Դոնոր երկրները սիրիացի փախստականների համար մոտ 2,4 մլրդ դոլար են հավաքել

Դոնոր երկրները սիրիացի փախստականների համար մոտ 2,4 մլրդ դոլար են հավաքել

PanARMENIAN.Net - Դոնոր երկրները Սիրիայի համար մոտ 2,4 մլրդ դոլար են հավաքել Քուվեյթում երկրորդ միջազգային խորհրդաժողովի արդյունքում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Ավելի վաղ Քուվեյթի շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հայտարարել է, որ 500 մլր դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, գրում է Reuters-ը:

Իր հերթին Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ևս երկու մասնակից՝ Քաթարն ու Սաուդյան Արաբիան, հայտարարեցին Սիրիայում հումանիտար ծրագրերի լրացուցիչ ֆինանսավորման մասին 60 մլն դոլարով յուրաքանչյուր երկրից:

«Սիրիացի ժողովրդին օգնության քանակը հասել է 250 մլն դոլարի»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Իբրահիմ իբն Աբդել Ազիզ ալ Ասաֆը, որը Քուվեյթի խորհրդաժողովում ներկայացնում էր թագավորությունը:

Իր հերթին Իրաքի ԱԳ նախարար Խոշիյար Զիբարին հայտարարեց 13 մլն տրամադրելու մասին: Հենց այդ արաբական երկիրն է զգալի թվով փախստականներ ընդունել իր տարածքում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը լրացուցիչ 380 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին: Քերին նշել է, որ «հարցը չեկ դուրս գրելը չէ, հարկավոր է հասցնել այդ օգնությունը ժողովրդին»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մեծ Բրիտանիան տրամադրել է լրացուցիչ 100 մլն ֆունտ (165 մլն դոլար)՝ Սիրիայի բնակչությանը օգնելու համար՝ հասցնելով իր հումանիտար աջակցությունը մինչև 990 մլն դոլար: Լոնդոնը կանոնավոր կերպով միջոցներ է տրամադրում սննդամթերքի, դեղորայքի և շարժական կլինիկաների համար: Ըստ տեղի իշխանությունների, Բրիտանիայի հումանիտար օգնությունից արդեն օգտվել է Սիրիայի մոտ 1 մլն քաղաքացի:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Սիրիայի գծով դոնորների առաջին խորհրդաժողովը տեղի ունեցավ Քուվեյթում 2013 թ. հունվարին: Այն ժամանակ Սիրիայի ժողովրդի կարիքների համար հավաքվեց շուրջ 1,5 մլրդ դոլար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---