Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է քեսաբահայերի խնդրով ՀՀ ՄԻՊ-ի ուղերձին

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է քեսաբահայերի խնդրով ՀՀ ՄԻՊ-ի ուղերձին

PanARMENIAN.Net - Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը, որը միավորում է հարյուրավոր Օմբուդսմենների ու իրավապաշտպանների ողջ Եվրոպայում, արձագանքել է քեսաբահայության խնդրով Կարեն Անդրեասյանի ուղերձին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը տեղեկացավ Հայաստանի Օմբուդսմեն պարոն Կարեն Անդրեասյանից Սիրիայում, մասնավորապես՝ Քեսաբում, մարդու իրավունքների իրավիճակի մասին: Որպես Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի անդամ՝ Հայաստանի Օմբուդսմենը, իր մոնիթորինգի և միջնորդական առաքելության շրջանակներում, կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերին անհրաժեշտ համագործակցության և օգնության կոչ է անում:

Այս բարդ և ողբերգական հանգամանքներում պետք է շարունակել ջանք չխնայել տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ճգնաժամը խաղաղ ճանապարհով հաղթահարելու ուղղությամբ, ինչպես նաև կառուցողական համագործակցություն հաստատել քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա:

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը հորդորում և կոչ է անում Սիրիայի ճգնաժամի բոլոր կողմերին ներկա ճգնաժամը հաղթահարելու համար կիրառել խաղաղ և ուղիղ երկխոսության ճանապարհը ՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքների լույսի ներքո», հայտնում է Armenia Today-ը:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան: Շաբաթվա սկզբին ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ:

ՌԴ առաջարկությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հերթական նիստում Քեսաբում ստեղծված իրավիճակը քննարկելու մասին մերժվեց: Այժմ սիրիական բանակը հատուկ գործողություն է իրականացնում տարածաշրջանում, հայտնում է piter.tv-ին:

Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը պատմել է լրագրողներին, որ Ռուսաստանի առաջարկը Քեսաբի վերաբերյալ արձագանք չի գտել ԱԽ մշտական անդամների մոտ: Ըստ նրա, ԱԽ անդամներից շատերը սեփական նպատակներն ու խնդիրներն ունեն Սիրիայում:

2014 թ. ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են Ռուսաստանից բացի նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Չինաստանը:

«Ինձ համար միանգամայն պարզ է, ինչու ԱԽ անդամները հրաժարվեցին քննարկել Քեսաբում կատարվածը, որովհետև նրանք սեփական շահերն ունեն Սիրիայում ՝ Բաշար Ասադի տապալումը: Այդ պատճառով աչք են փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է հայերի հետ Քեսաբում»,-ասել է Ջաբարովը:

Ապրիլի 8-ին ԵԽԽՎ-ն գրավոր հայտարարություն է ընդունել Քեսաբի վերաբերյալ՝ «Քեսաբ. Դատապարտելով ահաբեկչական հարձակումը Սիրիայի քաղաքացիների վրա»։

«Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քայիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը։ Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է։

Հաշվի առնելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ հայերի, պաշտպանության հրատապությունը Սիրիայում զինված հակամարտության պայմաններում, մենք խստորեն դատապարտում և համարում ենք անընդունելի նմանատիպ ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ անկախ էթնիկ և կրոնական ինքնությունից։

Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից իր տարածքի օգտագործումը և հետաքննել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբերին։

Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ ապահովելու փախստականների, ներառյալ հայերի, անվտանգությունն ու ապահովությունը, հեշտացնի նրանց՝ սեփական բնակավայր տեղափոխվելու արագ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի պայմանները։ Միջազգային հանրությունը պետք է նաև իրականացնի անփոխարինելի մարդասիրական օգություն՝ փախստականների հրատապ կարիքների լուծման համար»,-ասվում է ընդունված գրավոր հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են ԵԽԽՎ 22 պատգամավորներ՝ Հայաստանից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Մոլդովայից, Սան Մարինոյից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆինլանդիայից, Հունաստանից, Գերմանիայից։

Մինչդեռ LifeNews-ի նկարահանող խումբը մոտեցել է Քեսաբին: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ընդհուպ մոտենալ Քեսաբին հնարավոր չէ՝ բանակը կատաղի մարտեր է մղում ահաբեկիչների դեմ: Ըստ զինվորականների, քաղաքում մոտ 400 գրոհային կա, որոնք 20 հոգու են գերեվարել: Ըստ սիրիական բանակի փոխգնդապետի, որի անունը չի հրապարակվում, «ահաբեկիչներն իսկական սպանդ են կազմակերպել՝ մոտ 60 երիտասարդ սիրիացիների գնդակահարելով բնակիչների աչքի առաջ, մի մասին էլ առևանգել են և տարել Թուրքիա»:

Քեսաբի բնակիչների առաջին ավանները ընդամենը մի քանի կիլոմետրի հեռավորության վրա են Թուրքիայի սահմանից: Մոտ 700 ընտանիք է հասցրել փախչել Լաթաքիա: Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում: Բադրուսի գյուղի բնակիչները պատմել են. «Շատերը հեռացել են տներից ոչ մի բան չհասցնելով վերցնել իրերից: Գույքը Քեսաբում թալանվել է, եկեղեցիները պղծվել են»: Նրանք նաև հաստատել են, որ ահաբեկիչները ներխուժել են Թուրքիայի կողմից. «Դատելով համազարկերից՝ նրանց օգնում էր թուրքական հրետանին, մենք անմիջապես օգնության շտապեցինք հարևաններին»:

Ըստ սիրիացի զինվորականների, մոտ 2,5 հազար գրոհայինները ներխուժել են Սիրիա ոչ միայն Քեսաբի վրա հարձակվելու նպատակով: Նրանք մտադիր էին զավթել ռազմավարական նշանակության թիվ 45 բարձունքը: Դա նրանց հաջողվեց ընդամենը 48 ժամով: Սիրիացիները պնդում են, որ այժմ բարձունքը վերահսկում են բանակայինները: Զինվորականները մտադիր են տարածաշրջանն ազատել գրոհայիններից արդեն մոտ օրերին: Լաթաքիայի հյուսիսում բանակային ստորաբաժանումները վերահսկում են Ջեբալ ալ Հարամիա շրջանը, որը գտնվում է Ջեբալ ան Նեսր շրջանից դեպի հարավ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---