Կարծիք. Եթե «Գազպրոմ Արմենիան» չվերանայի կեցվածքը, կարող է խանգարել ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցելուն

Կարծիք. Եթե «Գազպրոմ Արմենիան» չվերանայի կեցվածքը, կարող է խանգարել ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցելուն

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» կամ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է արագորեն վերանայի իր կեցվածքը, այլապես կարող է քաղաքական տեսանկյունից վնասել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրությանը: Ասուլիսում նման դիտարկում է արել Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանի նախագահը Մոսկվայում հատարարեց Մաքսային միությանը միանալու մտադրության մասին. նա և Վլադիմիր Պուտինը հպանցիկ խոսեցին նաև գազի գնի մասին, որ այն չի բարձրանալու: Այսինքն գազն արգումենտ էր ՄՄ հետ հարաբերություններ սկսելու շեմին, մինչդեռ «ՀայՌուսգազարդն» իր կեցվածքով կարող է փչացնել այդ հարաբերությունները»,- ասել է նա՝ նկատի ունենալով այն փաստերը, որ այդ ընկերությունն իր վարած քաղաքականության հետևանքով արտահանողներին վնասեր է պատճառում, գրում է Panorama.am-ը:

Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրել էր բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների մատակարարման, գազի գնագոյացման, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու մասին հայ-ռուսական համաձայնագրերը։ Այն ստորագրվել էր դեկտեմբերի 2–ին Երևանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի արդյունքում։ Համաձայն դրա` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև

«ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը:

Ինչ վերաբերում է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի՝ Հայաստան այցին ու հայտարարություններին, Մակարյանը նշել է, որ դրանք հիմնականում քաղաքական նպատակ են հետապնդում՝ գազի հարցով այսօրվա իրավիճակը մեղմացնելու, կալորիականության ստուգման հարցով հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ:

«Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն երեկ՝ փետրվարի 26-ին, ինտեգրման գործընթացների վերաբերյալ ընդլայնված կազմով խորհրդակցություն էր անցկացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարության հետ:

Միլլերը կարևորել է «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության ֆինանսատնտեսական, տեխնիկական պահանջներն ու ստանդարտները «Գազպրոմի» նորմատիվային բազային համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Նա միաժամանակ նշել է, որ անցած տարիներին ընկերության արձանագրած ցուցանիշները տեսանելին են, մասնավորապես Հայաստանի գազաֆիկացիան խոշարագույն արդյունք է գրանցել՝ 2002-ի 21 տոկոսից 2014-ին հասնելով 96 տոկոսի:

Միլլերն ընդգծել է նաև վերջին տասը տարվա համատեղ ծրագրերը, որոնց արդյունքներն են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն ու Իրան-Հայաստան գազատարը: Խոսելով հետագա աշխատանքների ու ծրագրերի մասին, «Գազպրոմի» վարչության նախագահը նշել է, որ ընկերությունը ծրագրում է զգալիորեն բարձրացնել «Գազպրոմ Արմենիայի» գործունեության արդյունավետությունն ու դրա առջև դրված նպատակներն և խնդիրները պետք է լինեն բավականին ամբիցիոզ:

Երեկ Ալեքսեյ Միլլերին ընդունել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական էներգետիկ գործակցության ներկա մակարդակին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Նաև անդրադարձ է եղել գազի ոլորտում փոխգործակցությանը՝ ամփոփելով վերջին տարիներին «ՀայՌուսգազարդ» համատեղ ձեռնարկության գործունեության արդյունքներն ու խոսել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հեռանկարային ծրագրերի մասին: Զրուցակիցները խոսել են նաև «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքի մասին:

Արձանագրելով, որ 2002-ից հաջողվել է էապես բարձրացնել Հայաստանում գազիֆիկացման մակարդակը, գազի սպառման ծավալն ու գազամատակարարման հուսալիությունը, կողմերը քննարկել են «Գազպրոմ»-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասի ձեռքբերումից հետո, հետագա համատեղ աշխատանքներին, ինչպես նաև գազի սակագնին և գնագոյացմանը վերաբերող հարցեր:

Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել էին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսի առուվաճառքի մասին պայմանագիրը, ելնելով ՌԴ և ՀՀ միջև կնքված միջկառավարական համաձայնագրից: Գործարքի արդյունքում «Գազպրոմն» իր բաժնեմասային մասնակցությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալին հասցրել էր 100 տոկոսի:

2013-ի Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրել էր բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների մատակարարման, գազի գնագոյացման, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու մասին հայ-ռուսական համաձայնագրերը։ Այն ստորագրվել էր դեկտեմբերի 2–ին Երևանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի արդյունքում։ Համաձայն դրա` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը:

Կառավարությունն իր փետրվարի 20-ի նիստում որոշել էր էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հանձնաժողով ստեղծել, որը կստուգի հանրությանը մատուցվող գազի կալորիականության մակարդակը: Վարչապետի խոսքով, թեև թեմայի վերաբերյալ պարզաբանումներ տրվել են, բայց դեռևս կասկածներ կան` արդյոք կալորիականության ցուցանիշը համապատասխանում է այն պայմաններին, որ ներկայացվել են հանրությանն ու արդյոք գազի որակը փոխվել է:

Գործադիրի ղեկավարը նշել էր, որ պարտավոր են հանրությանը տալ այդ հարցերի պատասխանները. «Մասնագետները եզրակացություն են ներկայացրել, որ գազի կալորիականաությունն անհնար է արհեստականորեն փոփոխել: Այն անհրաժեշտ է ավելի հանրամատչելի ներկայացնել հանրությանը»,- նշել էր վարչապետը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---