Հայաստանում կհիմնադրվի արտահանման ապահովագրությամբ զբաղվող կազմակերպություն

Հայաստանում կհիմնադրվի արտահանման ապահովագրությամբ զբաղվող  կազմակերպություն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին կայանալիք կառավարության նիստում նախատեսվում է հավանություն տալ «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելուն: Ընկերության ընդհանուր կապիտալը կկազմի 1,950,000.0 հազար դրամ, որից կանոնադրական կապիտալը` 1,500,000.0 հազար դրամ, որը համապատասխանում է 150000 հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 10000 դրամ անվանական արժեքով և Ընկերության գլխավոր պահուստը` 450,000.0 հազար դրամ:

Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը ձայների հավասար իրավունքով նախատեսվում է վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին (այսուհետ` Լիազոր մարմին):

Հայաստանի Հանրապետությունում արտահանման ապահովագրական կազմակերպության հիմնադրումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը, ինչպես նաև պայմանավորված է միջազգային շուկաներ մուտք գործող ընկերություններին աջակցելու նոր գործիքների մշակման և Հայաստանի Հանրապետության կառավարության արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության իրագործմանը նպաստելու անհրաժեշտությամբ: Հայաստանում արտահանման ֆինանսավորման նոր գործիքների և մոտեցումների որդեգրումը պահանջում է արտահանման վարկավորման ապահովագրության ներդնում: Որպես արտահանում իրականացնող ընկերությունների աջակցման նոր գործիք` ԱԱԿ-ի հիմնական գործառույթն արտահանման վարկերի ապահովագրման տրամադրումն է:

ԱԱԿ-ի առաջնային նպատակներից են ապահովագրել արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի/փոխառուի/գնորդի չվճարման ռիսկերից, ստեղծել բանկերի համար ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթը:

Ընկերությունը ստանձնում է արտահանման հետ կապված այնպիսի ռիսկեր, որոնք ներկայումս հնարավոր չէ ապահովագրել ՀՀ ապահովագրական շուկայում, մասնավորապես գնորդի սնանկության կամ վճարումից ինքնակամ հրաժարվելու (առևտրային ռիսկեր), արտահանման նպատակային երկրում քաղաքական, պատերազմական իրավիճակով կամ բնական աղետներով պայմանավորված (քաղաքական/երկրի ռիսկեր)` գնորդի չվճարման հետևանքով արտահանողի կրած ֆինանսական վնասների ռիսկեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---