Ֆրանսիացի խորհրդարանականներ. Միայն ճանաչելով ԼՂՀ անկախությունը՝ կարելի է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում

Ֆրանսիացի խորհրդարանականներ. Միայն ճանաչելով ԼՂՀ անկախությունը՝ կարելի է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նշանակում է նպաստել վերջնական խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում, ասվում է Ֆրանսիայի խորհրդարանի անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանի, Ռենե Ռուքեի և Գի Տեսյեի համատեղ հոդվածում, որը զետեղվել է հեղինակավոր ֆրանսիական Le Monde օրաթերթում:

Ըստ հրապարակման, շուտով կլրանա 20 տարին այն օրվանից ի վեր, երբ 1994 թվականի մայիսի 12-ին համաձայնագիր կնքվեց հրադադարի մասին, որը կասեցրեց տևական և դաժան պատերազմը Լեռնային Ղարաբաղում: Հանուն անկախության այդ պատերազմի արդյունքում նոր պետություն ծնվեց, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, հայկական հողերում, ռուսական, թուրքական և իրանական մշակույթների խաչմերուկում:

«Քսան տարին մի ողջ սերունդ է: Երիտասարդ ադրբեջանցիների ու ղարաբաղցիների սերունդ, որը պետք է միայն խաղաղություն տեսնի, և որի կյանքի ու անվտանգության իրավունքը պետք է ճանաչվի: Սակայն ստիպված ենք արձանագրել, որ եթե պատերազմն ավարտված է, ապա խաղաղությունը դեռ պետք է հաստատվի. հրադադարը խախուտ է փոխադարձ ճանաչման մասին փաստաթղթի և նույնիսկ կողմերի միջև անմիջական երկխոսության բացակայության պայմաններում: Ուստի Ադրբեջանը, ինչպես և Լեռնային Ղարաբաղը, զրկված են նորմալ և խաղաղ զարգացման հեռանկարից»,-նշում են խորհրդարանականները:

Ըստ նրանց, խաղաղության է պետք հասնել: Դա նշանակում է, որ հարկավոր է ճանաչել առկա իրողությունները ու գիտակցաբար, կամավոր նախաձեռնել թափանցիկ երկխոսություն, որի վերջնական նպատակը կլինի կատարված սխալների շտկումը: Սակայն դրա համար անհրաժեշտ են բազմակարծություն ու ժողովրդավարություն երկրներից յուրաքանչյուրում:

«Մենք՝ Ֆրանսիա-Ղարաբաղ խմբի անդամներս, հանդես ենք գալիս հանուն խաղաղության Հարավային Կովկասում՝ կոչ անելով կողմերին իրատես ու պրագմատիկ լինել. ոչ սպառնալիքները, ոչ ռազմատենչ հռետորաբանությունը, ոչ ռազմական գործողությունները չեն համոզի նախկին գաղութին՝ Ղարաբաղին, վերադառնալ Ադրբեջանի «գիրկը»: 20 տարի անց հրադադարի հաստատումից հետո, գրեթե ամեն ամիս շարունակվում են սադրանքները, որոնք հանգեցնում են զինվորականների ու քաղաքացիական անձանց մահվան ադրբեջանական զինվորների կրակոցներից, որոնց հարձակումները չեն կասեցվում: Մեզ համար ճանաչել Ղարաբաղն ամենևին չի նշանակում թշնամանալ Ադրբեջանի հետ: Մենք, ինչպես և Ղարաբաղ այցելած մյուս մարդիկ, անցանկալի անձ ենք ճանաչվել ադրբեջանական ռեժիմի կողմից: Դա ծիծաղելի ու ապակառուցողական վարքագիծ է»,-ասվում է նյութում:

Ֆրանսիացի խորհրդարանականները նշել են, որ խաղաղության հաստատումն առաջին հերթին նշանակում է անցյալի վերքերի բուժում: Ղարաբաղյան հակամարտության ժամանակ կատարվել են հանցագործություններ, որոնք պարզաբանման կարիք ունեն: Դրանց զոհ գնացին հայերը Սումգայիթում, Կիրովաբադում ու Մարաղայում ու մեսխեթցիները՝ Խոջալուում:

«1988 թվականի փետրվարի 27-ի սումգայիթյան ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր մարդիկ, հակամարտության պատճառ դարձան: Դա, անշուշտ, հանգեցրեց ձերբակալությունների ու դատավճիռների խորհրդային իշխանությունների կողմից, սակայն պատժվեցին բացառապես կատարողները: Իրական կազմակերպիչները չենթարկվեցին պատասխանատվության, և այն հանգամանքը, որ սպանությունները կանխամտածված էին, անտեսվեց: Դրանում է ժողովրդավարության հզորությունը՝ վստահ լինել հնարավորությունների առումով, հիմնել անհրաժեշտ հանձնաժողովներ, որոնք կբացահայտեն պատասխանատուներին ու կդատապարտեն իրական մեղավորներին՝ մեղմացնելով ցավն ու նպաստելով հաշտեցմանը»,-նշել են հայտարարության հեղինակները:

Հայտարարության մեջ ասվում է, որ «լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ակնհայտ առաջընթացի վկաները՝ իրենք ուրախ են տեղեկանալու, որ ոչ կառավարական Freedom House կազմակերպությունը մարդու իրավունքների ու ազատությունների եզրափակիչ զեկույցում գնահատել է այն որպես մասնակիորեն ազատ»:

«Մենք համամիտ ենք ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, որը վերջերս նշեց, որ «հակամարտության կարգավորման նպատակը ոչ միայն թշնամանքից պաշտոնապես հրաժարվելն է, այլ նաև ժողովրդների պատմական հաշտեցման հասնելը…կանխելու համար հետագա հակամարտությունները, և որ քաղաքացիական հասարակությունների միջև շփումները կարող են ուղի հարթել»,-ասվում է հայտարարության մեջ:

Խորհրդարանականները հույս են հայտնել, որ իրենց կոչը արձագանք կգտնի ադրբեջանական քաղաքացիական հասարակության շրջանում, որ «նոր ուժերը, որոնք ծնվում են այնտեղ, կկարողանան հրաժարվել ատելության քարոզից ու դեպի ապագան նայեն»:

«Եթե այդ ուժերը հայտնվեն, եթե երկխոսության ու շփումների նախաձեռնություններ հայտնվեն, ապա թող նրանք վստահ լինեն, որ մեր համեստ խումբը հենարան ու զինակից կլինի իրենց համար»,-ասվում է Ռոշբլուանի, Ռուքեի ու Տեսյեի ուղերձում, հայտնում է Panorama.am-ը:

ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչերը, ինչպես նաև բուն ճանաչումը գնալով ավելի մեծ տարածում են ստանում տարբեր երկրներում: Հունվարի 28-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանը հավանություն տվեց ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու ճանաչեց Արցախի անկախությունը: Բանաձևը ներկայացրել էր Խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը: Բանաձևում քաղաքական խորհուրդը հաստատեց իր հավատարմությունը Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը:

Հունվարի 6-ին Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Մայք Գատտոն բանաձև ներկայացրեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին: AJR 32 բանաձևում ասվում է ինքնորոշման ու ժողովրդավարական զարգացման իրավունքի մասին: Ըստ Գատտոյի, որը նաև Հայոց ցեղասապնության ճանաչման մասին բանաձևի համահեղինակներից մեկն է, Կալիֆորնիայի ժողովուրդն ու հայ համայնքը միասնական են ԼՂՀ անկախությանն աջակցության հարցում:

2012 թ. հոկտեմբերի 24-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել ԼՂՀ ճանաչման մասին, որն անկախություն հռչակեց 20 տարի առաջ: Բանաձևով Ավստրալիայի կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու հարաբերություններ հաստատել նրա հետ:

2013 թվականի ապրիլի 23-ին Ֆրեսնոն դարձավ Կալիֆորնիայի առաջին շրջանը, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ընդունվեց բանաձև, որի հեղինակն էր Խորհրդի ղեկավար Անդրեաս Բորգեսը, որով պաշտոնապես ճանաչվում է, որ ԼՂՀ-ն պատմական և ազգային հայկական տարածք է, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը:

2013 թ. ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին, որով կոչ է արվում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին աջակցել ԼՂՀ կառուցողական ներգրավմանը երկարաժամկետ խաղաղության հաստատման գործին ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում:

2012 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատը նմանատիպ բանաձև ընդունեց:

2012 թ. մայիսին այդպիսի բանաձև ընդունեց ԱՄՆ Ռոդ Այլենդի նահանգը, որով կոչ է արվում նախագահին ու Կոնգրեսին ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչպես նաև կոչ է անում ԼՂՀ ժողովրդին շարունակել ազատ ու անկախ ժողովրդի իր զարգացումը:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---