Open Doors. 2013-ին քրիստոնյա նահատակների քանակը կրկնապատկվել է

Open Doors. 2013-ին քրիստոնյա նահատակների քանակը կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - Քրիստոնյաների նահատակության գաղափարը կարող է քաղաքակրթվածությունից զուրկ անցած դարաշրջանների տարր թվալ, երբ հավատացյալներին անողոքաբար առյուծների բաժին էին դարձնում: Բայց դա այդպես չէ: Այս շաբաթ Open Doors կազմակերպությունը, որն աջակցում է աշխարհում հալածանքների ենթարկվող քրիստոնյաներին, հայտնել է, որ քրիստոնյաների նահատակությունը վերածվել է խորն ու սարսափելի ճգնաժամի մարդու իրավունքների ոլորտում:

Ինչպես գրում է The Daily Beast-ը, այն 50 երկրի ցանկում, որտեղ քրիստոնյաներն ամենից շատ են հալածվում, 2013-ին նահատակների թիվն աճել է երկու անգամ: Ըստ զեկույցի, անցյալ տարի նման դեպքերը 2 123 էին, 2012-ին՝ 1 201: Միայն Սիրիայում անցյալ տարի նահատակվել է 1 213 մարդ: Բացի այդ, քրիստոնյաներն ամբողջ աշխարհում շարունակում են տառապել խտրականությունից, ազատազրկման են ենթարկվում, հալածվում են ու սեռական նկրտումների ենթարկվում, արտաքսվում սեփական երկրներից միայն հավատը չուրանալու պատճառով:

Ինչպես և նախորդ տարի, ամենից շատ քրիստոնյաներին հալածում են Հյուսիսային Կորեայում, որտեղ կալանավայրերում տարբեր գնահատականներով 50-ից՝ 70 հազար քրիստոնյա պատիժ է կրում այնպիսի «հանցանքների» համար, ինչպիսիք են Աստվածաշնչի առկայությունը, եկեղեցի այցելելն և հավատի մասին խոսակցությունները:

Սիրիան, որը կազմակերպության ցուցակում երրորդն է, վերջին տարում քրիստոնյաների համար դժոխքի է վերածվել: 2013-ի դեկտեմբերին Հադսոնի ինստիտուտի աշխատակցուհի Նինա Շին պատմել է, որ Սիրիայից ստացած հաղորդագրությունում ասվում էր «առևանգումների, սպանությունների, բռնաբարությունների, փրկագին պահանջելու մասին»: «2013-ը Սիրիայի քրիստոնյաների համար ողբերգական էր: Բոլոր սիրիացիները ցավ ու տառապանքներ են կրում, սակայն քրիստոնյաները հաճախ ստիպված են կյանքով վճարել սեփական հավատի համար: Մեր եպիսկոպոսներին ու միանձնուհիներին առևանգել, քաղաքական առաջնորդին խոշտանգել ու սպանել են: Քրիստոնյաների գյուղերը հարձակման են ենթարկվել, քանդել եկեղեցիները: Սադադում անգամ զանգվածային հուղարկավորության վայրեր են հայտնաբերվել: Իսլամիստները քրիստոնյաներին կանգնեցրել են ընտրության առջև. իսլամ կամ մահ: Ուրեմն ինչո՞ւ է Արևմուտքը լռում»:

Քրիստոնյաների հալածանքների մասին ահասարսուռ նորություններ են գալիս նաև աֆրիկյան Էրիթրեայից, որը 12-ն է Open Doors-ի ցուցակում: «Գլոբալ պատերազմ քրիստոնյաների դեմ» գրքում լրագրող Ջոն Լ.Ալենը գրում է, որ Էրիթրեայում քրիստոնյաներին ուղարկում են Մետեր ռազմական ճամբարը, որը «քրիստոնյաների համար համակենտրոնացման ճամբար է»: Համարվում է, որ այնտեղ հազարավոր մարդիկ են պահվում, որոնք իրենց կրոնական համոզմունքների համար պատիժ են կրում:

2013-ի դեկտեմբերին ելույթ ունենալով խորհրդաժողովում, որի կազմակերպիչը Ջորջթաունի Religious Freedom Project համալսարանն էր, Ալենը լսարանին ասել է. «Երկրներում, որտեղ հալածանքներ են արձանագրվում, միշտ նույն հարցն եմ տալիս քրիստոնյաներին՝ ի՞նչ կարող ենք անել ձեզ համար: Ամենից հաճախ ասում են. մի մոռացեք մեզ», գրում է «ԻնոՍՄԻ.ռու-ն»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---