Ֆլորիդայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցնի

Ֆլորիդայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցնի

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Ֆլորիդայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցնի: Երթին կմասնակցեն ԱՄՆ տարբեր հայկական կազմակերպությունների և Հարավային Ֆլորիդայում եկեղեցու ներկայացուցիչները: Միջոցառման կազմակերպիչն է Հայոց ցեղասպանության հիշատակի (AGC) կազմակերպությունը: Վերջինիս առաքելությունն է իրազեկել բնակչությանն ու աշակերտներին Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև հիշեցնել, որ պատմությունը կարող է կրկնվել Քեսաբում, որտեղ իսլամիստ ծայրահեղականները թալանել են տեղաբնակ հայերի տներն ու ստիպել են նրանց հեռանալ քաղաքից:

Ըստ Արսին Գալուստյան-Ռոզենտալի, Հայոց ցեղասպանության հիշատակի (AGC) կազմակերպությունը միջոցառումներ է անցկացնում բոլոր նրանց համար, ով ցանկանում է ավելին իմանալ հայերի, նրանց մշակույթի ու ցեղասպանության մասին: «Մենք պետք է մեր ձայները բարձրացնենք ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև Հոլոքոսթի, ասորիների, հույների ցեղասպանության դեմ, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունների դեմ », - ասել է նա, հայտնում է flarmenians.com-ը:

Այսօր Հայոց ցեղասպանությունն երկրորդ ամենաշատն ուսումնասիրվածն է հրեական Հոլոքոսթից հետո: Միջոցառմանը ելույթ կունենա Ներկայացուցիչների պալատի պատգամավորության թեկնածու Դևիդ Սիլվերսը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---