ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. Հայ զինվորի մահվան լուրը ողբերգություն է

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. Հայ զինվորի մահվան լուրը ողբերգություն է

PanARMENIAN.Net - Հայ զինվորի մահվան լուրը ողբերգություն է: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Երկու կողմերից մահվան դեպքերի աճը վնասում է խաղաղ կարգավորման հեռանկարներին»,- գրել է Ուորլիքը:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ի ծնված Կարեն Գալստյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ավելի վաղ Ուորլիքն իր ափսոսանքն էր հայտնել հայ և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում մարդկանց մահվան կապակցությամբ: Twitter-ի իր էջում նա գրել էր, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է կենտրոնանան խաղաղ լուծման որոնումների վրա: «Լարվածությունը չի բխում նրանց շահերից»,- գրել էր Ուորլիքը:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել էին նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել էր Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել էին Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել էին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---