Ստամբուլում ձերբակալվել է Դինքի սպանության կազմակերպման գործով կասկածյալը

Ստամբուլում ձերբակալվել է Դինքի սպանության կազմակերպման գործով կասկածյալը

PanARMENIAN.Net - Փախուստի դիմած Էրհան Թունջելը, որին կասկածում են «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպելու մեջ, ձերբակալվել է հոկտեմբերի 23-ին Ստամբուլի Կումբուրգազ շրջանում փախուստից 38 օր անց: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, Թունջելին ձերբակալել են Star թերթին տված հարցազրույցից անմիջապես հետո: Ոստիկանությունը կասկածյալին 15 օր է որոնել, սակայն Թունջելը հայտարարել է, որ ապահովում էր իր անվտանգությունը: Նախօրեին Էրհան Թունջելը հարցազրույց է տվել Star թերթին, որտեղ հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել և նրան դեռ չեն ձերբակալել: «Ես մտադիր եմ ներկայացնել նոր փաստեր Դինքի սպանության վերաբերյալ և հանձնվել իշխանություններին առաջիկա օրերին»,-ասել է նա:

Ըստ նրա, Դինքի սպանությունը ցույց է տալիս, որ պետությունում կա մի կառույց, որը վեր է «Էրգենեկոնից» և խոչընդոտում է հանցագործության բացահայտմանը: «Ես դրա միայն մի փոքր մասնիկն եմ: Սակայն եթե որոշում կայացվի ձերբակալության մասին, մյուս կասկածյալները ևս պետք է ձերբակալվեն: Դատարանում ես ցուցմունքներ կտամ Տրաբզոնի ոստիկանության մասին, որը պետք է ներգրավվի այս գործի հետաքննությանը, քանի որ նրա դերը սպանության մեջ շատ մեծ է»,-ասել է Թունջելը՝ հավելելով, որ բոլորը գիտեին, որ Դինքին սպառնում են, սակայն ոչ ոք չէր խոչընդոտում դրան:

Դինքի սպանության մասին դատավարությունը վերսկսվեց սեպտեմբերի 17-ին Դինքի ընտանիքի փաստաբանների բողոքարկման արդյունքում: Էրհան Թունջելը եղել է Տրաբզոնի ոստիկանության իրազեկիչը հայ լրագրողի սպանությունից առաջ: 2012 թ. հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» հոդվածով: Յասին Հայալը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման, սպանությունը կատարած Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման:

Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում:

Էրգենեկոնը Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն է, որի անդամներից են Թուրքիայի զինված ուժերի և անվտանգության ծառայությունների որոշ բարձրաստիճան ղեկավարները, որոնք մեղադրվում են Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։Կազմակերպությունը անվանվել է ի պատիվ Ալթայի լեռներում առասպելական վայրի, որը, համաձայն թյուրքական լեգենդների, համարվում է բոլոր թյուրքերի հայրենիքը։Ենթադրվում է, որ կազմակերպության առաջնորդը նախկին գեներալ Վելի Քյուչյուքն է։ Իշխանությունները Էրգենեկոնը համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Ըստ Թուրքիայի հանրապետական դատախազության, Էրգենեկոնի հիմնական նպատակն է հիմք նախապատրաստել ռազմական հեղաշրջում կատարելու համար, երկրում քաոսի և ամենաթողության մթնոլորտ ստեղծելու եղանակով։

«Էրգենեկոն»-ի գործով ձերբակալվել է մոտ հարյուր մարդ` պետական հեղաշրջում պատրաստելու մեղադրանքով։ Անցած ամիս Թուրքիայի ԳՇ նախկին ղեկավար Իլկեր Բաշբուղը ցմահ բանտարկության ենթարկվեց 2003 թ. պետական հեղաշրջման փորձի համար: Ամենամեծ պատիժը ստացավ Թուրքիայի բանվորական կուսակցության նախկին առաջնորդ Դողու Փերինչեկը՝ նա դատապարտվեց 117 տարվա ազատազրկման: Գործով կայացվել է 21 արդարացնող դատավճիռ: Շուրջ 240 մարդ դատապարտվել է տարբեր ժամկետների ազատազրկման: Ընդամենը գործով անցնում է 400 մարդ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---