Թևան Պողոսյանը պատմում է քեսաբահայերի մասին, իսկ ՌԴ ԱԳՆ-ն ու ԱՄՆ կոնգրեսականները հայտարարություններ տարածում

Թևան Պողոսյանը պատմում է քեսաբահայերի մասին, իսկ ՌԴ ԱԳՆ-ն ու ԱՄՆ կոնգրեսականները հայտարարություններ տարածում

PanARMENIAN.Net - Լաթաքիայում ապաստանած բոլոր քեսաբահայերը հաստատապես ցանկանում եմ վերադառնալ Քեսաբ: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում Սիրիայում գտնվող «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը` հավելելով, որ եթե իրենց բնակավայր վերադարձի գործընթացը ձգձգվի, «միտք կա, որ դպրոցը բաց չթողնելու համար երեխաները գան Հայաստան»:

«Բայց բոլորի ցանկությունը վստահաբար Քեսաբ վերադառնալն է»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ մանրամասնները վերադառնալուն պես կներկայացնեն Ազգային Ժողովում:

Արդեն մի քանի օր է Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում: Թուրքական կողմը՝ խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել ապստամբների համար, որպեսզի նրանք գրավեն հայաբնակ շրջանը: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 500 հայ ընտանիք Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում։

Խորհրդարանական պատվիրակությունը Սիրիա էր մեկնել մարտի 25-ին։ Բացի Թևան Պողոսյանից դրա կազմում են հանրապետականներ Սամվել ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանն ու Նաիրա Կարապետյանը, ինչպես նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորները տեղում ծանոթացել են իրավիճակին, այս օրերի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Երևան նրանք վերադռանալու են մարտի 29-ին, այցի արդյունքները կներկայացնեն խորհրդարանին:

Հարցին, թե կա՞ արդյոք Քեսաբ վերադառնալու հավանականություն, պատգամավորը պատասխանեց, որ հավանականություն միշտ էլ կա:

«Քեսաբն ավերվելու վտանգի առաջ է: Թերևս հարկ կլինի մեր հայրենակիցներին օժանդակություն կազմակերպել վերականգնելու իրենց տները»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հարցը քննարկել են բոլոր պաշտոնյալների հետ, ում այս ընթացքում հանդիպել են:

Անդրադառնալով քեսաբահայության տրամադրվածությանն ու կարիքներին, պատգամավորը նշեց, որ բոլորը վճռական են տրամադրված:

«Այսօր նրանց կեցության և սննդի հարցերը լուծված են: Հագուստի մեծ խնդիր նույնպես կարծես չկա: Բայց լուծելու բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին ևս մենք կխոսենք արդեն Ազգային Ժողովում»,- եզրափակեց պատգամավորը:

Պատվիրակությունը նախօրեին հանդիպել էր Սիրիայի նախագահին։ Հանրապետական Սամվել Ֆարմանյանի խոսքով, հանդիպմանը քննարկել են ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել սիրիահայության շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես պատգամավորը մանրամասնեց PanARMENIAN.Net ին, նախագահ Ասադի հետ հանդիպմանը վերջինիս փոխանցել է ՀՀ նախագահի ուղերձները՝ կարծիքը, տեսակետները, պատգամը:

Մարտի 26-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին անդրադառնալով ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի բարձրացրած հարցին, թե ինչպես երիտկազմակերպությունները, որոնք ուզում են նյութական օգնություն ցուցաբերել սիրիահայերին, կարող են այն տեղ հասցնել, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ եթե կա նման հրահավորություն, ապա կարելի է դա կազմակերպել սփյուռքի նախարարության միջնորդությամբ, ինչպես դա արվում էր Դամասկոսի դեպքում։

Քեսաբի դեպքերի կապակցությամբ հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարությունը, ըստ որի Սիրիայում վերջին օրերին իրադրությունը բնութագրվում է լարվածության կտրուկ սրմամբ կառավարական ուժերի և անօրինական զինված խմբավորումների միջև, որոնք փորձում են վրեժխնդիր լինել վերջերս կրած պարտությունների շարքի համար:

«Հիմնական իրադարձությունները ծավալվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Մարտի 21-ին «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» մի քանի հազար հոգանոց խմբավորումները հարձակում են ձեռնարկել Քեսաբի շրջանի վրա՝ Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են: Անօրինական զինված խմբավորումների հարձակումը, որն ըստ Դամասկողի հավաստման, կատարվել է հրետանային աջակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի տարածքից տանկային համազարկերով, հանգեցրել է մի շարք բնակավայրերի, այդ թվում Քեսաբի ժամանակավոր կորստին: Ահաբեկիչների բարբարոսություններից խուսափելու համար Քեսաբի, Սամրայի, Նաբու ալ Մուրի հայ բնակչությունը լքել է տները և սիրիացի զինվորականների պաշտպանությամբ տեղափոխվել Լաթաքիա:

Ծայրահեղականների առաջացումը դեպի Լաթաքիա, որը Քեսաբից 65 կմ հեռավորությամբ է, կանգնեցվել է: Հարձակումը սպառնում էր նաև Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման միջազգային օպերացիային: Սիրիացի զինվորականները զինյալներից հետ են վերցրել ռազմավարական կարևոր բարձունքներ և մտադիր են մոտ ժամանակներս վերջ դնել զինված խմբավորումների առաջխաղացմանը և վերականգնել վերահսկողությունը Քեսապի սահմանային անցակետում՝ Թուրքիայի սահմանի մոտ:

Քեսաբ քաղաքի գրավումն արժանացել է ամբողջ աշխարհի հայության քննադատական արձագանքին: Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ ցույց է եղել՝ Սիրիայում անօրինական զինված խմբավորումների կողմից ազգային և կրոնադավանական փոքրամասնությունների հետապնդմանը վերջ դնելու պահանջով: Միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել Սիրիայի իշխանություններին հայ բնակչության պաշտպանության համար: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ է արել ճնշում գործադրել Անկարայի վրա և նրան ստիպել դադարեցնել աջակցությունը զինյալներին, որոնք հարձակվել են Քեսաբի խաղաղ բնակչության վրա»,- նշված է հաղորդագրությունում, գրում է «Սիվիլնեթ»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքին:

Ռուսաստանի արտգործնախարարությունը խստորեն քննադատում է «ահաբեկչական գործողությունները և խաղաղ բնակչության նկատմամբ այլ հանցագործությունները, այդ թվում սիրիական քաղաքների բնակելի թաղամասերի վրա ոչ թիրախային կրակոցները»:

Մինչ այդ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Քեսաբում վերջին իրադարձությունները Թուրքիայի կողմից նոր Ցեղասպանություն է անվանել։ «Էքստրեմիստների ներխուժումը, Քեսաբից հայերի տեղահանությունը Թուրքիայի ձեռագիրն է։ Այդ ամենի հետևում կանգնած է հենց այդ երկիրը»,– Լիբանանի հայերի կենտրոնական վարչության ներկայացուցիչներին դիմելիս նշել է Արամ Ա-ն։

Այսօր նաև ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանն է Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն արել, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Խորը մտահոգություն հայտնելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ, ՀՀ դեսպանը նշել է, որ Թուրքիայի տարածքից ահաբեկչական խմբավորումների կողմից հայաբնակ Քեսաբի վրա հարձակում է եղել, որի արդյունքում տարհանվել է քաղաքի բնակչությունը:

Դեսպան Կիրակոսյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ծայրահեղական խմբերի կողմից բնակիչների սեփականությանը հասցվել է զգալի կորուստներ, վնասվել են հայկական եկեղեցիները:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը նույնպես հայտարարություն է արել «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկիչների կողմից Քեսաբի հայերի և քրիստոնյաների դեմ իրականացրած հարձակման վերաբերյալ, գրում է Panorama.am-ը՝ հղում անելով Asbarez-ին:

«Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկիչների կողմից Սիրիայի հյուսիսում` Քեսաբ գյուղում, հայերի և այլ քրիստոնյաների դեմ դաժան հարձակումները սարսափելի են: Այս հարձակումները, որոնք, ըստ ստացված տեղեկությունների, ծագել են Թուրքիայում, արտացոլում են անբարոյականության խորացումը, որին հասել է Սիրիայի պատերազմը: Կապ եմ հաստատել Պետդեպարտամենտի հետ և ինձ հավաստիացրել են, որ աշխատում են հայ, սիրիացի և թուրք պաշտոնյաների հետ` պարզելու, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել և ինչպես կանխեն հետագա նմանատիպ բարբարոսությունները»,- նշել է Շիֆը:

«Սիրիայի քաղաքացիական պատերազմը աղետ է Սիրիայի ամբողջ ժողովրդի համար, հատկապես խոցելի փոքրամասնությունների: Արդեն բազմաթիվ ճակատներով աշխատում եմ սիրիացի քրիստոնյաներին օգնելու ուղղությամբ և երաշխավորում եմ, որ մարդասիրական օգնությունը հասնելու է Սիրիայի բոլոր քաղաքացիներին»,- ասվում է հայտարարության մեջ: Քեսաբի դեպքերին արձագանքել է նաև կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ իր խորը մտահոգությունը հայտնելով Քեսաբի սարսափելի իրավիճակով:

«Ըստ տեղեկությունների` ծայրահեղական ուժերը սահմանը հատել են Թուրքիայից անցնելով Քեսաբի տարածք, որը մեծամասամբ բնակեցված է հայերով: Հարյուրավոր ընտանիքներ, իրենց անվտանգության նկատմամբ վախից ելնելով, ստիպված էին լքել իրենց տները: Տեղեկություններ կան, որ ուժերը, որոնք մտել էին Քեսաբ, պղծում են եկեղեցիներ և թալանում հայերի տները: Կապ եմ հաստատել Պետդեպարտամենտի հետ և կոչ արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` օգնելու Սիրիայի հայերին: Թուրքիան պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի` կանխելու ծայրահեղականների հարձակումները հայերի դեմ»,- նշել է Շերմանը:

Մարտի 24-ին Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում նախագահ Սերժ Սարգսյանը մամուլի համար հայտարարություն էր արել։ Նախագահն իր մտահոգությունն էր հայտնել վերջին իրադարձությունների կապակցությամբ` հիշelwv Քեսաբի պատմությունը, «որը վերջին հարյուրամյակի ընթացքում հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»:

Երկրի ղեկավարը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---