Գազային համաձայնագրից ԱԺ-ում բողոքում էին պատգամավորները, շենքից դուրս՝ ցուցարարները

Գազային համաձայնագրից ԱԺ-ում բողոքում էին պատգամավորները, շենքից դուրս՝ ցուցարարները

PanARMENIAN.Net - Առավոտից Ազգային ժողովում ու հարևանությամբ բոլորը խոսում էին գազից ու գազի վերաբերյալ վերջերս ստորագրված համաձայնագրերից, որոնք Կառավարության խնդրանքով հրավիրված արտահերթում ի թիվս այլ հարցերի խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, պիտի վավերացներ:

Մինչև խորհրդարանը կսկսեր քննարկումները, մի քանի ժամ առաջ ԱԺ շենքի դիմաց արդեն հավաքվել էին մի խումբ երիտասարդներ, ըստ որոնց «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որն ԱԺ-ն պատրաստվում է վավերացնել, «ՀՀ-ն 30 տարով սուվերենությունից զրկելու, ինքնիշխանությունը կորցնելու, Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 2-ին կայացրած որոշում» է:

Մինչ պատգամավորները հարցեր էին ուղղում էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, շենքից դուրս ակտիվիստները փորձում էին փակել Բաղրամյան պողոտան, ինչն ոստիկանները կանխեցին ու արդյունքում ցուցարարներից 12-ին բռնությամբ նստեցրին ոստիկանական մեքենաները, իսկ մոտ կես ժամ պահելուց հետո ազատ արձակեցին, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մեքենայում մնաց միայն մեկը, ով ինչպես փոխանցեցին ազատ արձակվածները, քթին հարված էր ստացել և այդ պահին բուժօգնություն էր ստանում։

Երթևեկությունը վերականգնելուց հետո ոստիկանները ցուցարարներին հրելով տեղափոխեցին դեպի մայթ, որտեղ էլ նրանց շուրջ օղակ կազմեցին: Անգամ լրագրողներին թույլ չէր տրվում դուրս գալ օղակից. ի դեպ, իրավապահները նման վարքագծի անհրաժեշտությունը չէին բացատրում։

Մոտ 20 րոպեից ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. այդ պահին ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին, մոտենալով փոխոստիկանապետին, սկսեց բղավել և պահանջել, որ բացեն ճանապարհը։ Օսիպյանն ի պատասխան խորհուրդ տվեց դիմել հոգեբույժի։ Ցուցարարների հարցին, թե ինչ օրենքով են ոստիկանները ցուցարարներին օղակի մեջ վերցրել, իրավապահը պատասխանելու փոխարեն հրամայեց բացել մայթը։

Քիչ անց Գասպարին բերման ենթարկվեց, Երևանի փոխոստիկանապետի խոսքով՝ կարգը խախտելու համար։ Ակտիվիստներին միացած ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Վահան Բաբայանը նշեցին, որ ոստիկաններն իրավունք չունեին բերման ենթարկել ակտիվիստներին։

Մինչ դրսում պատգամավորները բանակցում էին Վարդգես Գասպարիին բաց թողնելու մասին, խորհրդարանի պատերից ներս պատգամավորները հարցեր էին ուղղում Արմեն Մովսիսյանին: ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչ է անելու Հայաստանը, եթե «Գազպրոմն» որոշի վաճառել բաժնետոմսերի մի մասն այս կամ այն երկրին, նախարարը պատասխանեց.

«Բաժնետոմսերն իրացնելու մասով «Գազպրոմը» պիտի ստանա Հայաստանի համաձայնությունը, այլապես չի կարող վաճառել դրանք»:

Նախարարը նշեց նաև, որ համաձայնագրերի ուժի մեջ մտնելուց հետո գազի սակագինը կլինի համապատասխան մարմնի հսկողության ներքո: Անդրադառնալով որոշ պատգամավորների մտահոգություններին, թե համաձայնգրերը թույլ չեն տա օգտվել էներգետիկ այլ աղբյուրներից, գերատեսչության ղեկավարը հավաստիացրեց, որ դրանք առհասարակ փոխկապակցված չեն.

«Հորդորում եմ ևս մեկ անգամ մանրամասն կարդալ համաձայնագիրն ու կողմ քվեարկեք»,- նշեց նախարարը:

Երկար ու բուռն քննարկումներին հաջորդած եզրափակիչ ելույթներում ոչ իշխանական բոլոր խմբակցությունները հայտարարեցին, որ համաձայնագիրն «ամոթալի է և հակասում է Հայաստանի շահերին»:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը խմբակցության անունից հայտարարեց, որ այն չի ապահովում Հայաստանի էներգետիկ համակարգի բնականոն առաջընթացն ու ողջամիտ բացատրություն չկա, թե ինչու մինչև 2043-ը Հայաստանն իրավունք չունի որևէ ձևով միջամտել տրված արտոնություններին, գրում է Tert.am-ը։

«Նշանակում է Հայաստանի ամբողջ տնտեսությունը «Գազպրոմից» կախվածության մեջ է դրվում,- ասաց պատգմավորը՝ նշելով, որ 300 մլն ԱՄՆ դոլարի պարտքի դիմաց 20%-ի վաճառքի գնահատումը չի բխել Հայաստանի շահերից։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դահլիճում նստած «օլիգարխ պատգամավորներին» հիշեցրեց, որ ՀՀ շուկա արտոնյալ վիճակով «Գազպրոմի» մուտք գործելը ոչ միայն ժողովրդին է վնասելու, այլև իրենց։ Պատգամավորը տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու և կոչ արեց 2014-ին համապատասխան կոմիտե ստեղծել։

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրության ու բյուջեի մասին օրենքի կոպտագույն խախտումներով կատարված այս գործարքը ծառայել է մեկ նպատակի՝ հետաձգել գազի բարձրացման հետևանքով սոցիալական անխուսափելի դժգոհությունները։

«Յուրաքանչյուր պատգամավոր, որ քվեարկի այս գործարքի օգտին, առաջին հերթին իր վրա է վերցնում պատասխանատվությունը»,- ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը։ Նրա համոզմամբ՝ ռուսական կողմը Հայաստանի կառավարությանն առաջարկել է իր շահերը պաշտպանող տեքստ, որն էլ վերջինս «վասալային կարգով» ստորագրել է։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում հղում անելով ՍԴ-ի որոշմանը՝ նշեց, որ մեղադրանքներն ու գնահատականները տեղին չեն։

«Կա ՍԴ-ի որոշումը, և իրավական պետությունում ՍԴ-ի որոշումները մեկնաբանության ենթակա չեն, սա է փաստը, այլ ճանապարհ չկա»,- ասաց նա:

Մի խումբ քաղաքացիներ վերջերս դիմել էին Սահմանադրական դատարան՝ Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի ու հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Դեկտեմբերի 19-ին դատարանը հրապարակել էր Հայաստանի սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Ըստ որոշման, համաձայնագիրն իր պարտավորություններով համապատասխանում էր Սահմանադրությանը:

Շարմազանովը զարմացավ, որ քննադատում են՝ հաշվի չառնելով, որ գազի գինը 270 դոլարից իջեցվել է 189 դոլար.«Կարծում եմ՝ որոշում կայացնելիս պետք է առաջին հերթին հաշվի առնենք յուրաքանչյուր քաղաքացու և ոչ թե այսօրվա, այլ սերունդների շահն ու պետական շահը, իսկ դրանք պահանջում են, որպեսզի վավերացնենք այս պայմանագիրը»,- ասաց նա։

Ժամը 18:00-ին համաձայնագիրը պետք է դրվեր քվեարկության: Ավելի վաղ ակտիվիստները պայմանավորվել էին հենց այդ ժամին էլ կրկին հավաքվել Ազգային ժողովի դիմաց:

Ընդդիմադիր պատգամավորները հիմնականում ներկա էին, գրում է «Առավոտ»-ը, Հանրապետականների մեծամասնությունը՝ ոչ: Հովիկ Աբրահամյանը նախ կոչ արեց պատգամավորներին ներկայանալ դահլիճ, այնուհետև առաջարկեց համաձայնագիրը քվեարկության դնել վաղը՝ ժամը 12:00-ին: Ազգային ժողովը լքող պատգամավորներին մուտքի մոտ հավաքված ակտիվիստները ճանապարհում էին «դավաճան, դավաճան» վանկարկումներով:

Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին այցինկողմերը 12 համաձայնագիր էին ստորագրել, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվել էր 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։ Ավելի ուշ ՌԴ ղեկավարը նկատել էր, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը կկազմի 189 ԱՄՆ դոլար հազար կուբամետրի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---