Կ. Զատուլին. Գյուլիստանի պայմանագիրը հիմք դրեց Ռուսաստանի հետ կովկասյան ժողովրդների մերձեցմանը

Կ. Զատուլին. Գյուլիստանի պայմանագիրը հիմք դրեց Ռուսաստանի հետ կովկասյան ժողովրդների մերձեցմանը

PanARMENIAN.Net - Գյուլիստանի պայմանագիրը հիմք դրեց Ռուսաստանի հետ կովկասյան ժողովրդների մերձեցման համար, որի արտացոլումն է նաև այսօրվա ինտեգրումը հետխորհրդային տարածքում: Եվ Հայաստանի որոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Գյուլիստանի, Թուրքմանչայի պայմանագրերի ու հայ-ռուսական հարաբերությունների պատմության տրամաբանական հետևանքն է: Այդ մասին «Գյուլիստանի խաղաղ պայմանագիրը. պատմությունն ու արդիականությունը» թեմայով Մոսկվայում կայացած գիտաժողովում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Ըստ նրա, պայմանագրի շնորհիվ, ռուսներն իրավամբ դարձան «կովկասյան ազգության անձինք», քանի որ դա առաջին իրավաբանական փաստաթուղթն էր, որով ամրագրվեցին Ռուսաստանի իրավունքներն Անդրկովկասում: Ըստ Զատուլինի, այն տարիների իրադարձություններն անարդարացիորեն հայտնվեցին 1812 թվականի Հայրենական պատերազմի ստվերում և հիմա կարիք չկա լռել այդ մասին տուրք տալով քաղաքական նպատակահարմարությանը: Ակնհայտ է, որ նման կոնյուկտուրան անշուշտ առկա է և կլինի, սակայն դա առիթ չի տալիս հրաժարվելու սեփական պատմության անաչառ ու օբյեկտիվ ուսումնասիրությունից: «Ես չեմ ընդունում նկատառումները, որոնց համաձայն մենք պետք է մոռանանք մեր սխրանքներն ու փառքը, մեր նախնիներին, միևնույն է, ինչ ազգության էին նրանք, որոնք միասին մարտնչել են Կովկասի ազատագրման համար, Կովկասին խաղաղ ու արարիչ կյանք պարգևելու համար: Աշխարհաքաղաքական նկատառումները, ինչ-որ մեկին չնեղացնելու ցանկությունը, այս հարցի նրբությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը, ինձ չեն կանգնեցնում, քանի որ խոսքը մեր հիշողության, մեր գենետիկ կոդի մասին է»,-ասել է Կոնստանտին Զատուլինը:

Ինչպես նշեց ՌԴ Սևծովյան և Կասպից ավազանի սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը, գիտաժողովի մասնակիցները, որոնք ներկայացնում էին Ռուսաստանը, նրա ակադեմիական ինստիտուտներն ու ազգային համայնքները, ինչպես նաև Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, քննարկեցին Գյուլիստանի պայմանագրի ազդեցությունը Կովկասի քաղաքական զարգացման վրա, ներառյալ Կասպից ծովի խնդիրները, ազգամիջյան հարաբերությունները, կովկասյան պետսւթյունների փոխհարաբերությունները, գերտերությունների ազդեցությունը տարածաշրջանում: Արտաքին կողմերի դերը, ինչպիսիք են Անգլիան կամ Թուրքիան, կասկածներ չեն հարուցում: Արտատարածաշրջանային տերություններին հասցեագրված կոչերը չմիջամտել Անդրկովկասի տարածաշրջանին հազիվ թե հաշվի առնվեն այդ տերությունների կողմից: «Մեծ խաղը», որի մաս է կազմում նաև Գյուլիստանի պայմանագիրը, ինչպես հայտնի է, կավարտվի միայն այն ժամանակ, երբ «բոլորը մեռնեն»: Բայց ինչի հետ կարելի է համաձայնվել այն է, որ անվտանգությունը չես առնի, և որ Ռուսաստանը Կովկասում առանցքային նշանակություն ունի ռուսական պետության անվտանգության ապահովման տեսակետից»,-գտնում է Արշեևը:

ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությունը գիտաժողովին արդեն ավարտից հետո սուր արձագանք ստացավ ադրբեջանական ԶԼՄ-ներում: Մի շարք հրապարակումներում, որոնք ավելի շատ քաղաքական պատվերի են նման, գիտաժողովի կազմակերպիչները և ելույթնելով հանդես եկած փորձագետները համատարած մեղադրվեցին Ադրբեջանին սպառնալու և նույնիսկ նրա տարածքային ամբողջականությունը խարխլելու մեջ: Կարելի է ենթադրել, որ այդ նյարդային մեկնաբանությունները կարող են կապված լինել այդ թվում նաև մի քանի օր առաջ կայացած Օլեգ Կուզնեցովի գրքի շնորհանդեսի հետ, որի թեզերը հայ ժողովրդի մասին տարակուսանք առաջացրեցին: Սակայն «տեղեկատվական սրացման» հերթական փուլն ավելի շատ հիստերիա էր հիշեցնում, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների «գրոհներն», ինչպես նշեց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը, զուրկ են տրամաբանությունից: Էլեկտրոնային ԶԼՄ-ներն ու հեռուստատեսության ներկայացուցիչները ներկա են եղել գիտաժողովին, իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների բացակայությանը, ապա, ըստ Ալեքսանդրովի, նրանց հրավիրելն անիմաստ էր: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ադեկվատ ադրբեջանցի փորձագետները, որոնք կարող են ակադեմիական երկխոսություն վարել, չեն կարող արտահայտվել առանց համապատասխան թույլտվության վերևից: Միայն հրավերը Մոսկվա, այն էլ այն մարդու ստորագրությամբ, որն անցանկալի անձ է հայտարարված Ադրբեջանում, անցանկալի հետևանքներով էր սպառնում, և լուրջ ադրբեջանցի գիտնականների հրավեր չուղարկելու փաստը կարելի է դիտարկել որպես նրանց անվտանգության համար հոգալու անհրաժեշտություն: Ստեղծված իրավիճակը կապված է բացառապես Ադրբեջանում խոսքի ազատության բացակայության ու նորմալ ակադեմիական բանավեճեր վարելու անհնարինության հետ: Երբ ըստ էության բան չունես ասելու, գործի են դրվում պիտակներն ու ավելի քան տարօրինակ մեղադրանքները:

Գյուլիստանի Հաշտության Պայմանագիրը 1813, ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև հոկտեմբերի 24–ին, Ղարաբաղի Գյուլիստան (Խաչեն) գյուղում, 1804-1813 ռուս–պարսկական պատերազմից հետո։

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթիան, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները։ Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Առաջադիմական նշանակություն ունեցավ Անդրկովկասի ժողովուրդների համար. նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ 1828–ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումով Գյուլիստանի հաշտության պայմանագրը չեղյալ համարվեց:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---