Կառավարության հակածխախոտային պայքարն անարդյունավետ է. Հայաստանն աշխարհի 4-րդ ամենածխող երկիրն է

Կառավարության հակածխախոտային պայքարն անարդյունավետ է. Հայաստանն աշխարհի 4-րդ ամենածխող երկիրն է

PanARMENIAN.Net - Հայաստանն աշխարհի չորրորդ երկիրն է ծխող տրամարդկանց թվով` պարզել են Վաշինգտոնի համալսարանի` Առողջության չափման և գնահատման ինստիտուտի (IHME) հետազոտողները:

Հունվարի 8-ին Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում հրապարակված «Ծխելու տարածվածությունն ու ծխախոտի սպառումը 187 երկրներում 1980-2012 թվականներին» ուսումնասիրությունը լրացնում է Հայաստանի կառավարության մտահոգությունները երկրում ծխելու տարածվածության վերաբերյալ:

Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում կամ Ինդոնեզիայում ամեն օր ծխում է տղամարդկանց 50 տոկոսից ավելին, ըստ ուսումնասիրության` Հայաստանի ցուցանիշը` 51,7 տոկոս է: Ծխող կանանց ցուցանիշով աշխարհում առաջատար են Հունաստանն ու Բուլղարիան:

Հետազոտությունը հիմնվել է երկրներում արված հարցումների, պաշտոնական վիճակագրության, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների վրա: Դրա հեղինակները կարևոր են համարում ծխախոտի վերահսկման խիստ գործողություններ հատկապես այն երկրներում, որտեղ ծխողների թիվն աճում է:

Հայաստանի կառավարությունը, ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, փորձելով խստացնել հակածխախոտային պայքարը, նախ սահմանափակումներ է նախատեսում ծխախոտի գովազդի համար` «Գովազդի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթ մշակելով:

«Ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում: Պայմանավորվենք, որ մենք սա պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում և փորձելու հասարակության մեջ էլ տրամադրություն ստեղծել, որպեսզի օժանդակեն մեզ այս հարցում»,- հայտարարել է վարչապետը անցած տարի նոյեմբերին կառավարության նիստի ընթացքում:

Գործադիրը նպատակ ունի օրենքով արգելել ծխախոտի ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը:

Ոլորտի փորձագետները բազմիցս ահազանգում են, որ Հայաստանում հատկապես տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործումը հանրային առողջապահական լուրջ հիմնախնդիր է:

Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական կենտրոնի հակածխախոտային ծրագրի ղեկավար, բժիշկ, «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի անդամ Նարինե Մովսիսյանն ասում է` «Օրենքն ինքնին 10 տարվա վաղեմություն ունի, դրա շատ դրույթներ չեն համապատասխանում ԱՀԿ «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» դրույթներին և այն պետք է լրջորեն վերանայվի»:

2010 թվականին կառավարությունը, ի դեմս Արդարադատության նախարարության, հակածխախծոտային նոր նախագիծ էր մշակել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` նկատի առնելով հին օրենքի անկատարությունը: Չնայած 2011-ի փետրվարից մինչև հոկտեմբեր այն խորհրդարանում էր, սակայն, հետ էր կանչվել նախարարություն՝ լրամշակվելու համար:

Ներկայումս Հայաստանում գործող օրենսդրությունը չի ապահովում ծխախոտի ծխից համապարփակ պաշտպանությունը, այսինքն չի նախատեսում ծխելու արգելք հանրային վայրերում, բացառությամբ առողջապահական, կրթական, մշակույթի հաստատությունների և հանրային տրանսպորտի: Ավելին, այն ընդհանրապես չի կարգավորում ծխախոտի օգտագործումը հանրային սննդի վայրերում:

Արդյունավետ հակածխախոտային պայքարը, ըստ Մովսիսյանի, նաև ներառում է ծխախոտային ապրանքատեսակների նկատմամբ այնպիսի գնային քաղաքականության որը կնվազեցնի ծխախոտի մատչելիությունը բնակչության և հատկապես երիտասարդների շրջանում:

Ազգային ժողովի օրակարգումընդգրկված նախագիծը դեռևս քննարկման կարիք ունի, քանի որ սահմանափակ փոփոխություններ է նախատեսում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---