Ամերիկյան Մասաչուսեթսում կհարգեն Ցեղասպանության 99-րդ տարելիցը

Ամերիկյան Մասաչուսեթսում կհարգեն Ցեղասպանության 99-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Մասաչուսեթս նահանգի Կապիտոլիում կհարգեն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը։ Նահանգում Ցեղասպանության տարելիցը հիշատակվում է ամեն տարի։ Միջոցառմանը հիմնական զեկուցող լինելու է փաստաբան Մարկ Գերագոսը։ Քննարկվելու է նաև քանդակագործ Դոնալդ Թելալյանի աշխատանքը, որը պատրաստվում են տեղադրել Բոսթոնի Հայկական ժառանգության այգում, գրում է Armenian Weekly-ն։

Միջոցառմանը նաև երիտասարդներ կմասնակցեն։ Սուրբ Ստեփանոսի տարական դպրոցի ու հայկական սեմինարիայի աշակերտները կերգեն America the Beautiful ու Հայաստանի հիմնը։

2013-ի ապրիլի 10-ին Ներկայացուցիչների պալատը և Մեն նահանգի Սենատը ԼՂՀ անկախության ճանաչման մասին համատեղ բանաձև են ընդունել: Այն նաև կոչ է անում նախագահին ու ԱՄՆ Կոնգրեսին նպաստել ԼՂՀ կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերում, ուղղված երկարատև խաղաղության հաստատմանը ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում:

Անցյալ տարվա վերջում Մասաչուսեթսի կրթության միացյալ կոմիտեն հասարակական լսումներ էր անցկացրել ցեղասպանության պարտադիր ուսումնասիրության վերաբերյալ, որին աջակցում էր Մասաչուսեթսի Հայ Դատի հանձնախումբը: Օրինագիծը ներկայացրել է նահանգի կոնգրեսական Ջոնաթան Հեղթը (D- Watertown ) և պահանջում է ուսումնասիրել ցեղասպանությունները, որոնք պետք է ներառվեն բոլոր պետական դպրոցների պատմության ծրագրերում:

2012-ին Բոստոնում Հայ ժառանգության զբոսայգի է բացվել:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---