Քնեսեթի խոսնակ. Որպես հրեաներ, պետք է ճանաչենք հայ ժողովրդի տառապանքները

Քնեսեթի խոսնակ. Որպես հրեաներ, պետք է ճանաչենք հայ ժողովրդի տառապանքները

PanARMENIAN.Net - «Որպես հրեաներ մենք պետք է ճանաչենք հայ ժողովրդի տառապանքները, նույնիսկ եթե մենք ոչ ոքի չենք մեղադրում»,-հայտարարել է Քնեսեթում քննարկման ժամանակ խոսնակ Յուլի Էդելշտեյնը: Հարցն օրակարգում ընդգրկելու համար ներկայացրել է պատգամավոր Զախավա Գալյոնը «Մերեց» կուսակցությունից: Էդելշտեյնն ասել է, որ «քննարկումը չի մեղադրում որևէ երկրի, այլ ցույց է տալիս, որ մենք նույնացնում ենք մեզ կոտորածի զոհերի հետ»,-գրում է The Jerusalem Post-ը: «Մենք վարվում ենք որպես հրեաներ և հավատարիմ ենք արդարությանն ու մի այլ ժողովրդի տառապանքներին: Մենք չենք կարող ժխտել պատմությունն ու շրջանցել մարդկային արժեքները դիվանագիտական կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,-ասել է Քնեսեթի խոսնակը:

Զախավա Գալյոնը կոչ է արել Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչև 100-ամյա տարելիցը: «Կառավարությունը չպետք է ճանաչումը զոհաբերի ժամանակավոր շահերին: Ամեն անգամ, երբ փոխվում է դիվանագիտական իրավիճակն ու մենք հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների չենք ճանաչում Հայոց ցեղասպանությունը, հետո հայտնվում է Mavi Marmara-ն ու մենք պատրաստվում ենք փոխել դիրքորոշումը: Քնեսեթի անդամներից շատերը Հոլոքոսթը վերապրածների զավակներն են: Որպես ազգ, որը վերապրել է Հոլոքոսթը, մենք չենք կարող շարունակել անտեսել Հայոց ցեղասպանությունը հարցին չվերաբերող նկատառումներով»,-հայտարարել է «Մերեց» կուսակցության առաջնորդը: Քնեսեթի նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվլին իր հերթին հիշեցրել է, որ հայերի սպանություններից հետո եկավ հրեաների հերթը: «Նա, ով մտածում էր հարցերը վերջնականապես լուծելու մասին, հուսով էր, որ աշխարհը կլռի, ինչպես դա եղավ հայերի հետ: Ինձ համար դժվար է ներել մյուս երկրներին մեր ողբերգության անտեսումը, մենք էլ չենք կարող անտեսել այլ ժողովրդի ողբերգությունը: Դա մեր բարոյական պարտքն է՝ որպես մարդու ու հրեայի»,-ասել է Ռիվլինը:

Ըստ զբոսաշրջության նախարար Ուզի Լանդաուի, հրեաները բարոյական պարտավորություն ունեն ճանաչելու մարդկային ողբերգությունները, այդ թվում Հայոց ցեղասպանությունը:

Երբ քննարկումն ավարտվեց, հարցը փոխանցվեց Քնեսեթի արտաքին գործերի ու պաշտպանության կոմիտեի քննարկմանը, ոչ թե կրթության: Գալյոնը մեղադրեց ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանին հարցը մեկ այլ կոմիտեի փոխանցելու համար՝ նկատի ունենալով, որ նպատակը հարցն այնտեղ «թաղելն է»:

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը ներկայացվեց Քնեսեթում 2011 թվականին Մերեց կուսակցության կողմից և հանձնվեց կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովի քննարկմանը:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բազմիցս է ընդգրկվել Քնեսեթի օրակարգում Մերեց կուսակցության առաջնորդ Հաիմ Օրոնի ներկայացմամբ, որը 23 տարի շարունակ եղել է Քնեսեթի պատգամավոր: Նա սերտ կապեր ունի Երուսաղեմի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հետ, ինչպես նաև Երուսաղեմում հայ հյուպատոսության հետ: Չնայած, որ Ցեղասպանությունը ճանաչելու նրա բոլոր կոչերն ու հորդորները ձախողվում էին, նա համառորեն բարձրացնում էր այդ հարցը կրկին ու կրկին: Օրոնը թոշակի անցավ 2011 թվականին: Կուսակցության ներկայիս առաջնորդ Զախավա Գալյոնը ձախ ճամբարի ամենավառ ներկայացուցիչներից է վերջին տարիներին: Նրան դասում են ձախ սիոնիստների առավել ծայրահեղական թևին: Քնեսեթի արտաքին գործերի ու պաշտպանության կոմիտեն գլխավորում է Զեև Էլկինը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---