Ադրբեջանի իշխանությունների հալածանքների պատճառով ընտանիքը ՀՀ-ում ապաստան է խնդրել

Ադրբեջանի իշխանությունների հալածանքների պատճառով ընտանիքը ՀՀ-ում ապաստան է խնդրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի քաղաքացիների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը Հայաստանում քաղաքական ապաստան է խնդրել, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջը:

Երեկ՝ հունվարի 30-ի երեկոյան, «Առավոտ»-ը տեղեկություն էր տարածել, թե հունվարի 29-ին Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող մի ընտանիք՝ հայրը, մայրն ու 3 երեխա, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետումՀայաստանից քաղաքական ապաստան են խնդրել:

Երբ այսօր՝ հունվարի 31-ի առավոտյան կապվեցինք ԱԱԾ, ծառայության մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանն ասաց, որ մեկ ժամվա ընթացքում հաղորդագրություն կտարածեն: Այն ստացանք մի քանի ժամ ուշացմամբ. Ըստ դրա, հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքվի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:

Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնվել է գործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ:

Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը, Օրուջևն անհաջող փորձ է արել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:

Հայտնվելով նման անելանելի իրավիճակում և զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ Միգրացիոն գործակալությունն այժմ զբաղվում է ընտանիքի հետագա ճակատագրով:

Իմիջիայլոց, արդեն այսօրվա հրապարակումում «Առավոտ»-ը գրել էր, թե Հայաստանում քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցիների ընտանիքի հայրը ներկայացել է որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եղբոր թիկնապահ:

Քանի որ Ադրբեջանին ամենամոտը Վրաստանն է, Թբիլիսիում բավականին շատ են սնանկության ու անելանելիության պատճառով Ադրբեջանից գաղթած այդ երկրի քաղաքացիները: Թբիլիսիի կայարանում մի քանի նման ընտանիք է ապրում: Պատմելով իրենց մասին, անունները չեն նշում՝ վախենում են Ադրբեջանում մնացած բարեկամների համար:

Նման մի ընտանիք դեռ 2013-ի ամռանն էր փորձում երկրում ապաստանի թույլտվություն ստանալ: Նրանք հիմնականում գալիս էին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմ, որտեղ հայերն իրենց օգնում էին ինչով կարողանում էին: Ընտանիքն այդքան էլ մեծ չէր՝ ամուսիններ էին: Տղամարդը պատերազմի ժամանակ վիրավորվել էր, կինն էլ բազմաթիվ հիվանդություններ ուներ:

«Հայերից միայն լավն ենք տեսել, շատ ենք ուզում տեղափոխվել: Գյուղում էինք ապրում, Հայաստանում էլ կարող ենք գյուղատնտեսությամբ զբաղվել»: Երկար ժամանակ համոզելուց հետո նրանք համաձայնվել էին լուսանկարվել, հետո էլ աջակցություն խնդրել: Թե ուր են այդ մարդիկ հիմա՝ հայտնի չէ, վիրահայոց թեմում ասում են, որ աշնանից հետո նրանց չեն տեսել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---