30 մարտի 2006 - 20:02 AMT
Ռուսաստանում Ղարաբաղի հարցի շուրջ փաստորեն տեղեկատվական շրջափակում է ստեղծվել
Ռուսաստանում Ղարաբաղի հարցի շուրջ փաստորեն տեղեկատվական շրջափակում է ստեղծվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: Նրա խոսքերով, Ռուսաստանի լայն քաղաքական վերնախավը շատ վատ է տեղեկացված ղարաբաղյան հակամարտության մասին: «Կարելի է մատների վրա հաշվել ողջ անցյալ տարվա ընթացքում այդ հարցի շուրջ հրապարակումները: Իսկ ռուսական հեռուստատեսության հաղորդումների մասին խոսելն ավելորդ է: Մի փոքր բարելավվել է վիճակը Ինտերնետ-կայքերում: Սակայն դա ընդհանուր առմամաբ իրավիճակը չի փոխում»,-ասել է նա:

Ռուս քաղաքական գործիչը համարում է, որ ՌԴ պետական ԶԼՄ-ները, հավանաբար, ջանալով զերծ մնալ Ադրբեջանի դժգոհությունից, չեն կարողանում իրեին իրենց անուններով կոչել եւ այդպիսով ոչինչ չեն գրում: «Այդ պատճառով, մեր քաղաքական վերնախավի, ինչպես նաեւ ողջ հասարակության մեծ մասը, քիչ բան գիտի ոչ միայն Ղարաբաղի այսօրվա խնդիրների, այլ նաեւ իրական պատճառների մասին: Վերջին 15 տարվա ընթացքում մեծացել է ռուսաստանցիների մի նոր սերունդ, նաեւ քաղաքական գործիչների, որոնք նման տեղեկատվությանը չեն տիրապետում: Բազմիցս անգամ անձամբ համոզվել եմ, որ մեր մտավորականության շրջանում կարելի է հանդիպել կարծիքների, ըստ որի Ղարաբաղում միայն ադրբեջանցիներ են բնակվում, իսկ հայերը մահմեդական ազգ են: Չգիտեն ռուս եւ հայ ժողովրդների բազմադարյա անկեղծ եղաբայրական բարեկամության մասին, այն մեծ դերի մասին, որ 200 տարի առաջ Ղարաբաղի հայերը ունեցան պարսակական եւ օսմանյան լծից Հայաստանի ազատագրման եւ Ռուսաստանի կամզում կամավոր կերպով ընդգրկվելու գործում»,-ընդգծել է Վիկտոր Կրիվոպուսկովը:

Նա նաեւ հույս հայտնեց, որ ռուսական կողմը ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներկա է ոչ միայն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւական համանախագահ: «Ռուսաստանի շահերը, ըստ իս, առաջին հերթին կայանում են նրանում, որ Կովկասի ազգամիջյան եւ բազմադավանության տեսակետից այդ բարդ տարածաշրջանում խաղաղություն պահպանվի»,-հայտարարել է ռուս քաղաքական գործիչը: