Ռուս քաղաքագետ․ Հարավային Կովկասը ՌԴ քաղաքականության մեջ կարևորագույն դեր ունի

Ռուս քաղաքագետ․ Հարավային Կովկասը ՌԴ քաղաքականության մեջ կարևորագույն դեր ունի

PanARMENIAN.Net - Կովկասի երկրների միջպետական հարաբերությունների թեման վերլուծելիս նպատակահարմար կլինի այն բաժանել փոխկապակցված խնդիրների երկու բլոկի: Առաջին բլոկը Ռուսաստանի հարաբերություններն են Հարավային Կովկասի երկրների հետ որպես կովկասյան պետության, երկրորդ բլոկը՝ միջպետական հարաբերություններն են Հարավային Կովկասի տարածաշրջանի ներսում:

Էթնոքաղաքական հակամարտությունների թեման առկա է երկու բլոկերում և մեծ, իսկ երբեմն, որոշիչ նշանակություն է ունենում միջպետական հարաբերություններում, ինչպես, օրինակ Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Ռուսաստանի Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: Ըստ նրա, Հարավային Կովկասը մակերեսով ոչ մեծ տարածաշրջան է սահմանափակ բնական ռեսուրսներով: Նրա կարևոր դերը միջազգային քաղաքականության մեջ պայմանավորված է նրանով, որ նախկին ռուս-խորհրդային Անդրկովկասի տեղում մի քանի անկախ պետությունների հայտնվելու հետ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն կարևոր քաղաքական ու ռազմական հարթակ ստացան, ինչպես նաև Ռուսաստանն ու Իրանը շրջանցելով, Կասպից ծովի ռեսուրսներին հասնելու հնարավորություն:

Ռուսաստանի համար Հարավային Կովկասի առաջնայնությունը պայմանավորված է նրանով, որ դա սահմանամերձ տարածաշրջան է, որը սահմանակից է ՌԴ ազգային-քաղաքական տեսակետից ամենաբարդ մասին՝ Հյուսիսային Կովկասին: Տարածաշրջանի աշխարհագրական հարևանությունն ու բարձր ինտեգրումը Ռուսաստանի հետ շարունակում է որոշից լինել այն կարևոր դերի համար, որն ունենալու է տարածաշրջանը ՌԴ քաղաքականության ու տնտեսության մեջ՝ որոշելով այն մարտահրավերների բնույթը, որոնց պետք է դիմակայի Ռուսաստանը իր համար խոցելի ուղղության վրա:

«Հարավային Կովկասում ընթացող գործընթացներն ի սկզբանե դժվարացնում էին երկկողմ նորմալ ու փոխշահավետ հարաբերությունների հաստատումը ինչպես Ռուսաստանի հետ, այնպես էլ այդ տարածաշրջանի ներսում: ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասի ժողովրդները ոչ միայն զարգացման սկզբունքորեն նոր հնարավորություններ ստացան, այլ նաև նոր խնդիրներ, որոնք բխում են պետական սահմաններից, որ բաժանում են տարածաշրջանը, տեղաբնակ ժողովրդների «մասնատված լինելու» մակարդակի աճից, որոնք այժմ ավելի շատ պետությունների տարածքում են բնակվում, քան նախկինում: Հարավային Կովկասում նոր վերնախավերը պետք է օրինականացնեին ստացած անկախությունն ու սեփական իշխանությունը հանրության աչքում: Նախկին խորհրդային հանրապետությունների տարածքում նորանկախ պետությունների ստեղծման պատմական օրինականությունն ու օրինաչափությունը հիմնավորելու կոչված հիմնական գաղափարներից մեկը դարձավ Ռուսական կայսրության, իսկ հետո ԽՍՀՄ կազմում Կովկասի գոյության 200-ամյա պատմության վերանայումը: Ընդհանուր պատմական անցյալից հրաժարվելու ձգտումը երբեմն ստանում էր այլանդակ ու չափազանցված դրսևորումներ: Վրաստանում ագային պատմության սկզբունքորեն նոր հայեցակարգի կառուցման տրամաբանական ավարտ հանդիսացավ Մեծ Հայրենական պատերազմի հերոսների հուշարձանների պայթեցումը, «օկուպացիայի» տեղական թանգարանների ստեղծումը մերձբալթյանների նմանությամբ և այլն: Մեկ այլ հիմնարար գաղափար դարձավ սեփական ժողովրդի ու նրա պատմության իդեալականացումը, որը ներառում է նաև բացասական կարծրատիպերի մշակում ոչ միայն ռուսների ու Ռուսաստանի հանդեպ, այլ նաև հարևան ժողովրդների՝ բացառությամբ միայն նույն ծագումով ժողովրդների: Նոր պետական կառույցների կայացումն ընթանում էր Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում լայնածավալ պատերազմների ֆոնին, ու, մասշտաբով ավելի փոքր, այլ վայրերում»,-նշում է Կռիլովը:

Նա նաև ասել է, որ խորհրդային անցյալին վերջ տալու ու արևմտյան ժողովրդավարության ճանապարհով գնալու տարածաշրջանի պետությունների հռչակած ձգտումը չնպաստեց բազմաթիվ խնդիրների լուծմանը: Ի տարբերություն Արևմուտքի երկրների, Հարավային Կովկասի բոլոր երկրներում տեղի ունեցավ քաղաքական ու տնտեսական վերնախավի սերտաճում, որի հետևանքով մենաշնորհներ հաստատվեցին տնտեսության առավել շահավետ ճյուղերում: Դա բերեց հասարակության արագ շերտավորման, բնակչության մեծ մասի համար անկախ զարգացման առաջին երկու տասնամյակները բերեցին աղքատացում և կյանքի որակի կտրուկ անկում: Այս պայմաններում իշխանությունները ձգտում էին հասարակության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից՝ սոցիալ-տնտեսական ու էթնոքաղաքական, Ռուսաստանի կողմից «արտաքին սպառնալիքի» վրա: «Հետխորհրդային շրջանը աչքի ընկավ Կովկասի տարբեր հատվածների միջև տարբերությունների կտրուկ աճով: Տարածաշրջանն ապշեցուցիչ արագությամբ կորցրեց տնտեսական, սոցիալական ու քաղաքական կյանքի նախկին ընդհանրությունը: Հյուսիսային Կովկասն իր ուղիով է զարգանում ռուսական պետության կազմում, իր վառ արտահայտված տարածաշրջանային առանձնահատկություններով: Հարավային Կովկասում ԽՍՀՄ փլուզումից 22 տարի անց ձևավորվել են միանգամայն տարբեր հանրություններ ու պետություններ, ընդ որում ապաինտեգրման միտումները գերակայում են ինտեգրացիոն միտումների վրա: Միաժամանակ երեք միջազգայնորեն ճանաչված պետությունների հետ այստեղ այժմ կան երկու «մասնակի ճանաչված» պետություններ՝ Աբխազիան ու Հարավային Օսեթիան, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը շարունակում է մնալ տարածաշրջանի միակ չճանաչված պետությունը: Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո նրանց ստացած անվտանգության երաշխիքները քիչ հավանական են դարձնում հակամարտության վերսկսման հնարավորությունը: Իսկ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը չի բացառվում և այստեղ շատ բան կախված է այն գործընթացներից, որոնք տեղի կունենան առաջիկա տարիներին Հարավային Կովկասի սահմաններին մոտ գտնվող մեծ Մերձավոր Արևելքում»,-ասել է Ալեքսանդր Կռիլովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---