4  01.02.14 - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը

ԱԱԽ քարտուղարը՝ դիվերսիաների, ապաստան խնդրող ադրբեջանցիների ընտանիքի ու Քոչարյանի վերադարձի մասին

ԱԱԽ քարտուղարը՝ դիվերսիաների, ապաստան խնդրող ադրբեջանցիների ընտանիքի ու Քոչարյանի վերադարձի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանում ապաստան խնդրած ադրբեջանցիների ընտանիքի հետ աշխատում են համապատասխան կառույցները, որոնք կորոշեն, թե ինչ ճակատագիր նրանք կունենան: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, այդ ամենն որոշակի իրավական ընթացակարգ է պահանջում, որի ուղղությամբ աշխատում են:

Հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ էր դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքվի բնակիչ Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Որոշումը նա հիմնավորվել էր ադրբեջանական իշխանությունների կողմից իր հանդեպ գործածված հալածանքներով, որոնք պայմանավորված էին հայկական արմատներով կնոջ հետ ամուսնությամբ: Օրուջևի խոսքով, նախ համաձայնել էր գործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, այնուհետև անհաջող փորձ արել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, արդյունքում արտաքսվել Բաքու: Ճնշումներից հետո Ադրբեջանի քաղաքացին որոշել էր քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից: Այժմ հարցով զբաղվում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու ՀՀ Միգրացիոն գործակալությունը:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանն և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արձագանքի բացակայությանը, Արթուր Բաղդասարյանը համաձայն չէ, թե ՀԱՊԿ-ը լռում է: Կազմակերպության քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս արձագանքել է այդ սադրանքներին, նշել է Բաղդասարյանը.

«Չենք կարող ակնկալել, որ ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի յուրաքաչյուր դեպքին, ինչքան էլ ողբերգական ու դատապարտելի դրանք չլինեն: Դա նրանց իրավունքն է»,- նշել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս արձագանքել է սադրանքներին, գրում է «Երկիրը»:

Նա նշել է նաև, որ առաջիկայում Բորդյուժան կժամանի Հայաստան, ինչպես նաև խոստացել ևս մեկ անգամ խոսել լարվածության մասին. «Ադրբեջանը նախահարձակ է լինում ու օգտագործում իր դիպուկահարներին, բայց հաջորդ օրը պաշտոնական հաղորդագրություն է տարածում, թե հայկական կողմից եղել է դիվերսիոն հարձակում, ինչն էլ հերքվում է մեր կողմից: Այսինքն` նախահարձակ է լինում ու գցում դիմացինի վրա»,- ասել է նա:

Վերջերս թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ լարվածությունն իրոք մտահոգիչ է, բայց որքան էլ Հայաստանը ցանկանա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտեն Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ՄԽ-ն դա չի անելու, որովհետև նրանց դերը խաղաղություն ապահովելն է:

«Չենք կարող ակնկալել Մինսկի խմբից Ադրբեջանի դատապարտման քաղաքականություն, ուստի կարևորը Հայաստանի ԶՈւ շարունակական ամրապնդումն է: Բանակցային գործընթացը պետք է շարունակվի, պետք է գտնենք խաղաղության բանալին»,- նշել է նա:

ԱԱԽ քարտուղարը նաև խոսել է ներքաղաքական դաշտից: Մասնավորապես, նա անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքական հարթակ վերադարձին, ինչը Բաղդասարյանը չի բացառում:

«Հնարավո՞ր է Քոչարյանը վերադառնա քաղաքականություն. այս հարցի պատասխանը պետք է ստանալ նախևառաջ Ռոբերտ Քոչարյանից, իսկ բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն։ Դա նրա դիրքորոշումն է։ Այսօր ՀՀ քաղաքական դաշտում կան քաղաքական միավորներ, որոնց հետ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է և ունի քաղաքական արդյունավետ գործակցության պատմություն»,- ԱԱԽ քարտուղարի խոսքերն է մեջբերում Tert.am-ը։

Հարցին՝ ինչպես է գնահատում Կառավարության աշխատանքը, Բաղդասարյանը պատասխանել է՝ առավել արդյունավետ ու նպատակաուղղված։ «Խոսքը վերաբերվում է թե՛ ՕԵԿ անդամ նախարարներին, և թե՛ ՀՀ կառավարությանը։ Երկրում կուտակված են լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ և դրանց պետք է առավել համարձակ հայացք նետվի»,- ասել է նա։

Նա ընդգծել է նաև, որ ՕԵԿ-ի մեծ դերը քաղաքական կյանքում՝ նշելով, որ եթե չլիներ ՕԵԿ-ը, ապա երկրի կարևորագույն փաստաթղթերը՝ այդ թվում նաև բյուջեն, չէին հաստատվի։

Անդրադառնալով 2014-ի անելիքներին ու ծրագրերին, ԱԱԽ քարտուղարը նշել է, որ այս տարի կսկսի գործել Ստեփանավանի օդանավակայանը: Այն կօգտագործվի ՀԱՊԿ երկրների ԱԻ նախարարությունների չվերթների, ինչպես նաև քաղաքացիական թռիչքների համար:

Արդեն այս ամսվա վերջին մշակվելու է Հայաստան-Եվրամիություն 2014-15 թթ. գործողությունների ծրագիրը:

«Վերջին զարգացումներից հետո տարբեր կարծիքներ են հնչում: Հստակ հայտարարում եմ՝ շարունակելու ենք գործակցությունն ԵՄ հետ` ինստիտուցիոնալ ծրագրի շրջանակում: 160 գործողություն է իրականացվելու` պետական, հանրային ինստիտուտների արդիականացման, բարեփոխման ուղղությամբ»,- ասել է ԱԱԽ քարտուղարը:

Նա նաև հայտարարել է, որ տնտեսական դաշտում ԵՄ հետ շարունակվելու է գործակցությունն այնքանով, որքանով դա չի խոչընդոտի Մասքային Միության հետ ՀՀ ստանձնած պարտավորություններին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով, փետրվարի վերջին մշակվելու է նաև ՀՀ-ՆԱՏՕ գործողությունների ծրագիրը, որը ներառելու է 122 գործողություն:

Իրանի հետ Հայաստանը շարունակելու է գործակցել էներգետիկայի ոլորտում, հայտարարել է Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, որ այդ գործակցությունը չի հակասի Ռուսաստանի հետ գազային պայմանագրին:

2013-ի դեկտեմբերին Հայաստանը Ռուսաստանի հետ գազային պայմանագիր էր կնքել, ըստ որի 1000 խմ գազի դիմաց պիտի վճարվի 189 դոլար: Օրեր անց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյսին չէր բացառել, որ բանակցությունների դեպքում Թեհրանը Հայաստանին ավելի շահավետ գին առաջարկել: Այնուհետև ՀՀ էներգետիկայի նախարար Արեմն Մովսիսյանը հայտարարել էր, որ բավական երկար բանակցություններից հետո Իրանը պատրաստ չի եղել Հայաստանին արտոնյալ գնով գազ վաճառել:

Սեպտեմբերի 1-ից կգործարկվի նաև ՀԱՊԿ ակադեմիան, իսկ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում կհիմնվի հայ-ռուսական հումանիտար կենտրոն, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը ներդրումներ կանեն: Արտակարգ իրավիճակների դեպքում այն հնարավորություն կտա դիմակայել տեխնածին վիճակներին ու արտակարգ պատահարներին: Բաղդասարյանի խոսքով, առաջիկայում կշարունակվի արդիականացվել հայ-վրացական սահմանը (Բագրատաշեն, Բավրա և Գոգավան), եվրոպացի գործըներներից Հայաստանը կստանա մոտ 20 մլն եվրոյի դրամաշնորհ, որը կօգտագործվի սահմանի տեխնիական վերազինման, և «մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման համար, գրում է Panorama-am-ը:

Ըստ ԱԱԽ քարտուղարի, այս տարի կսկսվեն հայ-իրանական պետական սահմանի արդիականացման աշխատանքները: Եվրոպացի գործընկերներից ստանալու են 500 հազար եվրո դրամաշնոր` սահմանային անցակետ ստեղծելու համար:

Նրա խոսքով՝ Մեղրիում միջազգային չափանիշներին համապատասխան սահմանակետ կկառուցվի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի հետ համատեղ թմրամոլության դեմ պայքարի, կիբերանվտանգության ու կիբերհանցագործությունների դեմ անվտանգության ազգային կենտրոններ կստեղծվեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---