Օպերայի աշխատողները կուտակայինի գումարի փոխարեն աշխատավարձի բարձրացում ստացան

Օպերայի աշխատողները կուտակայինի գումարի փոխարեն աշխատավարձի բարձրացում ստացան

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ի երեկոյան «Անուշ» օպերային եկած հանդիսատեսը հետ գնաց առանց օպերան լսելու: Բանն այն է, որ երգիչները բոյկոլետ էին ներկայացումը՝ այդ օրը ստացել էին հունվարի աշխատավարձը, որը 1974-ից հետո ծնվածների մոտ պակասել էր պարտադիր կուտակայինի պահումների չափով:

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5% այդ աշխատողների անհատական հաշվին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի վճարի:

Առանց երիտասարդներինտեղյակ պահելու, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պահումներ էր արել, ինչպես պարզվեց ավելի ուշ՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդերին հետագայում փոխանցելու համար:

Տապալելով ներկայացումը՝ երիտասարդ գործընկերներին էին միացել նաև մինչև 1974-ը ծնվածները: Ի դեպ, թատրոնում 200-ից ավելի աշխատող կա, ում վրա տարածվում է պարտադիր կուտակայինի մասին օրենքը:

Երեկոյան ավարտելով բողոքը, երգիչները խոստացել էին վերադառնալ առավոտյան՝ շարունակելու: Բայց այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին, երբ Ազատության հրապարակում պիտի մեկնարկեր բողոքի ակցիան, օպերայի աշխատակիցներից ոչ ոք չէր եկել: Ավելի ուշ պարզվեց, որ եկել էին, պարզապես շենքում էին՝ ղեկավարության հետ խորհրդակցության:Պարզվեց նաև, որ հանդիպմանը ներկա էր մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը:

Ավելի ուշ ասացին՝ ղեկավարությունը 20%-ով բարձրացրել է աշխատավարձերը: Ինչպես խորհրդակցությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշել է թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, աշխատավարձերի բարձրացումը տարածվել է թատրոնի գրեթե բոլոր աշխատակիցների (ստեղծագործական անձնակազմի) վրա, բայց տեխնիկական խնդիրների պատճառով այս բարձրացումներն աշխատակիցները կզգան միայն փետրվարի աշխատավարձը ստանալիս:

Մշակույթի նախարարության մամուլի բաժնի փոխանցմամբ, հանդիպմանը ներկա փոխնախարար Պողոսյանը տեղեկացրել է, որ հուլիսի 1-ից «ՀՀ 2014-ի պետական բյուջեի մասին»օրենքի համաձայն, նախատեսվում է մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերիբարձրացում: Պողոսյանի խոսքով, օպերայիթատրոնի ստեղծագործական և այլ ծրագրերիայլընտրանքային ֆինանսավորման հարցը կքննարկվի լրացուցիչ:

Հովհաննիսյանի խոսքով՝ պետբյուջեով նախատեսված էր բարձրացնել միայն նվագախմբի աշխատավարձը, բայց թատրոնի ղեկավարությունը որոշել է սեփական միջոցների հաշվին և մշակույթի նախարարության աջակցությամբ բարձրացնել բոլորի աշխատավարձը, գրում է Սիվիլնեթը:

Իմիջիայլոց, ղեկավարության հետ հանդիպումից դուրս եկող գրեթե բոլոր երգիչները հրաժարվում էին լրագրողների հետ կիսվել հանդիպման մանրամասներով:

Կամո Հովհաննիսյանի խոսքով նաև, պարտադիր կուտակայինի համար աշխատողներից պահված գումարները ֆոնդի կառավարչին չեն փոխանցվել՝ պահվում են թատրոնում մինչև Սահմանադրական դատարանի մարտի 28-ի որոշումը, գրում է Panorama.am-ը: Այն դեպքում, եթե օրենքի վիճահարույց դրույթները հակասահմանադրական ճանաչվեն, գումարներն անմիջապես հետ կվերադարձվեն:

«Եթե որոշվի, որ օրենքն ուժի մեջ է մնում, չենք կարող մարդկանցից միանգամից երեք ամսվա գումար պահել, իսկ եթե հակառակը լինի, մեկ մարդու նման բոլորը կստանան իրենց գումարները։ Պարտավոր ենք մեր օրենքներին ենթարկվել, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ պահել ենք»,- ասել է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով «Անուշի» երեկվա տապալմանը, թատրոնի տնօրենը նշել է, որ«բոյկոտված» օպերայի տոմսերը գնած մարդիկ կկարողանան այն ունկնդրել փետրվարի 23-ին:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---