Երևանում դեռ չեն բացառում Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հավանականությունը

Երևանում դեռ չեն բացառում Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հավանականությունը

PanARMENIAN.Net - Ասոցացման համաձայնագիրը նախկինի պես մնում է ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների օրակարգում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար, ԵՄ հետ գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ըստ Մնացականյանի, պաշտոնական Երևանն այժմ աշխատում է իրավական առումով փաստաթուղթը թարմացնելու վրա: «Սա մի գործընթաց է, որին ժամանակ է պետք: Որովհետև կանք մենք, կա Եվրամիությունը, և մենք պետք է աշխատենք միասին: Չեմ ուզում ասել, որ Ասոցացման պայմանագիր չի լինելու: Ինչո՞ւ չէ: Մենք ձգտում ենք դրան: Բայց պետք է աշխատենք, որովհետև սա չի լինելու է իրավական աշխատանք՝ փորձագետների, բանակցողների ներգրավմամբ, և պետք է գտնել համապատասխան ձևը»,- ասել է փոխարտգործնախարարը:

Փոխնախարարն ուղղակի պատասխան չի տվել հարցին, թե հնարավոր է արդյոք, որ փաստաթուղթը ստորագրվի Վիլնյուսում:

«Սա երկու կողմ է, և միասին պետք է աշխատենք: Իհարկե, հնարավոր է, որ մենք ունենանք այն, ինչին ձգտում ենք, և հաստատենք Ասոցացման պայմանագիրն այնքանով, որքանով դա համապատասխանում է մեր նպատակներին և ներկայիս իրավիճակին»,- ասել է Մնացականյանը:

Օրերս ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Հայաստանը ԵՄ հետ կոնկրետ մի փաստաթուղթ կստորագրի, սակայն դժվարացել էր ասել, թե ինչպիսի բովանդակությամբ:

«Հայաստանը բանակցում է ԵՄ հետ տարբեր մակարդակներում: Հավանաբար, կստորագրվի մի փաստաթուղթ, որը կամփոփի բանակցություննեևրի արդյունքը»,- մամուլի ասուլիսում հայտարարել է պատգամավորը՝ հավելելով, որ սեպտեմբերի 3-ից հետո եվրոպացի պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններն ամենևին էլ չեն վկայում, թե փաստաթուղթ չի ստորագրվելու: Սակայն խորհրդարանականը հավելել էր, որ խոսքը քաղաքական հատվածի մասին չէ:

Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ ղեկավարության և Արևելյան գործընկերության երկրների միջև նախատեսվում էր նաև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել Հայաստանի ու ԵՄ միջև: Սակայն, սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին և պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ:

Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարեց, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: «Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղիներ գտնել` հիմնվելով առկա նվաճումների վրա»,-ասել է Ստանոն:

Հղումներ թեմայով.
«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---