14  23.12.13 - Բողոքի ցույց ընդդեմ ՌԴ հետ գազի վերաբերյալ համաձայնագրերի վավերացման

Օրն ԱԺ-ում ու դրանից դուրս. Գազի համաձայնագրերը, հաշվիչ հանձնաժողովն ու «գողացված» քարտերը

Օրն ԱԺ-ում ու դրանից դուրս. Գազի համաձայնագրերը, հաշվիչ հանձնաժողովն ու «գողացված» քարտերը

PanARMENIAN.Net - Գազային պայմանագրի մասին ուրբաթօրյա կրքերն Ազգային ժողովում արդեն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, նոր թափ առան: Արտահերթի վերջին օրը խորհրդարանը քվեարկությամբ պիտի վավերացներ (կամ՝ ոչ) դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի Երևան այցին ստորագրված համաձայնագրերը: Մինչև պատգամավորները կհավաքվեին նիստերի դահլիճում, Ազգային ժողովի դիմաց արդեն մարդաշատ էր: Հավաքվել էին «Որոշողը մենք ենք» նախաձեռնության անդամները, ովքեր երեկ ամբողջ օրը ֆեյսբուքի միջոցով պայմանավորվում էին՝ ինչ են անելու, ու թե ինչպես համաձայնագրերը վավերացողները «չեն մարսելու» կողմ քվեարկած ձայնը: Իմիջիայլոց, խորհրդարան մտնող հանրապետականներին ակտիվիստները դիմավորում էին «ստրուկներ», «թուրքեր» խոսքերով:

Նիստը մեկնարկին գրանցվեց 114 պատգամավոր: Վարման կարգով ձայն խնդրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով ասաց, թե դրսում հավաքված ցուցարարներն ասում են՝ «ով կողմ քվեարկի՝ դավաճան է»։ Նա չկարողացավ ավարտել խոսքը, քանի որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պահանջեց անջատել պատգամավորի խոսափողը՝ կոչ անելով խոսել միայն վարման կարգի վերաբերյալ: Այդ ընթացքում «Որոշողը մենք ենք», «Մի վաճառեք» ու մի քանի այլ գրությամբ պաստառները ձեռքին ԱԺ դահլիճ մտավ մի քանի լրագրող, ովքերպատգամավորներինլուռ կոչ էին անում «խելքի գալ» ու դեմ քվեարկել համաձայնագրերի վավերացմանը:Ժառանգական պատգամավորից հետո վարման կարգով ձայն խնդրեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, ով ԱԺ նախագահից պահանջեց դուրս անել լրագրողներին: Պատգամավորի խոսափոխը ևս անջատվեց, ինչից հետո Աբրահամյանը հայտարարեց՝ քվեարկությունը սկսված է:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ նախագահից 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Մինչ այդ, չնայած ցրտին, Բաղրամյան պողոտայում բողոքողների քանակն ավելանում էր, իսկ ոստիկանությունը հայտարարում՝ հավաքն արտոնված չէ ու ցանկացած պահի իրավապահները կարող են սկսել ցրել ցուցարարներին: «Որոշողը մենք ենք»-ի ակտիվիստներին էին միացել նաև կուտակայինի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստները: Այսօրվա հիմնական կոչերից մեկն «Ազատ, անկախ Հա-յաս-տանն» էր:

Խորհրդարանում ընդմիջման ավարտին Զարուհի Փոստանջյանին հաջողվել էր «գողանալ» մի քանի ՀՀԿ-ականի քարտերը` զրկելով վերջիններիս քվեարկության հնարավորությունից: Երբ նիստը վերսկսվեց, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց այդ մասին՝ հավելելով նաև, որ քանի որ քվեարկել իր գործընկերներն էլեկտրոնային տարբերակով չեն կարող, քվեարկությունը կկազմակերպվի Հաշվիչ հանձնաժողովի օգնությամբ:

«Քանի որ ընդդիմության որոշ պատգամավորներ փորձում են ձախողել քվեարկությունը, ձայները կհաշվի ահաշվիչ հանձնաժողովը:ՀՀԿ-ին խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, իրենց նպատակն է ձախողել քվեարկությունը»,- նշեց Հովիկ Աբրահամյանը՝ հայտարարելով՝ քվեարկությունը սկսված է:

Երբ հանձնաժողովը հաշվեց ձայներն ու ասաց, որ համաձայնագրին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, ոչ-իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները սկսեցին լքել դահլիճը՝ այդպիսով բոյկոտելով քվեարկությունը: Դահլիճում մնացին միայն ՀՀԿ ու ՕԵԿ պատգամավորները, ովքեր էլ 77 կողմ, 0 դեմ ու 0 ձեռնպահ ձայների մեծամասնությամբ վավերացրին համաձայնագրերն ու օրակարգում ներառված մյուս օրենքների նախագծերը: Քվեարկությունն ավարտվեց, լրագրողներն իրեցն սենյակից սկսեցին հարվածել ապակուն՝ այդպիսով միանալով դրսում բողոքող ցուցարարներին:

ԱԺ խոսնակը հայտարարեց, որ նախագծերի ու համաձայնագրերի երկրորդ ընթերցումը կսկսվի մի քանի ժամից:

Ոչ իշխանական խմբակցությունների ղեկավարներն այդ ընթացքում արդեն միացել էին ցուցարարներին, ովքեր նրանցից պահանջում էին վայր դնել մանդատները: Ինչպես ասաց Լևոն Զուրաբյանը, այս հարցն այդպես չեն թողնի: Ըստ նրա, քվեարկությունն անօրինական է, քանի որ Հաշվիչ հանձնաժողովի անդամներից 4-ը ներկա չէին: Պատգամավորը տեղեկացրեց, որ կհավաքվեն 4 խմբակցությունով ու կորոշեն՝ ինչ անել:

Ելույթ ունենալով ԱԺ դարպասների դիմաց, որոնց հետևում շարունակում էին զարդարել խորհրդարանի բակի տոնածառը, Արամ Մանուկյանը նշեց, որ հենց ցուցարարներին շնորհիվ է, որ չորս խմբակցություն միավորվեց։

«Ձեզ հետ ենք։ Չորս խմբակցություն հիմա համատեղ ասուլիս են անելու առ այն, որ քվեարկություն տեղի չի ունեցել»,- նշեց նա, այնուհետև պատգամավորները վերադարձան խորհրդարան՝ համատեղ քննարկման։

Ցուցարարների մի մասը որոշեց երթով շարժվել դեպի Ազատության հրապարակ՝ ճանապարհին իրազեկելով անցորդներին: Որոշ ժամանակ անց, Լևոն Զուրաբյանը, վերադառնալով,կարդաց 4 ոչ-իշխանական ուժերի համատեղ հայտարարությունը, համաձայն որի Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված 7 անդամից 4-ը (Տիգրան Ուրիխանյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը եւ Թևան Պողոսյանը) քվեարկությանը ներկա չեն եղել:

«Այսպիսով, 2013թ դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ կառավարության ու ՌԴ կառավարությանբ միջև «Հայռուսագազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի ու հետագա գործունեության պայմնանների մասին համաձայնագրի վավերացման որոշում չի ընդունվել: Համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վավերացված չէ»,- ասված է հայտարարությունում:

Պատգամավորները եզրափակեցին, որ կդիմեն Սահմանադրական դատարան՝ քվեարկության բողոքարկման:

Քիչ անց Ազգային ժողովում կրկին վերսկսվեց նիստը, որին ներկա էր 71 պատգամավոր (ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից): Ոչ-իշխանական խմբակցություններից ոչ ոք կրկին չէր ներկայացել: Քվեարկությունը մեկնարկեց ու 71 կողմ ձայնով խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ վերջնականապես վավերացրեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ՀՀ Կառավարությանը պատկանող 20 տոկոսի բաժնեմասի ռուսական «Գազպրոմին» վաճառելու վերաբերյալ համաձայնագիրը:

Իմիջիայլոց, մինչև նիստի մեկնարկը, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հաշվիչ հանձնաժողովի նախագահը ներկայացրել է գրություն, համաձայն որի առաջին քվեարկությանը սխալմունք է եղել, որի արդյունքում 77 կողմ ձայն է գրանցվել, մինչդեռ փաստացի կողմ է քվեարկել 72 պատգամավոր:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին Երևանում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցից ավարտին։ Համապատասխան դրա` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս-հայկական համատեղ ՓԲԸ- բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը:

Ըստ պայմանագրի` էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Գազպրոմ»-ին է փոխանցում «ՀայՌուսգազարդ»-ի սովորական անվական բաժնետոմսերի փաթեթը, որը կազմում է 20 տոկոս։ Այս ամենի արդյունքում «ՀայՌուսգազարդ»-ում «Գազպրոմ»-ի մասնաբաժինն 80 տոկոսից կդառնա 100 տոկոս։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելու որոշումն ընդունվել է կուտակված պարտքերի փոխանակմամբ։

Համաձայնագրի նախագծի համաձայն, Ռուսաստանն երաշխավորում է Հայաստանին «Գազպրոմ»-ի կողմից բնական գազի մատակարարումներ ապահովել` հանրապետության ներքին կարիքների ամբողջական բավարարման համար անհրաժեշտ ծավալներով, հայկական տնտեսվարող սուբյեկտների կողմից մատակարարվող բնական գազի ամբողջական և ժամանակին վճարման պայմանի դեպքում` հաշվի առնելով դեպի Հայաստան բնական գազի տարանցիկ հնարավորությունները, ներառյալ` գազի տեղափոխման տեխնիկական վիճակը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---