Ուկրաինայի ԱԳՆ-ն ՀՀ-ին նոտա է հղել՝ պահանջելով վերանայել Ղրիմի հարցով իր դիրքորոշումը

Ուկրաինայի ԱԳՆ-ն ՀՀ-ին նոտա է հղել՝ պահանջելով վերանայել Ղրիմի հարցով իր դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանից պահանջում է վերանայել Ղրիմի հարցով իր դիրքորոշումը։ Այդ մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ԱԳ փոխնախարար Դանիլո Լուբկիվսկին՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արյո՞ք Ուկրաինան կարող է խզել ՀՀ հետ իր դիվանագիտական հարաբերությունները։

«Հիասթափված ենք Հայաստանի դիրքորոշմանը վերաբերող տեղեկություններից։ Այսօր, ինչպես և երեկ, հրավիրել ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանին, նրան փոխանցել մեր մտահոգությունները։ Հայաստանում մեր դեսպանատանը համապատասխան կարգադրություններ ենք տվել։ Այսօր հայկական կողմին նոտա ենք հղել, որտեղ դիմում ենք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը պարզաբանելու համար»,- նշել է նա։

Լուբկիվսկին հավելել է, որ Ուկրաինան դիմում է Հայաստանին՝ կոչ անելով մոտ ժամանակներս հայտարարել, որ երկիրը չի ընդունում Ղրիմի անեքսիան։

«Այժմ սպասում ենք պատասխանի»,- նշել է նա՝ հավելելով, որ անբարյացակամ դիրքորոշումը կազդի Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների վրա։ Հարցին, թե ինչ հետևանքներ կարող են լինել, Լուբկիվսկին պատասխանել է․ «Երկկողմ հարաբերությունների բացասական հետևանքները լայն են․ դրանք կկիրառվեն, երբ ստանանք հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը», գրում է Novosti.dn.ua-ն։

Իսկ մինչև այդ Ուկրաինան խորհրդատվությունների համար Կիև է կանչել ՀՀ-ում իր դեսպան Իվան Կուխտային, հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

«Որոշվել է խորհրդատվությունների համար Կիև կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային»,- լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է նա, գրում է Segodnya.ua-ն:

ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, թե Կիևը սպասում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը:

Մարտի 19-ին հայկական կողմի նախաձեռնությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերն արձանագրել են, որ Ղրիմի հանրաքվեն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:

Նախօրեին Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան մամուլի ասուլիսին նշել էր, որ յուրաքանչյուր երկիր իր դիրքորոշումն արտահայտելու իրավունք ունի, բայց երկրի ԱԳՆ արդեն փոխանցվել են հայկական կողմի դիրքորոշումների մասին տեղեկությունները: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ղարաբաղի դիրքորոշմամբ պայմանավորված հայ-ուկրաինական հարաբերությունների ապագային, ապա դեսպան Կուխտան հավաստիացրել էր, որ այդ հարաբերությունները բոլոր մակարդակներով լավ են զարգանում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշումը հստակ է և անփոփոխ, ասել էր դիվանագետը․ «Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում»:

Անդրադառնալով Ուկրաինայի` Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) լքելու որոշմանը` դեսպանը նշել էր, որ Ուկրաինան «իմաստ չի տեսնում մնալ մի կազմակերպության կազմում, որն օգուտ չի տալիս»:

«Այսքան ժամանակ ԱՊՀ պետությունների արտգործնախարարները ժամանակ չեն գտնում հանդիպելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար և այս դեպքում նման կազմակերպության մաս կազմելն անիմաստ է»,- ասել էր Կուխտան` հույս հայտնելով, որ հակամարտությունը կլուծվի Ուկրաինայի օրենքներին համապատասխան:

Այդուհանդերձ, դեսպանը կարծիք էր հայտնել, որ ԱՊՀ-ից դուրս գալու դեպքում Ուկրաինայի և Հայաստանի միջև վիզային ռեժիմ չի սահմանվի:

Նույն օրը «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային խորհրդաժողովի ժամանակ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը ցավով էր խոսել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին։ Նա, մասնավորապես, ասել էր. «Ցավալի է, որ Հայաստանը Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ նման հայտարարություն է արել»,- նշել էր նա։

Բացի այդ, ուկրաինական «Սվոբոդա» խմբակցությունը կոչ է արել Հայաստանից և Ղազախստանից հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին։

«Որոշ երկրներ սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն։ Մասնավորապես, տեղեկություններ կան Ղազախստանի ու Հայաստանի մասին։ Դա անթույլատրելի է։ Պահանջում ենք շտապ հետ կանչել այդ երկրներում դեսպաններին, կամ արտգործնախարարություն կանչել՝ բացատրություն տալու»,- ասել էր խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը։

Ղրիմում հանրաքվեի արդյունքերն արդեն ճանաչվել են մի շարք երկրների կողմից, այդ թվում՝ Սիրիայի, Ղազախստանի, Արգենտինայի ու Հայաստանի։

Photo: Unian
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---