Ավստրիան աջակցում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող բիզնես ծրագրերին

Ավստրիան աջակցում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող բիզնես ծրագրերին

PanARMENIAN.Net - Երևանում ապրիլի 28-ին մեկնարկել է «Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորման» համաժողովը, որն Ավստրիական զարգացման բանկի (OeEB) և Ամերիաբանկի հետ համատեղ կազմակերպել է Ավստրիայի տնտեսական պալատը։

Համաժողովի հիմնական նպատակն է արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող 18 ավստրիական ընկերությունից կազմված գործարար պատվիրակության և հայկական ձեռնարկությունների միջև B2B (Բիզնեսը բիզնեսի համար) ձևաչափով գործակցություն հիմնել՝ հետագայում զարգացման հեռանկարներով։

Համաժողովի բացմանը նախորդող մամուլի ասուլիսին «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց, որ այն երկու երկրների ձեռնարկատերերին փորձի փոխանակման, բիզնես կապերի ստեղծման ու նոր պայմանագրերի կնքման հնարավորություն կտա, որոնց արդյունքում կզարգանա Հայաստանի տնտեսությունն ու նոր աշխատատեղեր կստեղծվեն։

«Ամերիաբանկը Հայաստանում էներգետիկայի ոլորտում ամենաակտիվ ֆինանսական կառույցն է։ Փոքր ՀԷԿ-երի զարգացմանն ու վերազինմանը մենք մոտ 64 մլն դոլարի վարկ ենք տրամադրել՝ ֆինանսավորելով 46 ՀԷԿ»,- նշեց Հանեսյանը՝ հույս հայտնելով, որ գործընկերների հետ հանդիպումները կլինեն արդյունավետ։

Ծրագրի շրջանակում արդյունաբերության ոլորտների համար ավստրիական ընկերությունները բարձրորակ սարքավորումներ են ներկայացնում։ Առավել գրավիչ են հիդրոէներգետիկայի և կենսագազի էնեգետիկայի ոլորտները, որտեղ արդյունավետ գործակցություն ստեղծելու և Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու մեծ հեռանկար կա։

Իր հերթին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման դեպարտամենտի էներգախնայողության և տեխնիկական բաժնի պետ Հայկ Բադալյանը, անդրադառնալով ոլորտի խնդիրներին, նշեց, որ դրանք հիմնականում ինստիտուցիոնալ դաշտում են, այնուհետև հավելեց՝ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներին վերաբերող օրենսդրական դաշտում արդեն իսկ փոփոխություններ են նախաձեռնել։

Իմիջիայլոց, ավստրիական ընկերությունները շահագրգռված են գործակցել հայկական ընկերությունների հետ նաև մետալուրգիայի, ճանապարհների և շենքերի կառուցման, լեռնադահուկային հանգստավայրերի, գարեջրի պատրաստման սարքավորումների, ենթակառուցվածքի, լուսավորման և ներքին հարդարանքի, տեխնիկական սարքավորումների և դեղագործության ոլորտներում։

Ասուլիսին ներկա Ավստրիական զարգացման բանկի տնօրինության խորհրդի անդամ Անդրեա Հագմանը տնտեսության աճն ապահովելու գործում կարևորեց մասնավոր սեկտորի դերը։

«Չնայած տպավորությանը, թե Ավստրիան ու Հայաստանը տարբեր երկրներ են, որոշ նմանություն, այնուամենայնիվ, կա։ Ըստ իս, թե այստեղ, թե Ավստրիայում, ՓՄՁ-ներն ու վերականգնվող էներգետիկան առանցքային կարևորություն ունեն, ինչի հիմքում երկու երկրների լեռնային դիրքն է»,- ասաց Հագմանը՝ ընդգծելով, որ Ամերիաբանկը Հայաստանում այն ֆինանսական կառույցներից է, որը հարմար է այստեղ իրենց նպատակներն իրականացնելու համար։

Իր հերթին Ավստրիական դաշնային տնտեսական պալատի ներկայացուցիչ, ԱՊՀ տարածաշրջանի տնօրեն Հայնց Վալտերը համաժողովը կարևորեց երկար գործակցություն սկսելու տեսակետից։ Նրա խոսքով, իր հետ Հայաստան ժամանած 18 ձեռնարկություն ներկայացնող պատվիրակությունը պատմության մեջ Ավստրիայից եկած երկրորդ գործարար պատվիրակությունն է։

«Դրա կազմում են շինարարական, մետաղամշակման, ոսկերչական սարքավորումների ու տեխնիկական այլ ոլորտներից մասնագետներ»,- մանրամասնեց նա։

2013-ի սեպտեմբերին OeEB-ն ու Ամերիաբանկը 15 մլն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ վարկային գիծ են ստորագրել։ Այն ուղղվել է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների ծրագրերի, ինչպես նաև տեղական փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսավորմանը, ինչն էականորեն կարող է նպաստել Հայաստանում տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։ Նման ձևաչափով հանդիպումներ Ավստրիայի դեսպանատան և առևտրի պալատի կողմից Հայաստանում կազմակերպվում է երկուսից երեք տարին մեկ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---