Կոնգրեսական. ԼՂՀ անկախության ճանաչումը կկանխի սումգայիթյան ջարդերի նման հանցագործությունների կրկնությունը

Կոնգրեսական. ԼՂՀ անկախության ճանաչումը կկանխի սումգայիթյան ջարդերի նման հանցագործությունների կրկնությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆն ու Դևիդ Սիսիլիանը դատապարտել են Ադրբեջանի կազմակերպած հայկական ջարդերը Սումգայիթում, Բաքվում ու Կիրովաբադում և սատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

«Սումգայիթյան ջարդը պատմության սև էջ է, որը հանգեցրեց հայերի դեմ բռնության տարածմանը նաև Կիրովաբադում ու Բաքվում»,-ասել է Դևիդ Սիսիլիանը: Նա նշել է նաև, որ արդեն 20 տարուց ավելի է Ղարաբաղի ժողովուրդը պայքարում ու զոհվում է հանուն անկախության: Անկախության հռչակման առաջին իսկ օրերից ԼՂՀ-ն թափանցիկ ընտրությունների միջոցով ընտրել է պետական իշխանությունների ներկայացուցիչներին, բաց ժողովրդավարական հասարակություն է կառուցել, և շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն սատարեց նրա անկախությանը:

Իր հերթին Ադամ Շիֆը հայտարարեց. «Իր սարսափելի գործողություններով՝ հայերի կոտորածներով, Ադրբեջանը հիշեցրեց աշխարհին, թե ինչու Արցախի ժողովուրդը պետք է իրավունք ունենա տնօրինելու իր ճակատագիրը և չպետք է հայտնվի Ալիևի «ձեռքերում», որպեսզի 26 տարի առաջ տեղի ունեցած Սումգայիթի ջարդը չդառնա ավելի մեծ կոտորածի նախադեպը: Սումգայիթյան ջարդերի զոհերը չպետք է մոռացվեն, իսկ մենք բարոյական իրավունք ունենք դատապարտելու ատելության հետևանքով հնարավոր դարձած այդ ոճրագործություններն այն հույսով, որ դրանք չեն կրկնվի»,-ասել է կոնգրեսական Շիֆը, հայտնում է Asbarez-ը:

ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչերն ու բուն ճանաչման գործընթացը գնալով ավելի մեծ տարածում են ստանում տարբեր երկրներում: Այդպես, փետրվարի 27-ին Ֆրանսիայի խորհրդարանի անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուքեն և Գի Տեսյեն կոչ արեցին ճանաչել ԼՂՀ անկախությունը:

Հունվարի 28-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանը հավանություն տվեց ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու ճանաչեց Արցախի անկախությունը: Բանաձևը ներկայացրել էր Խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը: Բանաձևում քաղաքական խորհուրդը հաստատեց իր հավատարմությունը Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը:

Հունվարի 6-ին Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Մայք Գատտոն բանաձև ներկայացրեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին: AJR 32 բանաձևում ասվում է ինքնորոշման ու ժողովրդավարական զարգացման իրավունքի մասին: Ըստ Գատտոյի, որը նաև Հայոց ցեղասապնության ճանաչման մասին բանաձևի համահեղինակներից մեկն է, Կալիֆորնիայի ժողովուրդն ու հայ համայնքը միասնական են ԼՂՀ անկախությանն աջակցության հարցում:

2012 թ. հոկտեմբերի 24-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել ԼՂՀ ճանաչման մասին, որն անկախություն հռչակեց 20 տարի առաջ: Բանաձևով Ավստրալիայի կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու հարաբերություններ հաստատել նրա հետ:

2013 թվականի ապրիլի 23-ին Ֆրեսնոն դարձավ Կալիֆորնիայի առաջին շրջանը, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ընդունվեց բանաձև, որի հեղինակն էր Խորհրդի ղեկավար Անդրեաս Բորգեսը, որով պաշտոնապես ճանաչվում է, որ ԼՂՀ-ն պատմական և ազգային հայկական տարածք է, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը:

2013 թ. ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին, որով կոչ է արվում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին աջակցել ԼՂՀ կառուցողական ներգրավմանը երկարաժամկետ խաղաղության հաստատման գործին ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում:

2012 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատը նմանատիպ բանաձև ընդունեց: 2012 թ. մայիսին այդպիսի բանաձև ընդունեց ԱՄՆ Ռոդ Այլենդի նահանգը, որով կոչ է արվում նախագահին ու Կոնգրեսին ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչպես նաև կոչ է անում ԼՂՀ ժողովրդին շարունակել ազատ ու անկախ ժողովրդի իր զարգացումը:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---