«Ժառանգությունն» այլևս ընդգրկված չէ ԵԽԽՎ պատվիրակությունում![]() 23 հոկտեմբերի 2013 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունն այլևս ընդգրկված չէ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակությունում: Այս մասին վկայում է Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակի մասին ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունը: ԵԽԽՎ պատվիրակությունում ներկայացված ԱԺ խմբակցությունների միջև տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 2 տեղ ու 1 փոխարինող անդամի տեղ, «Բարգավաճ Հայաստան»՝ 1 տեղ ու 1 փոխարինող անդամի տեղ, «Հայ Ազգային Կոնգրես»՝ 1 տեղ, «Օրինաց երկիր»՝ 1 փոխարինող անդամի տեղ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»՝ 1 փոխարինող անդամի տեղ: Ի դեպ, ԱԺ նախագահի նոր կարգադրությամբ «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացված չէ նաև Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ), ինչպես նաև Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների կազմում: Ըստ ԱԺ կայքում հրապարակված միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման և դրանց գործունեության նոր կարգի, այսուհետ պատվիրակությունների կազմերում ընդգրկվող խմբակցությունների, պատգամավորական խմբերի պատգամավորների հիմնական և փոխարինող կազմում ներկայացվածության համամասնությունները սահմանելու է Ազգային ժողովի նախագահը` հաշվի առնելով միջազգային խորհրդարանական կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի պատգամավորների թվաքանակը: Ազգային ժողովի նախագահը կարող է նաև սահմանել ռոտացիոն կարգ` հնարավորություն ընձեռելով պատվիրակության կազմում չընդգրկված խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացուցիչներին որոշակի պարբերականությամբ ընդգրկվելու համապատասխան պատվիրակության կազմում: ԱԺ քառօրյա այսօրվա նիստի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ առավոտյան Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցությունում որոշվել է «Ժառանգություն» խմբակցությանը հանել ԵԽԽՎ պատվիրակության կազմից: Փոստանջյանը նաև ասաց. «Այս ավտորիտար որոշման վերաբերյալ կլինեն համապատասխան գործընթացներ: Ուզում եմ տեղեկացնել, որ Ձեզ, պարոն Աբրահամյան, սպասվում են շատ դժվարին օրեր, այդ թվում` Ձեր կուսակիցներին: Բացի այն, որ դժվարին օրեր են սպասվում, այս գործողությունները Ձեզ չեն ներվելու»,- ինչին ի պատասխան հնչեցին հանրապետական պատգամավորների ծափահարությունները: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 3-ին հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ խորհրդակցելով խմբակցությունների հետ, մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում: Խորհրդարանի ղեկավարի այդ որոշման համար հիմք է ծառայում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1 ենթակետը: Աբրահամյանն իր հայտարարությունում նշել էր, որ ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածը պարունակում է մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք: Հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ նիստին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում էր հարցերին, Զարուհի Փոստանջյանը երկրի ղեկավարին հարցրել էր, թե արդյոք նա եղել է Եվրոպայի կազինոներից մեկում, որտեղ 70 միլիոն եվրո է կորցրել. « Ո՞վ է տվել Ձեզ այդ 70 միլիոն եվրոն և ինչի՞ դիմաց: Եթե այդքան չի կազմել, ապա որքա՞ն է կազմել խաղատանը կորցրած գումարը»,- հարցրել էր Փոստանջյանը, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ դա պատգամավորի «երևակայության հերթական արդյունքն է»: «Երբեք չեմ եղել Եվրոպայի որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում, ես, ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինելու 70 մլն եվրոյի: Եթե նման հնարավորություն ունենայի, մի մասը Ձեզ կտայի, որ գոնե մի քիչ գոհ լինեիք, ու այդքան չարություն Ձեր մեջ չլիներ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |