Synopsys-ի շաբաթը Հայաստանում. Նախագահի պարգևներ, նոր ղեկավարություն և նվաճումներ

Synopsys-ի շաբաթը Հայաստանում. Նախագահի պարգևներ, նոր ղեկավարություն և նվաճումներ

PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում վերջին տարիներին երկնիշ աճ է արձանագրում: 2012 թվականի ավարտին աճը ՏՏ ոլորտում կազմեց 25 տոկոս 2011 թվականի համեմատ: Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE), այսօր ոլորտում գործում է 350 ձեռնարկություն, 10 հազար աշխատակիցներով: Ոլորտի խոշորագույն ընկերությունն ու գործատուն է Synopsys Armenia ընկերությունը: Այսօր ընկերությունում աշխատում է 625 մարդ, տարեկան աճը կազմում է 30 տոկոս:

Synopsys Inc –ը ծրագրային ապահովման, մտավոր սեփականության և ծառայությունների բնագավառի համաշխարհային առաջատար է և ունի մոտ 70 տեղական մասնաճյուղեր Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում և Հնդկաստանում, իսկ գլխամասային գրասենյակը Կալիֆոռնիայում է (ԱՄՆ)։

Synopsys Armenia ընկերությունը (Synopsys Inc–ի մասնաճյուղ) հայկական շուկա է մտել 2004 թվականի հոկտեմբերին` Leda Design և Monterey Arset ընկերությունների միաձուլման և Synopsys Armenia ԲԲԸ միասնական ընկերության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից հետո։ Ընկերությունը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, մտավոր սեփականությունների (IР) արտադրության և մշակման նախագծման ոլորտներում։

Այս տարի «Սինոփսիսի շաբաթը Հայաստանում 2013» միջոցառումների շարքը անցնում է հոկտեմբերի 15- 19-ը Երևանում: Շաբաթվա ամենանշանակլի միջոցառումներից է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին: Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 21 ուսանող և 18 աշակերտ՝ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Ընթացիկ տարում հանձնաժողովն ընդլայնել է մրցանակաբաշխությանը մասնակից կրթական հաստատությունների թիվը՝ ընդգրկելով նաև «Այբ» ավագ դպրոցը: Հանձնաժողովի որոշմամբ, այս տարի «գլխավոր մրցանակ» անվանակարգում հաղթող չի ճանաչվել:

Նախօրեին հայտարարվեց Synopsys Armenia ընկերության ղեկավարության փոփոխության մասին: Synopsys–ի նախագծման բաժնի փոխնախագահ Ամվար Ավադը (Anwar Awad) փոխարինել է Synopsys–ի շուկայի ռազմավարական զարգացման փոխնախագահ Ռիչ Գոլդմանին Synopsys Armenia ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնում, հայտնեց Synopsys Armenia գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։ Ռիչ Գոլդմանն աշխատել է այդ պաշտոնում 9 տարի և անգնահատելի ավանդ ունի ընկերության կայացման գործում: Երևանում կայացած մամլո ասուլիսում նշվեց, որ Synopsys Armenia ընկերությունն ԱՄՆ–ի սահմաններից դուրս գործող Synopsys Inc մասնաճյուղային ցանցի առաջատարն է, հայտնում է Arka Telecom-ը:

Synopsys Armenia–ի նորանշանակ գլխավոր տնօրեն Անվար Ավադն իր հերթին նշեց, որ հայկական մասնաճյուղի ճարտարագիտական բաժինն ԱՄՆ–ի սահմաններից դուրս Synopsys–ի ամենաուժեղ ճարտարագիտական թիմն է։ «Այսօր ավելի քան 550 ճարտարագետներ ընդգրկող մեր հայկական թիմերն աշխատում են աշխարհի կիսահաղորդիչ պրոցեսորների ամենաառաջատար դիրքերում։ Մեր ձեռքբերումները Հայաստանում պրոֆեսիոնալիզմի և աշխատակիցների նպատակաուղղվածության վկայությունն են մեր կազմակերպության բոլոր մակարդակներում։ Ուրախ կլինեմ համագործակցել մեր թիմի հետ հայկական մասնաճյուղում և մեր աշխատակիցների համար ներդրումները շարունակելու նպատակով»,– ասաց Ավադը։

Հոկտեմբերի 17-ին, Սինոփսիսի, ՎիվաՍելի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համատեղ կրթական ծրագրի 3-րդ նոր լսարանի բացումը տեղի կունենա Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում (ԵՏԱ): Հոկտեմբերի 19-ին կկազմակերպվի Համայնքային կամավորական միջոցառում ՝ ծառատունկ, ԵՊՀ-ին կից տարածքում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---