Օլանդին ՄՄ-ն չի վախեցնում՝ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին եվրոպական ճանապարհին

Օլանդին ՄՄ-ն չի վախեցնում՝ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին եվրոպական ճանապարհին

PanARMENIAN.Net - Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Փարիզում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նախագահները համակարծիք են այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու գործակցության տեմպն և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի բաժնից: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն մտադիր է միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակի կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում:

Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ Վիլնյուսում Հայաստասնի հետ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի: «Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը Ասոցացման մասին համաձայնագրի մաս է կազմում: Դա միասնական փաստաթուղթ է, և մեկը մյուսից հնարավոր չէ անջատել»,- ասել էր Ֆյուլեն: Պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք ԵՄ հետ Հայաստանի գործակցության նոր ձևաչափ նախատեսող մեկ այլ փաստաթուղթ նախապատրաստվել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը՝ Ֆյուլեն ասել էր, որ նման լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ պատրաստել մինչև նոյեմբեր:

Այնուամենայնիվ, նա հավելել էր, որ ԵՄ-ն չի հրաժարվում Հայաստանի հետ հետագա գործակցությունից: Մինչդեռ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է հայտարարել, որ Երևանը միտված է ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը, որոնք չեն հակասի Մաքսային միությանը: Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին Մոսկվայի ճնշումը, որը, նրանց կարծիքով, գործադրվում է Ուկրաինայի ու ԵՄ հետ առևտրային կապերն ընդլայնել փորձող մյուս երկրների հանդեպ:

Photo: president.am
«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---