Ծիրան կուտենք, բայց քիչ. Ցրտահարության հասցրած վնասը կազմում է 11 մլրդ 181 մլն դրամ

Ծիրան կուտենք, բայց քիչ. Ցրտահարության հասցրած վնասը կազմում է 11 մլրդ 181 մլն դրամ

PanARMENIAN.Net - Մարտի վերջին և ապրիլի առաջին օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանում վնասվել է 9.185 հեկտար տարածք՝ մոտ 287 համայնքում 3.700 գյուղացիական տնտեսություն, հիմնականում` Արարատում և Արմավիրում, նախալեռնային ցածրադիր գոտիներում: Տրամադրելով թվերը` ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը նաև նշել է, որ նախնական հաշվարկներով ընդհանուր վնասը կազմում է մոտ11 մլրդ 181 մլն դրամ:

Փոխնախարարի խոսքով, լուրջ կորուստ է կրել ծիրանենին. 6.711 հեկտար տարածքի վրա ամբողջությամբ վնասվել է ծիրանի բերքը: Հայաստանի մի շարք այլ տարածքներում՝ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի տարբեր համայնքներում ծիրանենին էական վնասներ չի կրել, գրում է Panorama.am-ը:

«Չենք ունենա վերամշակման համար անհրաժեշտ քանակություն, արտահանման ծավալները մեծ չեն կարող լինել, բայց շուկայում որոշակի քանակությամբ ծիրան կլինի»,-հավելել է Պետրոսյանը՝ նշելով, որ այս տարի կանխատեսվում է 8.000 տոննա ծիրանի բերք, մինչդեռ նախորդ տարի բերքը կազմել է 89.000 տոննա, որից 23.000-ն արտահանվել է:

Որոշ վնասներ են արձանագրվել սալորենու, դեղձենու, կեռասենու ծաղկած այգիներում: Խաղողի սեղանի սորտերի փոխարինող բողբոջներն արդեն բացվում են. խաղողի բերքի պակաս չի լինի, իսկ տեխնիկական սորտերի բարձր բերք է սպասվում: Վաղահաս կարտոֆիլի ցանքերի հետ կապված վնաս չի գրանցվել:

Ցրտահարությունից վնասներ կրած գյուղացիական տնտեսություններին կառավարությունը կտրամադրի խաղողի սեղանի սորտի 8000 տնկի տրվում է անհատույց:Շուրջ 160 միլիոն դրամ կտրամադրվի աշխատանքի և սոցիալական հարցերի ու գյուղատնտեսության նախարարություններին՝ անապահով, դժվար վիճակում հայտնված գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների ժամանակավոր զբաղվածության խնդիրը լուծելու համար:

ՀՀ կառավարությունն ապրիլի 10-ի նիստում արձանագրել է, որ 2014-ի մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ցրտահարության պատճառած վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ ցրտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին տրամադրելու նպատակով: Սերմացու ձեռք բերելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրվել է «Սերմերի գործակալության» նպատակային հաշվեհամարից օգտագործել 85 մլն դրամ: Սերմացուն տրամադրվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին, որոնք 10-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով սերմացուն հասցնելու են հողօգտագործողին:

Կառավարության հաջորդ որոշմամբ 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի: Բացի այդ, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին կիրականացվի առանց առավելագույն չափաքանակի՝ փաստացի ունեցած հողատարածքի չափով:

Մեկ այլ որոշմամբ տուժած մարզերի մարզպետարաններին հատկացվել է 271 մլն դրամ՝ հողի հարկի և համայնքի բյուջե վճարման ենթակա տարեկան գումարներն այդ վճարները կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով: Բացի այդ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2014թ. վարձավճարները փոխհատուցելու նպատակով ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմին է հատկացվել 487 մլն դրամ: Ակնկալվում է, որ պետական աջակցության շնորհիվ կստեղծվեն համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործման, գյուղմթերքների արտադրության ծավալի և գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացման նպաստավոր պայմաններ:

Մարտի 29-30-ին հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառած կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս չկա: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին:

Մինչ այդ` մարտի 26-ին Հայաստանի ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»-ը տեղեկացրել էր, որ մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---