Աշնանը Կանադայում Հայոց ցեղասպանությանը նվիրված սիմպոզիում կանցնի

Աշնանը Կանադայում Հայոց ցեղասպանությանը նվիրված սիմպոզիում կանցնի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-3-ը Կանադայի Նյու Բրունսվիքի Մոնկտոնի համալսարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով կանցնի: «Հայոց ցեղասպանության ու զանգվածային հանցագործությունների ներկայացում» թեմայով գիտաժողովի նպատակն է ամփոփել Ցեղասպանության և մարդկայնության դեմ կատարված XIX-XX դարերի բոլոր զանգվածային ոճրագործությունների վերաբերյալ գիտական հետազոտությունները: Թեև գիտաժողովը հիմնականում նվիրված է Հայոց ցեղասպանությանը, ելույթներում կարող են արծարծվել կապերն ու համեմատական ասպեկտները այլ ցեղասպանությունների հետ:

Գիտաժողովում քննարկվելու են հայերի ցեղասպանության ու մյուս զանգվածային հանցագործությունների մասին հավաքական հիշողության փոխանցման խնդիրները, պատմական, մշակութային ու սոցիալ-քաղաքական պայմանները, հուշարձանների տեղադրումը:

Կքննարկվի նաև այն ժամանակ հասանելի վկաների հայեցակարգային իմաստաբանության հարցը, Հայոց ցեղասպանության ու զանգվածային հանցագործություններն անվանելու ու նկարագրելու համար, բռնության տարբեր ձևերի ճիշտ ընկալման արդիականությունը և հետապնդումները՝ կապված Հայոց ցեղասպանության ու զանգվածային հանցագործությունների հետ:

Գիտնականները քննարկելու են նաև Առաջին համաշխարհային պատերազմի կապը Հայոց ցեղասպանության հետ, հաշվի առնելով Օսմանյան կայսրության դերը, միջազգային հումանիտար օգնությունը ճամբարների, առաքելությունների ու բարեգործական կազմակերպությունների միջոցով, գրում է Fabula-ն:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---