«Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցումը կախված է Իրանից

«Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցումը կախված է Իրանից

PanARMENIAN.Net - «Հայաստանի հարավային երկաթուղին», որի կառուցման ծրագրերի մասին այս շաբաթ հայտարարել էր գործադիրը, կարող է չիրականանալ, եթե Իրանը երաշխքներ չտա, որ կյանքի չի կոչի Իրանից Ադրբեջան նախատեսված Ռեշտ-Աստարա երկաթգիծը:

Այս մասին, ըստ Civilnet.am-ի, այսօր՝ փետրվարի 21-ին, հայտարարել է 3 մլրդ 200 մլն դոլար գնահատված «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման պատասխանատու «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերություն նախագահ Ջոզեֆ Բորկովսկին` Տրանսպորտի և կապի նախարարությունում մամուլի ասուլիսին: «Պատրաստ ենք ստանձնել անգամ իրանական հատվածի տեխնիկատնտեսական հիմնավորման փաստաթղթերի պատրաստումը։ Եթե իրանական հատվածում երկաթուղի չկառուցվի, ապա Հայաստանում դրա կառուցումը կասկածի տակ կլինի»,- ասել է Բորկովսկին:

Այսինքն` «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցումը կախված է նախագծման փուլում գտնվող «Ռեշտ-Աստարա երկաթուղու» իրականացումից:

Փետրվարի 18-ին կառավարությունում հանդիպմանը Բարկոսվկին հայտնել էր, որ հայկական նախագծի իրականացման ծախսերի 60 տոկոսը` 1 մլրդ 920 մլրդ դոլար, պատրաստ են ներդնել չինական բանկերը:

Արդեն այսօր Բարկովսկին նշել է, որ նախագծով հետաքրքված է Չինաստանի արտահանման և ներմուծման բանկը. «Բանակցություններ ենք վարել չինական մի քանի բանկերի հետ և նախատեսել, որ նախագծի 60 տոկոսը ֆինանսավորումը կիրականացվի չինական բանկերի վարկային միջոցներով՝ տարեկան 3,5 տոկոս տոկոսադրույքով։ Մնացած 40 տոկոսն ակնկալվում է ստանալ բեռներ առաքող և ստացող երկրներից»: Ներդրումները, ըստ Բորկովսկու, հնարավոր կլինի վերադարձնել 30 տարում, վերադարձելիությունն ամրագրված է 5,5 տոկոսի մակարդակում:

«Հայաստանի հարավային երկաթուղու» երկարությունը ըստ նախատեսվածի մոտ 300 կմ է լինելու, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելից, կունենա 27 կայարան: Ըստ նախագծի` երկաթգիծը սկիզբ է առնելու Գավառի մոտակայքից ու ձգվելու է մինչև Մեղրիի մոտակայքը և միանալու է Հայաստանի կենտրոնական երկաթուղային համակարգին:

Ըստ տեխնիկատնտեսական փաստաթղթի՝ երկաթուղով տարեկան փոխադրվելու է 18,3 մլն տոննա բեռ, մինչդեռ Հայաստանի ընդհանուր բեռնափոխադրումները 12,3 մլն տոննա են, որից երկաթուղուն բաժին է ընկնում 26 տոկոսը (3,3 մլն տոննա):

Երկաթուղու շինարարության իրականացման ժամկետը, սակայն, որ նախատեսվում է սկսել 2016-ին, ավարտել 6 տարում, կախված կլինի ֆինանսավորման աղբյուրներից, ինչպես նաև իր տարածքում երկաթգիծը շարունակելու Իրանի պատրաստակամությունից։

Երկաթուղու կառուցման մեկնարկով սկիզբ կդրվի տարիներ շարունակ քննարկվող «Հայաստան-Իրան» երկաթուղու նախագծի իրականացմանը, որի առկայությունը հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել էր Երևանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին: Մինչև այդ անցած տարի Ռեիսին հայտարարել էր, որ հենց Հայաստանը սկսի երկաթգծի կառուցման իր հատվածը, Իրանը կսկսի իր հատվածինը:

«Հայաստան-Իրան» երկաթուղու կառուցումը Հայաստանի կառավարության առաջնային ծրագրերից է: Նախագիծը բազմիցս քննարկվել է երկու երկրների ամենաբարձր մակարդակի հանդիպումների ընթացքում 2006-ից: Իրագործվելու դեպքում «Հայաստան-Իրան» երկաթուղին «Հայաստանի հարավային երկաթուղու» Մեղրի հատվածից շարունակվելու է մինչև Իրանի հյուսիսում գտնվող Մարանդ քաղաքը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---