19 ապրիլի 2006 - 20:43 AMT
Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ դինամիկ է զարգանում
Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը դինամիկ է զարգանում եւ այժմ գրեթե մշակված է Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Մարի-Անն Իսլեր Բեգինը: Նրա խոսքերով, ծրագիրն առաջիկայում կներկայացվի Բրյուսելում: «Մեր պատվիրակությունը ակտիվորեն է մասնակցում Հայաստանի համար ծրագրի մշակմանը եւ մենք հուսով ենք, որ դա նոր փուլ կլինի եվրակառույցներին ձեր երկրի ինտեգրման գործում»,-նշել է նա:

Իսլեր Բեգինն ասել է, որ այդ գործում պատվիրակությունը համագործակցում է եվրոպական երկրների հայ համայնքների հետ: «Դրանք բավականին մեծաթիվ են եւ բավարար ազդեցություն ունեն իրենց բնակության պետություններում»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ ֆրանսիացի պատգամավորն ընդգծել է, որ «Եվրոպական հարեւանության քաղաքականություն» ծրագիրը միայն առաջին փուլն է Հայաստանի եւ այլ ներգրավված երկրների համար: «Ծրագրի հաջող իրականացումն երկրին իրավունք չի տալիս մասնակցելու ԵՄ աշխատանքին նույնիսկ դիտորդի կարգավիճակով: Անդամակցությունը ԵՄ-ին դա երկրորդ, բավականին երկարատեւ փուլն է»,-ընդգծել է նա: