Համաներման մասին նախագահի առաջարկն ընդունվեց. ԱԺ-ն կողմ քվեարկեց

Համաներման մասին նախագահի առաջարկն ընդունվեց. ԱԺ-ն կողմ քվեարկեց

PanARMENIAN.Net - 102 «կողմ» ձայնով Ազգային ժողովն ընդունեց ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներում հայտարարելու մասին առաջարկը: «Դեմ» ու «ձեռնպահ» չկար:

Ինչպես հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում համաներման նախագծի քննարկման ժամանակ ասել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախնական վերլուծությունների արդյունքով կալանավայրերից անմիջապես մոտ 400-500 դատապարտյալ ազատ կարձակվի:

Նա հայտնել էր, որ համաներումը 1/3-րդ-ով տարածվում է հետևյալ հանցակազմերով հոդվածների վրա՝ գողություն, խարդախություն, իրացում կամ վատնում, հափշտակում, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի միջոցով, ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը, դիտավորությամբ ոչնչացնելը և այլն։

Նախարարի խոսքով, համաներումը ¼-րդ-ով կրճատում է պատժաչափի չկրած մասը հետևյալ հանցակազմերի դեպքում՝ մարդուն առևանգելը, ազատությունից ապօրինի զրկելը, ավազակությունը, կողոպուտը, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջամառությունը և այլն։ Բացի թվարկածից, ըստ պաշտոնյայի, համաներում է կիրառվելու նաև ծանր հանցագործություններ կատարածների նկատմամբ, ինչը երբևէ չի եղել՝ սպանություն, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը և այլն։ Այստեղ, նրա խոսքով, առաջարկվում է պատժի չկրած մասը կրճատել վեց ամսով և այս խմբի մեջ մտնում են երկար ժամանակով ազատազրկված անձինք։ Արդարադատության նախարարն ասել էր նաև, որ համաներումը տարածվելու է առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցողների, հանցագործությունը մինչև 16 տարեկանը կատարած անձանց, հայրենական կամ արցախյան պատերազմի մասնակիցների, մարտական գործողություններում զոհվածի ծնողները կամ զավակները, գրել էր Panorama-ն։

Նախարարը տեղեկացրել էր նաև, որ համաներումը չի վերաբերի նրանց, ում պատժի չափը վերջին տասը տարվա մեջ կրճատվել է, գեթ մեկ անգամ ներել են: Երկրորդ անգամ ակնկալել, որ մարդասիրություն կարող է դրսևորվել՝ այդպես չէ: Խոսքը դիտավորյալ հանցագործությունների մասին է: Համաներումը չի կիրառվի նաև նրանց նկատմամբ, երբ դատավճիռ չկա, բայց հարուցված է քրեական հետապնդում: Հրայր Թովմասյանը նշել էր նաև, որ այս համաներման գլխավոր նպատակը մարդասիրությունն է, գրել էր Tert.am-ը:

Այս համաներմամբ ազատ կարձակվեն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, գրել էր «Հայկական ժամանակը»:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի վրա համաներումը տարածվում է պատժաչափի 1/4-ի չափով, «Այսօր»-ին ասել էր Թամամյանի փաստանաբը:

Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանն ազատ չի արձակվի: Նրա մեղադրանքը ընդգրկված է համաներման 9-րդ կետի 7-րդ կետով նախատեսված սահմանափակումների մեջ:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը:

Վերջին համաներումը եղել էր 2011թ.-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ համաներում հայտարարելու առաջարկով: ՀՀ նախագահի առաջարկը պայմանավորված էր ՀՀ սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ու «Ազգային ժողովի կանոնակարգերի» 90-րդ հոդվածով: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատագամվորները 91 «կողմ» ձայնով քվեարկեցին համաներման օգտին, «դեմ» քվեարկողներ չեղան: Այդ ժամանակ ազատ էր արձակվել 1056 կալանավոր։

Հայաստանի Հանրապետությունում անկախացումից ի վեր եղել է 8 համաներում Հայաստանում անցկացված առաջին համաներումը հայտարարվել է 1995-ի հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման առթիվ, որն ընդունվել ու ուժի մեջ է մտել նույն թվականի սեպտեմբերի 26-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---