Ռուսաստանը գնալով խստացնում է միգրանտներին ներկայացվող պահանջները

Ռուսաստանը գնալով խստացնում է միգրանտներին ներկայացվող պահանջները

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունն առաջարկում է խստացնել պահանջներն այն գործատուների հանդեպ, որոնք աշխատանքի են ընդունում աշխատանքային ներգաղթյալների: Ըստ մշակված օրինագծի, «գործատուն ու աշխատանքների պատվիրատուն ապահովում են օտարերկրյա քաղաքացու նյութական, բժշկական ու բնակարանային ապահովման երաշխիքների իրականացման համար անհրաժեշտ միջոցները: Դա վերաբերում է առանց մուտքի արտոնագրի ՌԴ ժամանած աշխատանքային միգրանտին»:

Կառավարությունը նաև առաջարկում է «մուտքի արտոնագիր չպահանջող կարգով ՌԴ ժամանած օտարերկրյա քաղաքացու պարտավորությունների ցանկ սահմանել, որը կտրվի աշխատանքի թույլտվության կամ աշխատանքային թույլտվության երկարացման փաստաթղթի հետ միասին»,-ասվում է փաստաթղթում, որը հրապարակված է ՌԴ կառավարության կայքում: Նշվում է, որ այդ պահանջը իրավաչափ է միայն այն աշխատանքի թույլտվության ու թույլտվության երկարացման համար, որը պահանջում է մասնագիտության առկայություն, հատուկ գիտելիքներ կամ հատուկ նախապատրաստում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ՌԴ Պետդումա է ներկայացվել նաև օրինագիծ, որի համաձայն միգրանտներին չի տրվի աշխատանքի թույլտվություն, եթե նրանք չնշեն, որ հենց աշխատանքային գործունեությունն է ՌԴ այցելության պատճառը: Նախաձեռնության հեղինակը Դումայի Անվտանգության ու հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Իրինա Յարովայան է «Միասնական Ռուսաստանից»:

Մասնավորապես, առաջարկվում է օրենքում արձանագրել, որ աշխատանքի թույլտվություն ստանալու համար ներգաղթյալը պետք է նաև միգրացիոն քարտ ներկայացնի, որտեղ որպես այցի նպատակ նշված է աշխատանքը:

Ավելի վաղ նա ՌԴ-ում մնալու ժամկետների խախտման համար պատասխանատվության բարձրացման մասին ևս մի օրինագիծ էր ներկայացրել, ըստ որի որքան շատ է ներգաղթյալը խախտում ՌԴ-ում մնալու ժամկետը, այնքան տևական կլինի նրա համար մուտքի արգելքը Ռուսաստան:

Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունն օրինագիծ են մշակել, որով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել այն օտարերկրացիներին, որոնք մինչև 10 մլն ռուբլի են ներդրել ՌԴ էկոնոմիկայի մեջ, ինչպես նաև ՌԴ քոլեջներն ու բուհերն ավարտած օտարերկրացի շրջանավարտներին, որոնք առնվազն 3 տարի աշխատել են Ռուսաստանում, գրում է «Կոմերսանտը»:

«ՌԴ քաղաքացիության մասին» օրենքի 14 հոդվածի ուղղումները, որոնք առնչվում են քաղաքացիության տրամադրման պարզեցված կարգին, արդեն քննարկվել են կառավարությունում և, հավանաբար, շուտով կներկայացվեն ՌԴ Պետդումայում: Ինչպես ասվում է բացատրական գրությունում, ուղղումները մշակվել են 2012-2015 թթ. պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրականացման շրջանակում: Ըստ դրա, խնդիրներից մեկը «տարբեր մասնագետների, ձեռնարկատերերի ու ներդրողների վերաբնակեցումն է մշտական բնակության նպատակով, ինչպես նաև պահանջված մասնագիտություններ ունեցող երիտասարդների խթանումը»:

Այժմ պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու համար հիմնականում կարող են դիմել կամ այն օտարերկրացիները, որոնց ամուսինը ՌԴ քաղաքացի է, կամ նրանք, ովքեր ծնվել են նախկին ԽՍՀՄ տարածքում ու քաղաքացիություն չունեցող անձինք են: Փաստաթուղթն առաջարկում է հաշվի առնել եվրոպական փորձը: Օրինակ, Ավստրիայում պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու հավակնորդը պետք է առնվազն 6 մլն եվրո ներդնի երկրի տնտեսության մեջ, Բուլղարիայում՝ առնվազն 512 հազար եվրո գերակա ներդրման ոլորտում:

ՌԴ քաղաքացիություն առաջարկվում է տրամադրել ավելի փոքր գումարի դիմաց: Օրինակ, կարող են հավակնել այն գործարարները, որոնք առնվազն 3 տարի աշխատել են ՌԴ-ում, եթե նրանց ամսական հասույթը 10 մլն ռուբլուց պակաս չի եղել: Բացի այդ, քաղաքացիություն կկարողանան ստանալ այն ներդրողները, որոնց բաժնեմասը ՌԴ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս է: Ընդ որում կանոնադրական կապիտալը պետք է կազմի առնվազն 100 մլն ռուբլի:

Մեկ այլ նորամուծությունը վերաբերում է օտարերկրացի ուսանողներին, որոնք 2002-ի հուլիսի 1-ից մասնագիտական կրթություն ենստացել և քաղաքացիության համար դիմելու պահին արդեն առնվազն 3 տարի աշխատել են ՌԴ-ում:

2014-ի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտան միգրանտների մասին օրենքի ուղղումները: Ըստ դրանց, մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կկարողանան ՌԴ տարածքում մնալ ոչ ավելի, քան 90 օր: Ընդ որում, նրանք կարող են կրկին երկիր այցելել 180 օրից: Մինչ այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք, և մի քանի օր անց կրկին մուտք գործել ՌԴ: Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ այս քայլը թույլ կտա կրճատել ապօրինի միգրանտների հոսքը երկիր, որոնց քանակն արդեն հասնում է 3,5 մլն:

Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ էր հղել իր ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևին, որտեղ հույս էր հայտնում, թե Ռուսաստանը կվերանայի Հայաստանի համար վիզային ռեժիմը: Այսօրվա դրությամբ Երևանը ոչ մի արգելք չի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար:

«Հայաստանն ըմբռնումով է մոտենում ՌԴ ձեռնարկած միջոցներին ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու համատեքստում, սակայն հաշվի չեն առնված Մոսկվայի ու Երևանի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության կարևոր նրբությունները»,- ասվում էր Բաղդասարյանի նամակում:

Ըստ ՀՀ Պետական միգրացիոն ծառայության տվյալների, 2013-ի առաջին կիսամյակում Ռուսաստանի ԴՄԾ տեղական մարմիններում միգրացիոն հաշվառման է կանգնել 275 169 ՀՀ քաղաքացի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---