ԵԱՀԿ ՄԽ-ն համառորեն չի նկատում Բաքվի լկտի սադրանքներն ու ռազմաշունչ հռետորաբանությունը

ԵԱՀԿ ՄԽ-ն համառորեն չի նկատում Բաքվի լկտի սադրանքներն ու ռազմաշունչ հռետորաբանությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ գալիք տարվա սկզբին տեղի կունենա Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը: Այդ մասին հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թուրան» գործակալությանն ու «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջնորդների այս այցը տարածաշրջան ու իրավիճակը ղարաբաղյան կարգավորման շուրջ:

«Այս այցը մեր կանոնավոր այցերի բաղկացուցիչ մասն է: Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մենք կմեկնենք Ադրբեջանից Հայաստան հանդիպելու համար ՀՀ նախագահի հետ: Մենք ցանկանում ենք, որ հանդիպումները նախագահների միջև շարունակվեն: Մենք ծրագրում ենք և ակնկալում ենք, որ նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին»,-ասել է Ուորլիքը:

Այն հարցին, թե որտեղ և երբ է նախատեսվում երկու երկրների ղեկավարների հանդիպումը, Ուորլիքն ասել է, որ հանդիպման վայրն ու հստակ ամսաթիվը դեռ հայտնի չեն: «Սակայն ԱԳ նախարարները քննարկել են այդ հարցը և հուսով ենք, որ հարցը շուտով կպարզվի»,-ասել է նա:

Ինչպես նշել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը, նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպմանը կողմերի երկխոսությունը վերսկսվեց ու այն կարևոր է երկարատև կարգավորման հասնելու տեսակետից և արդեն իսկ դրական հետևանքները տեսանելի են: Ըստ Ուորլիքի, մասնավորապես, նվազել է միջադեպերի ու մահացու դեպքերի քանակը շփման գծում: «Զգալիորեն մեղմացել է պետությունների ղեկավարների ռազմատենչ հռետորաբանությունը: Այս ամենը շատ կարևոր է երկխոսության հաստատման համար, կորուստների կրճատման ու լարվածության նվազեցման համար»,-ասել է Ուորլիքը:

Այն հարցին, թե կան որևէ նոր առաջարկներ, որոնք կխթանեն բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա, Ուորլիքն ասել է. «Անշուշտ, մենք նոր գաղափարների կողմնակիցներ ենք: Սակայն, ինչպես և ինչ ձևով կլուծվի այդ հարցը, կողմերը իրենք պետք է որոշեն: Մեր խնդիրն է օգնել նրանց: Եթե կողմերը ցանկանում են հարցերը լուծել այս շրջանակում, ապա մենք կարող ենք օգնել: Եթե նրանք դա ցանկանում են անել նոր ուղիների, ձևերի հիման վրա, ապա մենք կօգնենք նրանց դրանում»:

Ինչպես նշել է Ուորլիքը, և Երևանը, և Բաքուն ձգտում են այնպիսի լուծման, որը բխում է Հայաստանի ու Ադրբեջանի շահերից: «Մենք որպես միջնորդներ կարգավորման այնպիսի տարբերակ ենք ցանկանում, որը կբխի բոլոր կողմերի շահերից»,-հայտարարել է ամերիկացի համանախագահը:

Ըստ նրա, պատերազմը շատ թանկ է նստում երկու կողմերի վրա և խոսքը միայն մարդկային կորուստների մասին չէ: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից ձերբազատվելը կնպաստեր ներդրումների աճին, երկու ժողովրդների նյութական բարգավաճմանը: «Երևանում և Բաքվում կայացած բանակցություններում ես զգացի նախագահների նման ուղի գտնելու ցանկությունը, որը կապահովեր տևական խաղաղություն»,-ասել է Ուորլիքը:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր են արդյոք նոր նախաձեռնություններ ԱՄՆ կողմից, Ուորլիքն ասել է, որ ԱՄՆ համար հիմնական գերակայությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ:

Անդրադառնալով Թուրքիայի դերին հակամարտության կարգավորման հարցում ու ազդեցությանը հայ-թուրքական սահմանի բացման վրա՝ Ուորլիքն ասել է. «Թե ինչ դեր կարող է ունենալ Թուրքիան հակամարտության կարգավորման մեջ իմ իրավասության մեջ չի մտնում: Սակայն ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դեր կատարել»:

Կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության անհրաժեշտության մասին մի շարք փորձագետների կարծիքը մեկնաբանելու խնդրանքին Ուորլիքը հայտարարել է, որ շատ լավ հարաբերություններ ունի ռուս համանախագահի հետ, որը երկար ժամանակ է զբաղվում է այս հարցով ու փորձառու դիվանագետ է:

«Ղարաբաղյան կարգավորման հարցում ԱՄՆ ու ՌԴ դիրքորոշումները համընկնում են: ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ԵՄ-ն, որպես գործընկերներ, նույնպես հանդես են գալիս միասնական դիրքերից: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես հասնել կարգավորման, ապա դա պետք է անեն հակամարտության կողմերը, ոչ թե ինչ-որ պետություն»,-ամփոփել է Ջեյմս Ուորլիքը, հայտնում է Panorama.am-ը:

Դեկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով զոհվեց ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Պողոսյանը: Ինչպես ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ, ադրբեջանական կողմն անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հրադադարի ռեժիմը պահպանելու կոչերը: Ինչպես ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունում, նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը՝ արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով այս ամբողջ ընթացքում հայկական կողմը չի արձակել ոչ մի կրակոց:

«Դեկտեմբերի 14-ի միջադեպը, որի ժամանակ հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Պողոսյանը, հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես` Համանախագահների Բաքվում գտնվելու ժամանակ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---