26 տարի առաջ սկսվեց անկախ Արցախի համար պայքարը, որն ավարտվեց հաղթանակով

26 տարի առաջ սկսվեց անկախ Արցախի համար պայքարը, որն ավարտվեց հաղթանակով

PanARMENIAN.Net - 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

Այս որոշմանը հաջորդեցին բազմահազարանոց ցույցերը Ղարաբաղում ու Հայաստանում:

Ի պատասխան Ղարաբաղի հայերի խաղաղ պահանջի, որոնք կազմում էին ԼՂԻՄ բնակչության 80 տոկոսը, Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց խաղաղ բնակչության դեմ:

1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ Պաշտպանության բանակաը անվտանգության գոտի ստեղծեց ԼՂՀ շուրջ, 1994 թվականի մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի ու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին նույն կողմերի միջև ձեռք բերվեց Հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը գործում է մինչ օրս, թեև ադրբեջանական կողմը մշտապես խախտում է ռեժիմն ու ետ չի տանում դիպուկահարներին:

1992 թ. ղարաբաղյան կարգավորման համար ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում ընթանում է բանակցային գործընթացը, որի նպատակն է նախապատրաստել ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովը, որը կոչված է վերջնականապես լուծելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Ըստ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, փետրվարի 20-ը մեր ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի տոն, որը խորհրդանշում է արցախցիների ազատատենչ ոգին, հայրենի երկրում ազատ ու անկախ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու անսասան կամքը: «Այդ օրինական, խաղաղ ու արդարացի պահանջին ի պատասխան Ադրբեջանը սանձազերծեց կոտորածներ ու բռնի տեղահանություններ եւ մեր նորանկախ պետությանը ներքաշեց արյունահեղ պատերազմի մեջ: Դա չափազանց ծանր ու դժվարին տարիներ էին Արցախի կյանքում: Դիմակայելով անասելի զրկանքների ու փորձությունների, կրելով անդառնալի կորուստներ` մեր ժողովուրդը պահ անգամ չերկմտեց ու չընկճվեց, այլ իր քաջ զավակների կյանքի գնով, աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրների միասնականության ու սխրանքի շնորհիվ կարողացավ պաշտպանել հայրենի հողը: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում եւ սերունդների հիշողության մեջ:

Անցած տարիները եկան ապացուցելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի: Արցախահայությունը շարունակում է կառուցել միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան ժողովրդավարական պետություն, շարունակում է շենացնել գյուղերն ու քաղաքները, կառուցել նոր ճանապարհներ ու ջրատարներ, բնակարաններ ու հիվանդանոցներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, օրեցօր բարելավել մարդկանց կենսապայմանները»,-ասվում է Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---