Ադրբեջանցիները բոլորովին են վախը կորցրել՝ գնդակոծում են Ղարաբաղի դիրքերն ԵԱՀԿ անդամների աչքի առաջ

Ադրբեջանցիները բոլորովին են վախը կորցրել՝ գնդակոծում են Ղարաբաղի դիրքերն ԵԱՀԿ անդամների աչքի առաջ

PanARMENIAN.Net - Անպատժելիությունը, ինչպես հայտնի է, նորանոր հանցանքներ է ծնում: Այս արտահայտությունը լավ է բնութագրում այսօրվա Ադրբեջանի աշխարհընկալումը: Համաշխարհային հանրության արձագանքի բացակայությունը Բաքվի սադրանքներին և, ցավոք սրտի, ղարաբաղյան կարգավորման ձախողման բավականին հաջող փորձերը, հանգեցնում են նրան, որ ադրբեջանական կողմը աչքի առաջ գնալով լկտիանում է՝ կորցնելով իրականությունն ընկալելու զգացողությունը:

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր էր հերթական մոնիտորինգն անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Բայց «պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Նման վարքագիծը համաշխարհային հանրության թողտվության արդյունք է: Արդեն առաջին տարին չէ, ինչ ադրբեջանական կողմը դիվերսիաներ է կազմակերպում, խախտում է հրադադարի ռեժիմը, գնդակոծում է ինչպես հայկական ԶՈւ դիրքերը, այնպես էլ սահմանամերձ հայկական գյուղերը: Արդյունքում տուժում են ոչ միայն զինծառայողները, այլև խաղաղ բնակիչները: Միայն 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 14.000 անգամ: Ադրբեջանը նաև ամեն կերպ խոչընդոտում է խաղաղ գործընթացին և ուղղակի անտեսում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կոչերն ու պահանջները, ընդ որում բոլոր մակարդակներում՝ նախագահից սկսած մինչև բանախոսներ: Կարի՞ք կա հիշատակելու ադրբեջանական ղեկավարության մշտական ռազմաշունչ ելույթները, որտեղ նա պատերազմով է սպառնում Հայաստանին ու Ղարաբաղին, բոլոր միջազգային քվոտաների խախտումներով գնվող ու արտադրվող զենքի հսկայական պաշարների մասին: Այդ փաստերը բոլորին էլ հայտնի են:

Սակայն համաշխարհային հանրության արձագանքն ադրբեջանական այս թողտվությանը կարելի է բնութագրել մեկ բառով՝ զրոյական: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու կարգավորման հարցում շահագրգիռ միջազգային հանրության հատվածը սահմանափակվում են դեկլարատիվ բնույթի և կոնկրետ հասցեատեր չունեցող հայտարարություններով ու «հրադադարի ռեժիմը» պահպանելու հորդորներով, «վստահության մթնոլորտի ձևավորմանը նպաստող մեխանիզմների մշակման» խորհուրդներով և այլն: Միջնորդները նույնիսկ ոչ մի կերպ չարձագանքեցին հայտարարությանը, թե «Ադրբեջանը չի հեռացնի դիպուկահարներին առաջնագծից մինչ հակամարտության հանգուցալուծումը»: Իսկ չէ որ դիպուկահարներին հետ քաշելը ոչ թե հորդոր է, այլ միջազգային կազմակերպությունների պահանջ: Բայց իրենց պահանջների նույնիսկ նման անթաքույց անտեսումն այդ կազմակերպությունները լուռ կուլ տվեցին, ինչն էլ Ադրբեջանին ավելի հեռուն գնալու ու ղարաբաղյան դիրքերըգնդակոծելու առիթ է տալիս, արդեն անգամ չամաչելով ԵԱՀԿ առաքելության անդամների ներկայությունից:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---