
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը անում է հնարավորը, որպեսզի Ադրբեջանը դառնա ղարաբաղյան կարգավորման բանակցություններում հաջողության հասած կողմ: Նշենք, որ դա նրա ցանկությունը չէ, այլ ԱՄՆ կառավարության: Փաստորեն ԱՄՆ-ն մտադիր է խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում, իսկ վատագույն դեպքում մարտական գործողություններ հրահրել: Սակայն միայն այն, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարեց, որ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը շատ հստակ արտահայտում է ԱՄՆ կառավարության քաղաքականությունը Ղարաբաղի հարցում, հաստատում է դա:
«ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը Քարնեգիի հիմնադրամում շատ կարևոր է: Ուորլիքը շատ պարզ ձևով հասկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի մերձակա յոթ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»,-ասաց նա:
Նրան է ձայնակցում Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների ու բռնի տեղահանվածների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը: «Եթե Ադրբեջանը սկսի ազատագրել իր հողերը, նա կկարողանա ազատագրել ոչ միայն այն տարածքները, որոնք գրավվել են 1990-ականներին, այլ նաև ավելի վաղ»,-ասել է Հասանովը: Մնում է միայն գուշակել, թե որ հողերն է պատրաստվում ազատագրել Ադրբեջանը. Սևա՞նը, Զանգեզո՞ւրը, Երևա՞նը: Իսկ գո՞ւցե խոսքը գնում է ընդհանրապես ամբողջ Հայաստանը «ժողովրդավարական ու զարգացող Ադրբեջանի» մաս դարձնելու մասին: Ադրբեջանցի քաղաքական գործիչների երազանքներն այնքան հեռու են սփռվում, որ վաղը նրանք գուցե ցանկանան «ազատագրել» «Իրանի ու Վրաստանի հինավուրց ադրբեջանական հողերը»:
Հետաքրքիրն այն է, որ Հասանովը հայտարարել է, որ Բաքուն չի ցանկանում հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից, թեև տեսնում է, որ կառույցն «ունակ չէ գործելու»: «20 տարում նրանց աշխատանքն արդյունք չտվեց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ուսումնասիրել են խնդիրը: Բայց ի՞նչ լիազորություններ ունեն համանախագահները: Նրանց պարտականությունների մեջ է մտնում այցեր կատարելը, փաստեր ի հայտ բերելը ու երկրների ղեկավարներին այդ մասին զեկուցելը, ինչն էլ նրանք անում են: Նրանք արդեն այդ խնդրի մեջ են: Եթե փոխելու լինենք գործող ձևաչափն ու նորը մտածենք, ստիպված կլինենք ևս մի քանի տարի սպասել, որ նրանք ծանոթանան հիմնախնդրին ու ուսումնասիրեն այն»,-ասել է Հասանովը և այս հարցում նա իրավացի է: Հավանաբար, Ադրբեջանը հերթական անգամ փորձում է ղարաբաղյան խնդրի լուծումը տեղափոխել այլ միջազգային կառույցներ, մասնավորապես ՄԱԿ: Այնտեղ Բաքուն ունի իսլամական երկրների աջակցությունն ու լայն դաշտ կաշառելու համար:
Սակայն դառնանք ԱՄՆ դեսպանին: «Այդ հայտարարության հիմնական նպատակն է հակամարտության վերջնական խաղաղ կարգավորման անհրաժեշտության կոչն Ադրբեջանին ու Հայաստանին»,-ասել է Մորնինգսթարը: Խաղաղ պայմանագիրը, ըստ ամերիկյան տրամաբանության, կստորագրվի միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը կատարի բոլոր պայմանները: Ընդ որում և Ուորլիքը, և Մորնինգսթարը, և ԱՄՆ Պետքարտուղարությունը հիանալի հասկանում են, որ այդ վեց կետերը կյանքի կոչելն անհնար է: Իսկ եթե հաշվի առնենք, որ Ուորլիքի հայտարարության մեջ խոսք անգամ չկա Ադրբեջանից հայ փախստականների մասին, ապա պարզ է, որ ինչ-որ իմաստով Ալիևների արդեն 25 տարի կրկնվող պնդումները մեկ միլիոն փախստականների ու 20 տոկոս տարածքների մասին, ցավոք, հասել են ԱՄՆ կառավարությանը: Կարծես չեն եղել ջարդերը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում՝ ցուցակը կարող է անվերջ լինել…