Հայ ռազմագերուն երրորդ երկիր տեղափոխելու մասին պաշտոնական տեղեկություն չկա

Հայ ռազմագերուն երրորդ երկիր տեղափոխելու մասին պաշտոնական տեղեկություն չկա

PanARMENIAN.Net - Համացանցում առավոտյան տարածված տեղեկությունները, թե հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին ուզում են երրորդ երկիր տեղափոխել, Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակում չեն հաստատում՝ նշելով, որ նման տեղեկության չեն տիրապետում: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Լրատվականներից մեկը գրել էր, որ Հակոբի հորեղբոր որդին՝ Արման Ինջիղուլյանը, ասել է, թե Հակոբին տեղափոխում են երրորդ երկիր: PanARMENIAN.Net ին, սակայն, Արման Ինջիղուլյանն ասաց, որ նման բան չկա, ու դա միայն Հակոբի ցանկությունն է: Հարցին, թե արդյոք այդ ցանկության մասին նա գրել էր իրենց ստացած նամակում, Արմանն ասաց, որ ոչ՝ նամակում այդ մասին գրված չէր, բայց իրենց դա ասել են ԿԽՄԿ-ի աշխատակիցները:

Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվականներում տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտարարել է՝ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: Ըստ Սաիլովի, դիմումը նախարարների կաբինետում էր:

Սեպտեմբերի 19-ին ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի հանդիպմանը փոխնախարարը նշել էր, որ եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարքը չէ, ապա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակում ներգրավումը` ռազմագերուն փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով: Բայց այդ դիմումի մասին լուրերը ԿԽՄԿ գրասենյակը մինչ օրս չի հաստատել: Օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում:

Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվել էր հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվել էր երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---