Հայաստանի 2014 թվականի պետբյուջեն առանձնանում է ծրագրային մոտեցմամբ

Հայաստանի 2014 թվականի պետբյուջեն առանձնանում է ծրագրային մոտեցմամբ

PanARMENIAN.Net - Որպես կանոն հերթական տարվա պետբյուջեն պետք է օրինաչափ կապ ունենա նախորդ տարվա բյուջեի հետ, ինչը մինչ օրս չէր նկատվում ՀՀ կառավարության բյուջետային պլանավորման դեպքում: Սակայն, զարմանալիորեն Հայաստանի 2014 թվականի պետբյուջեն առանձնանում է ծրագրային մոտեցմամբ:

Դա վկայում է, որ կառավարության թիմը մտադիր է առաջիկա տարիներին, իսկ ավելի ճշգրիտ առաջիկա 3 տարում, որոշակի արդյունքի հասնել և իր կազմում լուրջ կառուցվածքային փոփոխություններ չկատարել: Հոկտեմբերի 30-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Այդպիսով 2014 թ. պետբյուջեի ծախսերը պետք է շաղկապվեն պետկառույցների առանձին ծրագրերի հետ, որպեսզի գլխավոր փաստաթղթի կատարողականը հնարավոր լինի վերահսկել:

Միաժամանակ Գագիկ Մակարյանը ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ կառավարությունը մտադիր է 2014 թ. 34 մլրդ դրամով ավելացնել բյուջեի մուտքերը՝ ապահովելու համար աշխատավարձերի ու կենսաթոշակների նախատեսված բարձրացումը: Հավանաբար, դա կարվի ստվերային տնտեսության կրճատման հաշվին ու խոշոր տնտեսվարողների համար հարկային բեռի ավելացման հաշվին: 2014 թ. բյուջեում ավելին է նաև պակասուրդի չափը՝ 2013 թ. 110 մլրդ դրամի դիմաց այն նախատեսված է 115,5 մլրդ դրամ: Մտահոգիչ է ՀՀ պետպարտքը, որը աճի դինամիկա ունի, հատկապես ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում:

Գագիկ Մակարյանը նշել է, որ 2014 թվականին փոքր ու միջին ձեռնարկատերերի համար հեշտ չի լինի, քանի որ այդ հատվածում պետական քաղաքականությունը կրում է էմպիրիկ ու կլաստերային բնույթ, ոչ թե համակարգված: Ավելին, չլուծված են մնում կոռուպցիայի ու անհավասար մրցակցության հետ կապված շատ խնդիրներ:

Մակարյանը անդրադարձել է նաև պետգնումների թեմային, որը արդյունավետ աշխատանքի դեպքում կարող է ապահովել տեղական արտադրության ու ընդհանուր առմամբ երկրի կայուն զարգացման նվազագույն մակարդակը:

Ըստ 2014 թ. պետբյուջեի նախաբծի, ՀՀ համախառն բյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրլն 134 մլրդ դրամի չափով, ծախսերը՝ 1 տրլն 244 մլրդ դրամի չափով: ՀՆԱ իրական աճը նախատեսված է 5,2 տոկոս, իսկ 12-ամսյա գնաճի ցուցանիշը՝ 4 տոկոսի (±1,5%) սահմանում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---