Յանուկովիչի առաջիկա մամուլի ասուլիսը, իրավիճակը Ղրիմում և ՌԴ օժանդակությունը թերակղզուն

Յանուկովիչի առաջիկա մամուլի ասուլիսը, իրավիճակը Ղրիմում և ՌԴ օժանդակությունը թերակղզուն

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ի երեկոյան Վիկտոր Յանուկովիչը ժամանել է Դոնի Ռոստով, հայտնում է «Դոն Ինֆորմ Բյուրոն», սեփական աղբյուրների վրա հղումով: Ըստ գործակալության, Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք է կատարել քաղաքի ռազմական օդանավակայանում Մոսկվայի ժամանակով երեկոյան ժամը 10-ին մոտ:

Գործակալությունը պնդում է, որ Յանուկովիչի ինքնաթիռը կործանիչներ են ուղեկցել: Ենթադրաբար, Յանուկովիչը կարող էր կանգ առնել Ռոստովում՝ մասնավոր հատվածում: Թե որտեղից է ժամանել ինքնաթիռը, չի ճշտվում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները փոխանցեցին Վիկտոր Յանուկովիչի հայտարարությունն այն մասին, որ նա դիմել է Ռուսաստանի իշխանություններին սեփական անվտանգությունն ապահովելու խնդրանքով և նրա խնդրանքը բավարարվել է: Մամուլի ասուլիսի անցկացման վայրը չի նշվում: Ըստ «Նովայա գազետայի», միջոցառման կազմակերպմամբ զբաղվում է «Ինտերֆաքս» գործակալությունը, իսկ կմասնակցեն միայն այն լրագրողները, որոնց կհրավիրի գործակալությունը, հայտնում է Lenta.ru-ն: Ղրիմում ձևավորված ինքնապաշտպանական խմբերը ուրբաթ առավոտյան տեղակայվել են Սևաստոպոլի արվարձանում գտնվող «Բելբեկ» օդանավակայանի պարագծով: Ինչպես պատմել են ռազմական աղբյուրները Սևաստոպոլում, զինյալները օդանավակայան են մուտք գործել 23:00-ին: Իրենց գործողությունները նրանք բացատրեցին «գրոհայինների ժամանումը կասեցնելու» ձգտումով: Չհաստատված աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ օդակայանում գործում են ռուս զինվորականներն ու զրահամեքենաներով շտաբը իր կապով: Սակայն ավելի ուշ այդ տեղեկությունները չհաստատվեցին: Ըստ «Ինտերֆաքսի» աղբյուրի, ռուս զինծառայողները ոչ մի կապ չունեն Բելբեկում կատարվող իրադարձությունների հետ: Փետրվարի լույս 28-ի գիշերը մի խումբ զինյալներ արդեն թափանցել են օդանավակայան, սակայն տեղեկությունները հակասական են: Օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով: Ըստ էլեկտրոնային ցուցատախտակի, բոլոր թռիչքները կատարվում են ըստ չվացուցակի:

Ինչևէ, ուրբաթ օրը դադարեցվել են ուղևորատար ավտոբուսների չվերթերը Կրասնոդարից դեպի Ղրիմ՝ Թեոդոսիա, Սիմֆերոպոլ, Սևաստոպոլ: Իսկ ուղևորների տեղափոխումը Օդեսա իրականացվում է Դոնի Ռոստովով: Այդ մասին «Ինտերֆաքսին» են հայտնել «Կրասնոդար-1» ավտոկայանի տեղեկատու ծառայությունում:

Բացի այդ, ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնեցին Կերչի լաստանավային փոխադրումները դադարեցնելու մասին, չեղյալ հայտարարվեցին նաև որոշ ավտոբուսային երթուղիներ: Լաստանավային փոխադրումներն արդեն վերականգնվել են, գրում է INTERFAX.RU-ն:

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը մեղադրել է Ռուսաստանին ռազմական ներխուժման և Ղրիմի օկուպացիայի մեջ: Այդ մասին նախարարի պաշտոնակատարը գրել է Facebook-ի էջում: «Դա ինքնիշխան պետության տարածքում զինյալ արյունահեղության անմիջական հրահրում է»,-հայտարարել է Ավակովը՝ հավելելով, որ կատարվածն արդեն իր գերատեսչության իրավասությունից դուրս է, այն գտնվում է ԱԱԽ և պաշտպանության նախարարության իրավասության շրջանակում: Պետդուման պատրաստ է ցանկացած պահի հավաքվել Ուկրաինայի վերաբերյալ հատուկ նիստ անցկացնելու համար, եթե պահանջվի, հայտարարել է Պալատի խոսնակ Սերգեյ Նառիշկինը: Ելույթ ունենալով ընդլայնված նիստում՝ ՌԴԿԿ անդամ, պատգամավոր Վլադիմիր Ֆեդոտկինը հերթական անգամ արծարծել է նման նիստի անցկացման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ այսօր վերջին նիստն է պատգամավորների շրջաններ մեկնելուց առաջ, իսկ հաջորդ նիստը տեղի կունենա միայն մեկ շաբաթից: «Եթե հարկ լինի, մենք ցանկացած պահի կհավաքվենք պալատի կազմում»,-ասել է Նառիշկինը՝ պատասխանելով խորհրդարանականին:

ՌԴ Պետդուման մտադիր է պարզեցնել դաշնության նոր սուբյեկտների միացման կարգը Ռուսաստանին: Բացի այդ, նախատեսվում է պարզեցնել ՌԴ անձնագրերի հանձնումը Ուկրաինայի քաղաքացիներին: Այժմ փաստաթղթում ասվում է այն մասին, որ ՌԴ-ին որևէ պետության կամ նրա մասի միանալու համար Ռուսաստանի և այդ պետության փոխադարձ համաձայնությունն է պետք: Իսկ նախատեսվում է հետագայում բավարար հիմք համարել «ժողովրդի կամքի արտահայտությունը», օրինակ, ըստ հանրաքվեի արդյունքների: Այն փաստը, որ այդ օրինագիծը «ներկայացվելու է Դումային», հաստատել է «Արդար Ռուսաստան» խմբակցության նախագհի տեղակալ Միխայիլ Եմելյանովը:

Ալեքսանդր Տուրչինովը, որը կատարում է Ուկրաինայի նախագահի պարտականությունները, զգուշացումով հանդես եկավ այս շաբաթ, որ երկիրը մոտ է դեֆոլտին և առաջիկա երկու տարում 35 մլրդ դոլարի կարիք ունի, գրում է Foreign Policy-ում Ֆիլ Լևին: «Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև վերջին իրադարձությունների աշխարհաքաղաքական արտահանման հնարավորությունը, ինչո՞ւ ուղղակի չհավաքել այդ գումարն ու չտալ Ուկրաինային:

Առաջին պատճառն այն է, որ 35 մլդր դոլարը շատ մեծ գումար է, որը հավասար է ԱՄՆ տարեկան բյուջեին, նախատեսված «օտարերկրյա գործողությունների» համար: Հասկանալի է, որ այդպիսի գումարներ փողոցում չես գտնի:

Երկրորդ պատճառը՝ վա՞րկ թե նվեր: Վարկը ավելի ավանդական է և վերադարձի հավանականություն է ենթադրում: Սովորաբար նման ծավալի վարկերը պայմանների հետ են կապվում, բարձրացնելու համար վերադարձի հավանականությունը: Նույնիսկ նորմալ պայմաններում գտնվող երկիրը կարող է մեծ բեռ համարել այդ պայմանները: Կկարողանա՞ն արդյոք այս առաջնորդները նման պլանով շարժվել»,-գրում է Լևին:

«Երրորդ պատճառն այն է, թե ո՞ւմ պետք է հատկացվի գումարը: Կառավարությունը ժամանակավոր է ու չկայացած: Եթե գումարը վարկի տեսքով տրամադրվի, ո՞վ է լինելու երաշխավորը: Ի՞նչ տեղի կունենա, եթե երկիրը մասնատվի:

Չորրորդ պատճառը՝ ի՞նչ կստանա Արևմուտքն այդ փողի դիմաց: Ներդրումները արդարացված կլինեն միայն այն դեպքում, եթե փոխարենն առաջարկվի կայունություն ու տևական խաղաղություն, և Ուկրաինան ընդգրկվի Եվրոպայի ուղեծրում: Ի՞սկ եթե երկու տարուց Ուկրաինան չիրականացնի բարեփոխումները և կրկին դատարակ գրպաններով մնա:

Եվրոպայի ծայրամասում գտնվող այդ երկրի բնակչությունն Արևմուտքի հետ մերձեցում պահանջեց և անիրական է թվում, որ արևմտյան տերությունները ուղղակի կարող են մի կողմ քաշվել: Սակայն, միջամտել կնշանակի խրվել տնտեսական ու քաղաքական խնդիրների մեջ: «Ուստի Վիկտոր Յանուկովիչի հրաժեշտը նախագահությանը, միայն սկիզբն է»,-եզրակացնում է Ֆիլ Լևին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---