Շանհայի գագաթաժողովի հռչակագիրը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել ջանքերը

Շանհայի գագաթաժողովի հռչակագիրը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել ջանքերը

PanARMENIAN.Net - Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության Շանհայի գագաթաժողովն ավարտվեց հռչակագրի ընդունմամբ: Հռչակագրում արտացոլվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում հատուկ հոդված կա ղարաբաղյան կարգավորման մասին:

Փաստաթուղթը ստորագրած կողմերը մտահոգություն են հայտնել առ այն, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծում չի գտնում և սպառնալիքների աղբյուր է մնում միջազգային ու տարածաշրջանային անվտանգության համար: «Մենք սատարում ենք այդ հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի շրջանակում ընդունված փաստաթղթերի ու որոշումների հիման վրա: Այդ նպատակով մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը»,-ասվում է փաստաթղթում:

Հռչակագրում ասվում է նաև, որ մասնակից երկրները պայմանավորվել են, որ «ոչ մի պետություն չի ամրապնդելու իր անվտանգությունը՝ խախտելով մյուս պետությունների անվտանգությունը: Միևնույն ժամանակ, մասնակից երկրները, հիմնվելով ՄԱԿ Կանոնադրության ու միջազգային իրավունքի վրա, պարտավորվել են չսպառնալ որևէ պետության տարածքային ամբողջականությանը և ուժ չկիրառել նրա հանդեպ»:

Փաստաթղթում ասվում է, որ անդամ երկրները կողմ են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ներքին գործերին չմիջամտելուն, օրինական կառավարությունների տապալմանն ուղղված գործողություններին չաջակցելուն, ինչպես նաև կողմ են համատեղ գործակցությանը տնտեսական, սոցիալական, մշակութային ու հումանիտար ոլորտներում:

«Մենք հրաժարվում ենք երկակի չափանիշների կիրառումից միջազգային հարաբերություններում: Անջատողականությունն ու բռնի ծայրահեղականությունը վտանգավոր են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության համար: Անջատողական գործողություններն ու կազմակերպությունները այլ անդամ երկրների տարածքում աջակցություն չեն ստանա, անջատողականների հետ որևէ կերպ հարաբերություններ չեն հաստատվի»,-ասվում է հռչակագրում:

Հռչակագրում արտացոլվել է նաև էներգետիկ անվտանգության հարցը: Անդամ երկները պարտավորվել են զարգացնել ու ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, հաշվի առնելով, որ դա նպաստում է կայուն զարգացմանը ազգային, տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում: Նրանք հայտարարել են, որ էներգետիկ ռեսուրսների ու տեղափոխման երթուղիների դիվերսիֆիկացիան կբարձրացնի էներգետիկ շուկաների մրցունակությունը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---