Սևանից հավելյալ ջրի բացթողման օրենքի նախագիծն ընդունվեց, բայց մեկ տարով

Սևանից հավելյալ ջրի բացթողման օրենքի նախագիծն ընդունվեց, բայց մեկ տարով

PanARMENIAN.Net - «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ քվեարկությամբ, բայց այն տարբերությամբ, որ Սևանից բաց կթողնվի հավելյալ 70 մլն խմ ջուր ոչ թե 5 տարի շարունակ, այլ մեկ տարով։ Խոսքը վերաբերում է Սևանա լճից ջրի բացթողման տարեկան չափաքանակը 240 մլն խմ սահմանելուն, մինչդեռ չափաքանակն այժմ կազմում է 170 մլն խմ:

Մինչ քվեարկությունը ԱԺ–ում նախագծի քննարկման ժամանակ Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշել է, որ Կառավարությունը, հաշվի առնելով հասարակական կարծիքը, մոտեցումները, առաջարկում է օրենքի գործողությունն այս պահին սահմանափակել՝ տեղավորել մեկ տարվա ժամկետում, իսկ առաջիկայում, տարվա բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով, եզրակացությունները կներկայացվեն, գրում է Tert.am-ը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, որ ԲՀԿ-ն առաջարկել էր հինգ տարին սահմանափակել մեկ տարով և քանի որ առաջարկը հաշվի է առնվել, ուստի իրենք կողմ կքվեարկեն. «Առնվազն հասկանալի չէր, թե ինչպես է հնարավոր հինգ տարվա կտրվածքով կանխատեսում անել, չեմ կարծում, որ Նոստրադամուսն անգամ նման կանխատեսում կարող էր անել, սա մենք համարում ենք իրավիճակային ելք, որովհետև տասնյակ գյուղերի բնակիչներ դիմել են ԲՀԿ-ին՝ ասելով, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով զրկված են հողերը ոռոգելու հնարավորությունից, ուստի ԲՀԿ-ն քվեարկում է կողմ՝ հասկանալով, որ խնդիրը պիտի գլոբալ և լրջագույն լուծում ստանա։ Նաև առաջարկում ենք «Սևանի մասին» օրենքի համաձայն՝ Հիդրոմետին, որն անցկացնում է մշտադիտարկում, առնվազն տարին երկու անգամ խորհրդարանին ներկայացնել մշտադիտարկման արդյունքները՝ բալանսի հետ կապված»։

Ապրիլի 28-ին Ազգային ժողովոի դիմաց մի խումբ բնապահպաններ ակցիա էին կազմակերպել: «S.O.S Սևան» նախաձեռնության անդամները պահանջում էին պատգամավորններին դեմ քվերակել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Նրանք նշում էին, որ նախագծի նպատակն է ուղղակիորեն Սևանա լճի մակարդակն իջեցնել և ոչ թե 70 մլն խմ ավել ջուր Սևանից բաց թողել Արարտյան դաշտավայրի ոռոգման ջրի նպատակով.«Դա ձեռնտու է Սևան-Հրազդան կասկադին՝ էնեկգետիկ համակարգի համար, նույն արարատյան արտեզյան ջրերն օգտագործող խոշոր ձկնաբուծարանի տերերին և Սևանա լճի ափին օբյեկտներ ունեցողներին»։

Ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը Գիտությունների ազգային ակադեմիայում ապրիլի23-ին անցկացված տարեկան ընդհանուր հաշվետու ժողովում անդրադարձել է Սևանի խնդրին։ «Սևանը ոչ միայն բնապահպանական օբյեկտ է, այլ նաև քաղաքական, լուրջ ռազմավարական, ժողովրդի գոյատևման օբյեկտն է: Սակայն մենք ճիշտ չենք գնահատում Սևանի արժեքը ժողովրդի գոյատևման համար: Աշխարհում կատարվում են ուսումնասիրություններ, լուրջ քաղաքականություն է մշակվում քաղցրահամ խմելու ջրի վերաբերել: Մի քանի տարի անց քաղցրահամ խմելու ջուրն ավելի թանկ կլինի, քան նավթը, ածխաջրածինները»,- ասել է ակադեմիկոսը, այնուհետև իր խոսքն ուղղելով պետական պաշտոնյաներին, ոլորտի պատասխանատուներին, նշել, թե ինչ հեշտությամբ են քննարկման դնում Սևանից ջուր բաց թողնելու հարցը:

«Տարիներ շարունակ քննարկվում է, թե մեր մակերեսային հոսքի որ տոկոսն է օգտագործվում մեր ժողովորի կողմից, որ տոկոսն է գնում Ադրբեջան: Փոխանակ կազմակերպենք այդ ցանցը, որպեսզի Ադրբեջան ջուր չգնա կամ մինիմալ գնա, ավելացնում ենք Սևանի հոսքը, որից միայն երեսուն տոկոսը կօգտգագործվի մեր ժողովրդի կողմից, մնացած մասը կգնա Նախիջևան: Ինչպես է Ազգային ժողովը գնում նման քայլի, փոխանակ ավելի խիստ դիրքորոշում որդեգրի: Պետք է Ազգային ժողովը, կառավարությունը Գիտությունների Ազգային ակադեմիայի հետ լուրջ քննարկումներ անցկացնի, պետք է խստորեն արգելվի Սևանից ջրի բացթողումը»,-ասել է Ջրբաշյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ելույթին` վստահեցնելով, որ Սևանի ջրից մի կաթիլ անգամ Ադրբեջան չի գնում, ապա շարունակել. «Ազգային ժողովը Սևանի մասին ընդունել է օրենք, որով նախատեսված է, թե ամեն տարի ինչքան ջուր պետք է բաց թողնվի: Հիմնավորումները կատարել է Գիտությունների Ազգային ակադեմիան: Այդ հիմնավորումները նկատի ունենալով, կառավարությունը, Ազգային ժողովը նախատեսել են ֆինանսական միջոցներ, ներդրումներ են արել ու այդ ծրագրով առաջ ենք գնում: Մենք այդ ծրագրից բավականաչափ առաջ ենք անցել: Եթե պրոբլեմներ են առաջացել կապված բնակլիմայական պայմանների հետ, ինչ եք առաջարկում՝ որպեսզի Արարատյան դաշտավայրը ջուր չունենա, այս տարի բերք չունենա, ինչ է հարյուր խորանարդ մետր ջուր չվերցնենք ավելցուկից, որ կուտակել ենք: Այդ դեպքում ամեն ինչ փակենք, հանք, ջուր չօգտագորենք, ասենք այս ամենը պահենք վաղվան, կարող է պետք գա: Ամեն ինչ պետք է օգտագործել խնայողաբար, այնպես, որպեսզի վնաս չհասցվի: Իհարկե, պետք է սերունդների մասին էլ մտածել: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի մեր երկրի զարգացումն առանց վնաս հասցնելու»:

Օրենքում լրացումներ կատարելուն ընդդիմադիր պատգամավորները նշում էին, որ Արարատյան դաշտավայրում ջուր չկա, քանի որ կառավարությունը ձկնարդյունաբերության թույլտվություն է տվել մի շարք կազմակերպությունների, որոնք ձուկ են արտադրել՝ անխնա օգտագործելով արտեզյան ջրերը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---