարել: 1, 2 և 3-րդ հոդվածների վերջին մասը վերաբերվում էր տարածքային սահմաններին: Թուրքիային էր հանձնվում Բաթումի շրջանի հարավային մասն ու Արդվինը՝ Վրաստանից, Կարսն ու Սուրմալուի գավառը՝ Հայաստանից: Հայաստանից անջատվեցին ու որպես ինքնավար տարածքներ հանձնվեցին Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխանությանը Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասն ու Երևանի գավառի մի փոքր մասը: Պայմանագիրը հատուկ վերապահում է, որ Ադրբեջանը չի կարող զիջել այդ ինքնիշխանությունը երրորդ պետությանը: Խորհրդային հանրապետությունների ներքին գործերին միջամտության օրինակ է նաև 2-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ Թուրքիան համաձայն է ազատել Բաթումն ու հարակից տարածքները և «զիջել» դրանք Վրաստանին, եթե տեղի բնակչությանը լայն ինքնավարություն տրվի, իսկ Թուրքիային՝ ազատ մաքսազերծ տարանցման իրավունք Բաթումի նավահանգիստով: Մոսկվայի պայմանագրի այդ դրույթները ծանր էին Վրաստանի, հատկապես Հայաստանի համար, որից անջատվում էր նրա տարածքի մոտավորապես կեսը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---